Մատչելիության հղումներ

«Ղարաբաղի դեպքում պետք են նոր մոտեցումներ»


Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյան
Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյան
Ղարաբաղցի քաղաքագետ, Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը գտնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտություն կա:

Համաձայն մամուլում շրջանառվող` առայժմ պաշտոնապես չհաստատված, բայց եւ չհերքված տեղեկատվության, հունվարի 23-24-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալու են ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված հերթական եռակողմ բանակցությունները` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ:

Մասիս Մայիլյանը կարծում է, որ նման հանդիպումները, թեեւ չեն բերում հակամարտության վերջնական լուծման, գոնե կարող են ապահովել կայունություն տարածաշրջանում ու սահմանի վրա։

«Բայց որեւէ ակնկալիքներ չունեմ, քանի որ հիմքեր չկան ինչ-որ լուրջ առաջընթացի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ղարաբաղցի քաղաքագետը` հավելելով. - «Այո, այդ հանդիպումները, որպես օրինակ, այնպիսի գործառույթ ունեն, որը ես դրական եմ գնահատում»։

Քանի դեռ չեն փոխվել բանակցությունների ձեւաչափն ու մոտեցումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ տեղի ունեցող հանդիպումները էական փոփոխություն չեն բերի, վստահ է Մայիլյանը։ Քաղաքագետը կարծում է, որ հակամարտության լուծման համար դեռեւս 1990-ականներին սահմանված մոտեցումները պետք է փոխվեն: Առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցության կողմ, ինչպես նաեւ հարկավոր է հետեւել միջազգային օրինակներին, որպեսզի հնարավոր լինի վերջնականապես լուծել ղարաբաղյան հակամարտությունը։

«Ընդհանրապես, այս վերջին տարիների ընթացքում` սկսած 2008 թվականից, նորություններ կան` թե՛ միջազգային հարաբերությունների մեջ, թե՛ միջազգային իրավունքի մեջ` Կոսովոյի, մնացած նոր պետությունների ճանաչման հետ կապված, եւ այդ մոտեցումները պետք է կիրառվեն նաեւ Արցախի դեպքում», - ընդգծեց Մասիս Մայիլյանը։

2012 թվականը բեկումնային կլինի համամարտության լուծման համար, եթե փոխվեն այդ մոտեցումները, հակառակ դեպքում` ղարաբաղցի քաղաքագետը նոր տարվանից ակնկալիքներ չունի. - «Համարում եմ, որ այդ մոտեցումները հնացած են, եւ պետք է նոր սկզբունքներ առաջ քաշվեն, ինչպես նաեւ ձեւաչափը բանակցությունների պետք է բերվի եւ այդ խեղված վիճակից պետք է դուրս գա։ Արցախը պետք է ընդգրկվի, որ որեւէ առաջընթացի ակնկալիք լինի»։

Քաղաքագետը, միեւնույն ժամանակ, կարեւորում է երեք հասարակությունների միջեւ փոխադարձ վստահության ձեւավորման անհրաժեշտությունը: Բացի պաշտոնական հարաբերություններից, կարիք կա հայ եւ ադրբեջանցի հասարակությունների միջեւ մեղմելու թշնամական վերաբերմունքը: Այս խնդրով ավելի շատ զբաղվում են հասարակական կազմակերպությունները, մինչդեռ պետական կառույցները եւս պետք է ներգրավվեն այս գործում, կարծում է Մասիս Մայիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG