Մատչելիության հղումներ

Փոքր ակնկալիքներ ղարաբաղյան բանակցություններից 2012-ին


Եռակողմ հանդիպում Կազանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, 24 հունիսի, 2011
Եռակողմ հանդիպում Կազանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, 24 հունիսի, 2011

Քաղաքական վերլուծաբանները չեն կարծում, որ այս տարի բանակցություններում կարող են լուրջ արդյունքներ գրանցվել:

Չնայած միջնորդ երկրների ջանքերին եւ անգամ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի համառ փորձերին, անցած տարի եւս չհաջողվեց հաջողություն արձանագրել ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում: 2011-ին առավել հաճախակի դարձան զինված միջադեպերն ու զոհերը հայ-ադրբեջանական շփման գծում:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, 2011-ին ընթացած բանակցությունները միայն մեկ հիմնական նպատակ ունեին` պահպանել խաղաղությունը շփման գծում: Մինասյանը նաեւ վստահ է, որ անկախ ամենատարբեր մակարդակներով հնչող հայտարարություններից` առավել ամրանում է համոզմունքը, որ հակամարտության գոտում ստատուս քվոն պետք է պահպանվի:

«Ասում են, որ անընդունելի է, բայց այլ քայլեր, բացի հայտարարություններից, ոչ ոք արտաքին ուժերից չի ցանկանում ներգրավել, որովհետեւ հասկանում են, որ եթե կողմերը պատրաստ չեն այդ ստատուս քվոյի փոփոխմանը, եթե կողմերը, ինչպես ցույց տվեց Կազանի հանդիպումը, անում են հակառակը, անում են այն, որ այդ ստատուս քվոն ավելի ու ավելի ամրանա, ապա շատ վտանգավոր է արտաքին ճնշման տակ այդ ստատուս քվոն փոխել: Ես չեմ կարծում, որ իսկապես Մինսկի խմբի համանախագահ երկրները այդ իրականությունը չեն հասկանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մինասյանը` շարունակելով. - «Բոլոր խոսակցությունները գնում են շփման գոտում միջադեպերի նվազեցման, որքան հնարավոր է իրավիճակի կայունացման մասին, այլ ոչ թե արագ կարգավորման մասին, որը անհնարին է, եւ նույն կերպ անհնարին է այդ սկզբնական սկզբունքները չպարզեցնելով, լուծում չտալով, ընդհանուր բաց թղթի մասին խոսել, ինչպես դա փորձում է անել ադրբեջանական կողմը: Իմ կարծիքով` գլխավոր դերակատարաների համար մեկ խնդիրը ներկայումս եւ մոտակա տարիներին լինելու է այդ շփման գծում ինչքան հնարավոր է նվազեցնել միջադեպերի, լարվածության աստիճանը»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որեւէ առաջընթաց չմատնանշեց նախորդ տարվա բանակցություններում: Անդրադառնալով Ադրբեջանի` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու հանգամանքին` Մանվել Սարգսյանն ասաց. - «Ադրբեջանցիները դա էլ են օգտագործում որպես նոր դիվանագիտական հնարք, որ եթե այսպես շարունակվի Մինսկի խմբում, նրանք կփորձեն հարցը տեղափոխել ՄԱԿ-ի ամբիոն եւ կոնկրետ Անվտանգության խորհուրդ: Խոսում են, բայց, իհարկե, դա շատ բարդ խնդիր է. Ադրբեջանը այնտեղ չի կարող ունենալ ուժեղ ձայն, ինչքան էլ Թուրքիան օգնի, սակայն ուղղակի որպես ամբիոն, որտեղ իր մոտեցումները բարձրացնի եւ ինչ-որ լրջացում մտցնի, իհարկե կարող է, եւ Ադրբեջանը չի թաքցնում, որ կարող է գնալ նման քայլի»:

Քաղաքագետները ներկայացրեցին նաեւ այս համատեքստում իրենց ակնկալիքները 2012 թվականից:

«Եթե իսկապես որեւէ գլոբալ մակարդակով ֆորս մաժորներ տեղի չունենան Ռուսաստանում, Իրանում, գլոբալ ճգնաժամ եւ այլն, ես կարծում եմ, որ որեւէ անակնակալ զարգացումներ պիտի տեղի չունենան», - ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Ընդհանրապես դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են կողմերը նորից սկսել բանակցությունները, որովհետեւ անգամ քննարկվող փաստաթղթի շուրջ Ադրբեջանը եւ Հայաստանը տարբեր կարծիքներ են ներկայացնում, տարբեր փաստաթղթերի մասին են խոսում: Անգամ այստեղ չկա կոնկրետություն, չնայած մինչեւ Կազանի հանդիպումը հստակեցվել էր այդ փաստաթուղթը», - ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

«Լավագույնը, որ կարելի է ակնակալել 2012-ին այս գործընթացից, որ ջանքերը շարունակվեն հակամարտությունը սառեցված պահելու ուղղությամբ», - կարծում է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG