Մատչելիության հղումներ

Հունվարի 11-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. – «Հայաստանի քաղաքական դաշտը, ի տարբերություն միջազգային ասպարեզի, բավական դանդաղ է արթնանում տոնական թմբիրից: Տարվա արդեն տասներորդ օրն է, իսկ Հայաստանում դեռեւս որեւէ նշանակալի իրադարձություն այդ իմաստով տեղի չի ունեցել, անգամ` հայտարարության մակարդակով: Բանն այն է, որ Հայաստանում առկա կարեւորագույն, կենսական հիմնախնդիրների բազմազանությունն ուղղակի հրամայական է դարձնում օգտագործել ամեն մի օրը, ժամը, րոպեն, որպեսզի երկիրը դուրս գա չափազանց ծանր սոցիալ-հոգեբանական եւ տնտեսաքաղաքական իրադրությունից, որպեսզի հաղթահարվի աղքատությունն ու ազգային աղետ հանդիսացող արտագաղթը, որպեսզի հաղթահարվի իրավական վակուումը եւ ամենաթողությունը: Սակայն Հայաստանում ոչինչ չի կատարվում, կարծես մենք աշխարհի ամենաանհոգ երկիրն ենք, որը չունի խնդիրներ եւ որին մնացել է միայն տոնել ու տոնել իր նվաճումներն ու ձեռքբերումները: Իրականում սա, իհարկե, ոչ թե անհոգության, այլ անհամարժեքության արտահայտություն է»:

«Չորրորդ ինքնիշխանութան» մեկնաբանը գրում է. - «Ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցությունն ահավոր բարիացել է: Նկատի ունենք այն, որ ՀՀԿ-ն թեեւ դեմ է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելուն, բայց մեծահոգաբար թույլ է տալու, որ հարցը մտնի Ազգային ժողովի օրակարգ: Իսկ գիտե՞ք, թե ինչու է ՀՀԿ-ն դեմ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին… Իրականությունն այն է, որ մեծամասնական ընտրակարգը իշխող կուսակցությանը բոլորովին այլ բանի համար է պետք: Մեխանիզմը հետեւյալն է. Սերժ Սարգսյանը տվյալ ընտրատարածքը «նայողին» թույլ է տալիս առաջադրվել` պայմանով, որ նա ոչ միայն իր համար աշխատի, այլեւ կուսակցության: Նա էլ, քանի որ այսպես թե այնպես ընտրակաշառքով-բանով պիտի պատգամավոր դառնա, այդ ընտրակաշառքի դիմաց պահանջում է նաեւ կուսակցության օգտին քվեարկել: Այսինքն` տեղի է ունենում պարզ գործարք. նա իր հաշվին տվյալ ընտրատարածքում «անցկացնում է» ՀՀԿ-ին եւ որպես փոխհատուցում` ստանում մանդատ: Շահում է ե'ւ կուսակցության վերնախավը, ե'ւ իշխանական համակարգն ամբողջությամբ, որովհետեւ «լրացուցիչ» 41 պատգամավոր է ունենում»:

«Պատրա՞ստ է Բարգավաճը աջակցել ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է հարյուր տոկոսանոց համամասնական համակարգին». «Հայկական ժամանակ»-ի այս հարցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատասխանել է. - «Բնական է, որ մենք չենք կարող աջակցել` պայմանավորված այն հանգամանքով, որ որքան էլ այս պահին առաջարկը ներկայանա տրամաբանական, բոլոր դեպքերում կարող է ավելորդ իրարանցում առաջացնի»: Ըստ Բոստանջյանի, ԱԺ-ում գարնանային նստաշրջանի ժամանակ քվորում էլ չի լինելու, եւ նա կարծում է, որ նախաձեռնությունը չի անցնելու: Ինքը` Բոստանջյանը, ինչպես հավաստիացնում էր թերթի հետ զրույցում, որեւէ խնդիր չունի եւ կաջակցի խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը, բայց ինքը վստահ չէ, թե այս հարցում ինչ դիրքորոշում կորդեգրեն ԲՀԿ-ական մյուս պատգամավորները. - «Ես բոլորի փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց առաջարկն այնքան տրամաբանական է, որ նման հարցադրմանը գոնե իմ կողմից բացասական վերաբերմունքն ուղղակի նշանակում է, որ ես ինքս ինձ հակասում եմ»:

«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Ընտրակաշառքների բաժանման մրցավազքը, առանձին շտաբներ ձեւավորելու գործընթացները, արվող հայտարարությունները կարծես հստակեցնում են, որ կոալիցիոն կուսակցություններն ընտրություններին գնալու են առանձին ցուցակներով: Դա, իհարկե, դրական է ընտրություններում մրցակցային մթնոլորտի ապահովման առումով: Սակայն, մյուս կողմից, անհասկանալի դրություն է ստեղծվում կոալիցիոն հուշագրի շուրջ: Առանձին ցուցակներով ընտրություններին գնալը ենթադրում է մրցակցություն նաեւ կոալիցիոն ուժերի միջեւ, որը հակասում է հուշագրի այն դրույթին, թե կոալիցիոն ուժերը միմյանց դեմ չեն մրցակցելու: Եթե խախտվում է այս առանցքային պայմանավորվածությունը, ուրեմն հուշագիրն այլեւս առոչինչ է, որը պարտադիր պետք է հաստատվի պաշտոնապես: Որովհետեւ եթե դա չի արվում, եւ կոալիցիան շարունակում է գործել նույն տրամաբանությամբ, ինչպես ձեւավորվել է, ուրեմն ոչ թե ընտրություններ են լինելու, այլ կանխորոշված ելքով պարզունակ բեմադրություն»:

«Առավոտ»-ի հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասում է. - «Ես պետք է ասեմ, որ այսօրվա Հանրապետականը այլեւս 2007-ի Հանրապետականը չէ, մենք փոխվել ենք, աշխարհայացքային փոփոխություններ կան, մեր քաղաքական դիրքորոշումներում փոփոխություններ կան: Գիտեք, որ 2008-ին շատ դժվար էր, Մարտի մեկ եղավ եւ այլն, եւ բոլորն էլ շփոթմունքի մեջ էին՝ եւ պետությունը, եւ հասարակությունը, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, որովհետեւ ոչ մեկը չէր ցանկանում, որ կատարվեր այն, ինչ կատարվեց: Դրանից հետո մենք բռնեցինք բարեփոխումների ուղին, բայց քանի որ Մարտի մեկը եւ մյուս խնդիրները մեզ հետ գալիս էին, բարեփոխումները շատ չէին զգացվում: Իսկ արդեն այս վերջին տարում տեսաք, թե ինչպես արագացավ բարեփոխումների ընթացքը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG