Մատչելիության հղումներ

«Արվեստն այսօր պահանջարկ չունի»


«Մոսկվա» կինոթատրոնի շենքը Երեւանում:
«Մոսկվա» կինոթատրոնի շենքը Երեւանում:

Կինոգետ Գարեգին Զաքոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե մեզանում արվեստն այսօր պահանջարկ չունի:

Հարցին, թե ինչ է հարկավոր անել, մասնավորապես, հայ կինոյի զարգացման համար, Զաքոյանը պատասխանեց. - «Առաջինը, կարեւոր է, որ այդ գործը նորմալ, լուրջ մարդիկ ղեկավարեն: Երկրորդը, կինոթատրոններ ունենալ, որ կինո լինի, առանց կինոթատրոն կինո չկա: Երրորդը` փողով ինստիտուտ մարդ չընդունեն»:

Դիտարկմանը, թե խորհրդային տարիներին նկարահանվում էին լավ հայկական ֆիլմեր, իսկ անկախության տարիներին դա այնքան էլ չի հաջողվում, կինոգետը արձագանքեց. - «Արվեստը ազատություն չի սիրում: Արվեստն ինքը սահմաններ է, կանոններ է, օրենքներ է»:

Զաքոյանի համոզմամբ, հայ կինոյի զարգացման համար ֆինանսական խնդիրներն էլ էական չեն:

«Փողը ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի: Ընդհանրապես արվեստի զարգացման համար փողը շատ քիչ նշանակություն ունի: Փողը լիքն է: Աշխարհով մեկ միլիոն գրանտեր կան, միլիոն ձեւի ֆոնդեր կան», - ասաց նա:

Հաջորդ հարցին, թե ինչու ոչ ոք դրանով չի զբաղվում, կինոգետը պատասխանեց. - «Նախ, ոչ ոք հետաքրքրված չէ… Պահանջարկ չունի արվեստն այսօր… Ես դասախոսում եմ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում: Շատ լավ երեխաներ են` խելոք, լավ, տաղանդավոր լիքը երեխեք կան: Բայց հետո ի՞նչ են դրանք լինում, ո՞ւր են կորչում... Ես չգիտեմ: Գնում են հեռուստատեսություն, ախմախ-ախմախ բաներ են անում: Մեր հեռուստատեսությունը ընդհանրապես ճաշակ եւ տաղանդ սպանող տեղ է»:

Հեռուստատեսությունից խիստ դժգոհ է նաեւ արվեստաբան Լեոն Իգիթյանը, ով համոզված է, որ արվեստի զարգացումը խթանելու գործում մեծ է հենց հեռուստատեսության դերը:

«Հեռուստատեսության կուրսը պիտի կիրթ, ուսյալ մարդկանց ձեռքին լինի: Այսօր ամենահզոր զենքը հեռուստատեսությունն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա` հարցնելով. - «Երբ հեռուստատեսություն եք նայում Երեւանում, դուք այդ պահին հիշո՞ւմ եք, որ մեծ մշակույթի տեր ենք: Մերոնք են, չէ՞, այդ բոլորը: Բոլորը հայեր են, չէ՞ այդ բանը անողները»:

please wait

No media source currently available

0:00 0:05:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG