Մատչելիության հղումներ

Խուլ եւ համրերի խնդիրներից մեկը կլուծի երիտասարդական նախաձեռնությունը


Այսօր հաշմանդամների խնդիրները շատ են եւ բոլորն էլ ուշադրության կարիք ունեն: Նրանց խնդիրներով մտահոգվել են նաեւ երիտասարդներն ու սկսել մշակել ծրագիր, մասնավորապես, խուլ եւ համր մարդկանց համար:

Ծրագրի համահեղինակներից Սեդա Մուրադյանը նշում է, որ «Ձայն» հեռախոսային հավելվածի շնորհիվ խուլ ու համր մարդիկ կարող են հեշտությամբ հաղորդակցվել հեռախոսի միջոցով. - «Լինելու են ձայնագրված տարբեր հաղորդագրություններ, օրինակ` խնդրում եմ կանգնել այս կանգառում կամ ինչ արժե այս ապրանքը»:

Հեղինակները նշում են, որ իրենց կատարած յուրաքանչյուր աշխատանք հիմնված է խորը ուսումնասիրությունների վրա: Հեղինակներից Փառանձեմ Հովհաննիսյանը` մասնագիտությամբ լրագրող եւ արտթերապիստ, աշխատում է նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ: Փառանձեմը նշում է, որ գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ հերթական պարապմունքից ուշացան խուլ, համր երիտասարդները: Պատճառը երթուղայինից ժամանակին իջնել չկարողանալն էր` մինչեւ վարորդին հասկացրել էին, որ ցանկանում են կանգառում իջնել, իրենց կանգառից երկու կանգառ արդեն անցել էին: Սկսեցին դաշտն ուսումնասիրել` պարզելու թե էլ որ ոլորտներում են այդ մարդիկ առնչվում նման խնդիրների հետ:

«Խուլերը բողոքում էին, որ խնդիրներ են ունենում սոցապ նախարարությունում: 6 ամիսը մեկ իրենց թոշակները վերահաշվարկվում են, եւ ամեն անգամ իրենցից նոր փաստաթուղթ են ուզում, բայց էնտեղ թարգմանիչ չկա, որպեսզի իրենք կարողանան հասկանալ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն: Խնդիրներ են լինում անձնագրային բաժիններում եւ այլն», - նշում է Փառանձեմը:

Երկար զրույցներից, քննարկումներից եւ ուսումնասիրություններից հետո աղջիկները որոշեցին` խնդիրը լուծելի է նորագույն տեխնոլոգիաների միջոցով`այս դեպքում լուծումը բջջային հեռախոսներն են:

Դիմեցին ծրագրավորողներին: Աշխատանքը հետաքրքիր ու կարեւոր էր նաեւ երիտասարդ ծրագրավորողների համար: Արթուր Գրիգորյանն ու Մուշեղ Նալթաքյանը միացան խմբին: Ձեւավորվեց 4 հոգուց բաղկացած թիմ ու անցան գաղափարի իրագործմանը: Հենց այս նախագծով թիմը մասնակցեց առաջին Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթ-փառատոնին: Հեքըթոնը ծրագրավորման եւ նախագծերի մրցույթ է ուղղված համատեղ ուժերով եւ նոր տեխնոլոգիաների միջոցով առկա կամ առաջադրված խնդիրների լուծմանը:

«Մենք չենք մտածել գումարի մասին, աշխատանքի վարձատրության մասին, մենք գաղափարով ենք եղել ոգեւորված», - նշում է Սեդան:

Թիմը շահեց գլխավոր մրցանակն ու եւս մեկ մրցանակ, որպես լավագույն սոցիալական ծրագիր:
«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Սեդան նշում է. - «Սա մրցանակ չէ պարզապես, որ տրվել է թիմին, այլ մենք սա ընկալում ենք որպես ֆինանսական ներդրում նախագծում, եւ այդ գումարներով մենք անելու ենք մեր հետագա քայլերը շատ ծրագրեր ունենք»:

Այսօր թիմն աշխատում է այն կատարելագործելու եւ վերջնական տեսքի բերելու ուղղությամբ:

Ծրագրավորողները նշում են, որ ամեն ինչ իրագործելի է, միայն ժամանակ ու համբերություն է հարկավոր: Մուշեղ Նալթաքյանի խոսքով, իրագործել են նախագծի չնչին տոկոսը միայն. - «Մենք հասել ենք նրան, որ ստանդարտ, ֆիքսված քանակությամբ ձայնագրություններ տեղադրել ենք հեռախոսի մեջ եւ արդեն հնարավոր է կիրառել, բայց դա դեռ դեմո տարբերակն է, ինքն իրենից մեծ հաշվով շատ բան չի նեկայացնում»:

Իսկ հարցին, թե արդյոք նման փորձ այլ երկրներում եղել է, թիմի անդամները պատասխանեցին, որ արտասահմանում մեկ-երկու փորձի հանդիպել են, բայց թերի տարբերակներով, իսկ Հայաստանում առաջինն են:

Ծրագրավորողներից Արթուր Գրիգորյանը նշում է. - «Փաստն այն է, որ այս պահի դրությամբ ոչ ոք այդ գաղափարը չի իրագործել եւ մենք համարձակվել ենք այդ միտքն իրագործել, որը կդարձնենք կիրառելի նաեւ արտաքին շուկայում»:

Սեդան նշում է. - «Թիմի համար այսօր առաջնային խնդիր է հայկական շուկայում թողարկել հավելվածը, որը կլինի անվճար, միաժամանակ բանակցություններ տանել տեղական շուկայում գործող բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետ եւ փորձել գտնել հետաքրքիր լուծում, երբ մենք այդ հավելվածը կկարողանանք անվճար հեռախոսների հետ տրամադրել Հայաստանում ապրող խուլ եւ համր մարդկանց»:

please wait

No media source currently available

0:00 0:06:43 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG