Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն հրաժեշտ տվեց ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնին


Մեւլութ Չավուշօղլուն նախագահում է ԵԽԽՎ-ի նիստը, արխիվային լուսանկար
Մեւլութ Չավուշօղլուն նախագահում է ԵԽԽՎ-ի նիստը, արխիվային լուսանկար
Հունվարի 3-ին լրացել է թուրք խորհրդարանական, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մեւլութ Չավուշօղլուի` որպես Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ պաշտոնավարման ժամկետը։

Այժմ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի աշխատանքներին պատրաստվող Չավուշօղլուն, «Թուրքիայի ձայն» ռադիոկայանի հարցազրույցում ամփոփելով ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում իր գործունեությունը, մասնավորապես, ասել է. - «Մենք Եվրոպայում պայքար ենք սկսել ռասիզմի եւ այլատյացության դեմ, քանի որ մեզ համար առաջնահերթ էր համարվում հենց այդ սպառնալիքի դեմ պայքարը, ինչը չի կարելի թերագնահատել։ Բացի այդ, մենք աշխատանքներ ենք տարել եւ շարունակում ենք տանել միջմշակութային ու միջկրոնական երկխոսության զարգացման ուղղությամբ»։

Ինչպիսի՞ն է եղել Չավուշօղլուի պաշտոնավարման ազդեցությունը Հայաստանի վրա. - այս հարցի շուրջ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ։

«Դուք մշտապես քննադատել եք նրա գործունեությունը», - այս հիշեցմանը Զոհրաբյանը արձագանքեց. - «Ոչ միայն քննադատել եմ, այլեւ վերջին`
Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան
հոկտեմբերյան նիստի ժամանակ ես Վեհաժողովի ամբիոնից շնորհավորել եմ բոլոր դեմոկրատական ուժերին, որ հոկտեմբերյան, աշնանային նստաշրջանը Չավուշօղլուի վերջին նստաշրջանն է։ Չավուշօղլուն էլ, ի դեպ, դահլիճում նստած էր եւ նիստը ինքն էր նախագահում»։

Հարցին` ինչ-որ բացասական ազդեցություն ունեցա՞վ արդյոք Չավուշօղլուի պաշտոնավարման շրջանը հայաստանյան շահերի տեսակետից, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. - «Ըստ էության, մեծ առումով, ոչ, որովհետեւ նման կառույցներում, ինչպիսին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է, Եվրոպառլամենտն է, եւ այլն, եւ այլն, ըստ էության, իհարկե, անձերը փորձում են ինչ-որ գլոբալ դերակատարություն ունենալ, բայց մեծ առումով այդտեղ կան հիմնարար արժեքներ, կան դրված ավանդույթներ, որոնք մեկ անձը իր ցանկությամբ հնարավոր չէ, որ կարողանա փոխել կամ մանիպուլյացիաների ենթարկել, ինչքան էլ նա փորձի ունենալ համախոհներ»։

«Իր պաշտոնավարման երկու տարիներին Մեւլութ Չավուշօղլուն փորձեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի իր պաշտոնը օգտագործել խիստ նեղ խնդիրներ, շահեր, երկու երկրների` ԵԽ-ի անդամ Թուրքիայի եւ ԵԽ-ի անդամ Ադրբեջանի շահերը առաջ մղելու համար։ Այդ շահերի կոնտեքստում էր նաեւ մեռելածին [Լեռնային Ղարաբաղի հարցով] ենթահանձնաժողովի վերստեղծումը», - ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը` շարունակելով. - «Ցավոք, պիտի ընդունենք, Չավուշօղլուին հաջողվեց վերականգնել հանձնաժողովը, բայց փաստը եւ իրականությունը այն է, որ հանձնաժողովը այդպես էլ չաշխատեց, եւ ես հույս ունեմ, որ ի դեմս նոր նախագահի, այն է` Ֆրանսիայի պատվիրակ Ժան-Կլոդ Մինյոնի, մենք կունենանք մի գործիչ, որը կհասկանա այդ ենթահանձնաժողովի ոչ միայն անհեռանկարայնությունը, այլեւ վտանգավարությունը Լեռնային Ղարաբաղի բանակցությունների համար, եւ ուղղակիորեն չի շարունակի Չավուշօղլուի թողած վատագույն ավանդույթները»։

Հայկական պատվիրակությունը բոյկոտել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները։

Զոհրաբյանի կարծիքով` Չավուշօղլուի նախագահության տարիները առանձնացել են նաեւ կոնկրետ հայկական պատվիրակության հանդեպ նրա «խիստ ընդգծված» բացասական վերաբերմունքով։ «Ես չգիտեմ` մեր մյուս պատվիրակները կհամաձայնեն, թե չէ, բայց ես իմ անձնական տեսակետը կարող եմ ներկայացնել, որովհետեւ բազմիցս եւ հրապարակային կերպով Չավուշօղլուն ինձ զրկել է ելույթ ունենալու հնարավորությունից` ուղղակիորեն, կամայականորեն զրկել է, եւ ես կարծում եմ, որ այդ վատագույն ավանդույթները շատ արագ պիտի մոռացվեն Եվրոպայի խորհրդի կողմից, եւ վստահ եմ, որ կմոռացվեն», - ասաց նա։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում ֆրանսիացի Ժան-Կլոդ Մինյոնը հաստատվել է Վեհաժողովի աշնանային նստաշրջանի ժամանակ։ Մինյոնի պաշտոնավարումը կավարտվի 2014 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG