Մատչելիության հղումներ

Բուհերում մեկնարկել են կիսամյակային քննությունները


Արդեն մի քանի օր է, ինչ բուհերում մեկնարկել են կիսամյակային քննությունները:

Երեւանի պետական համալարանում քննություններն անցկացվում են հիմնականում բանավոր համակարգով:

Քննասենյակների դիմաց կանգնած ուսանողները, ովքեր աչքի էին անցկացնում դասախոսությունները, «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեցին, որ քննությունները լավ հանձնելու գրավականը տարվա ընթացքում սովորելն է, եւ այս առումով իրենց օգնում է նաեւ կրեդիտային համակարգը:

Հայաստանի մի քանի բուհեր արդեն անցել են գրավոր կամ թեստային համակարգերի: Երիտասարդների մի մասը կողմնակից է բանավոր քննություններին, քանի որ թեմայի շուրջ ծավալվելու հնարավորություն է տրվում:

Սակայն քիչ չեն գրավորը նախընտրողները: Ուսանողների խոսքով, դա նվազեցնում է կաշառակերության դեպքերը: Թեեւ, իհարկե, այս դեպքում էլ կարելի է այլընտրանքային միջոցներ գտնել:

«Դասախոսը հուշում է քննության ընթացքում, տետրերն է փոխում հետո, սխալների ուղղում է կատարում եւ այլն», - ասացին ուսանողները:

Երեւանի պետական համալսարանի անգլերենի դասախոս Ամալյա Բաբայանը, ինչպես շատերը, նախընտրում է գիտելիքների ստուգման բանավոր տարբերակը. - «Մանավանդ լեզուն առանց բանավոր քննության հնարավոր չէ ստուգել»:

ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոբյանը նշեց, որ հատկապես քննաշրջանի ընթացքում իրենց շատ են դիմում ուսանողները` դժգոհելով դասախոսների սուբյեկտիվ վերաբերմունքից եւ կոռուպցիայից:

«Մեր առաջարկով եւ պահանջով այժմ քննությունները բաց են անցկացվում: Քննության ժամանակ բոլոր ուսանողները կարող են մտնել քննասենյակ եւ տեսնել, թե ինչպես են հանձնում, պատասխանում համակուրսեցիները: Մեր խորհրդի անդամները եւս կարող են մասնակցել», - ասաց նա:

Ուսանողների բողոքները, ըստ Ակոբյանի, նվազել են, սակայն դա դեռեւս չի նշանակում, որ կոռուպցիայի դեմ պայքարը տալիս է իր արդյունքները:
XS
SM
MD
LG