Մատչելիության հղումներ

Արտակարգ պատահարները Նոր տարվա առաջին օրերին


Ավտովթար Երեւանում, արխիվային լուսանկար
Ավտովթար Երեւանում, արխիվային լուսանկար
Նոր տարվա առաջին օրերին մեծացել է շտապ բուժօգնության ծառայությունից օգտվողների թիվը։

Երեւանում գրանցվել է 1405 կանչ, որոնցից 680-ը` հունվարի լույս 1-ի գիշերը. Ամանորի գիշերը կանչերի թիվը 76-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Իսկ հունվարի 1-ի առավոտից մինչեւ հունվարի 2-ի առավոտյան մայրաքաղաքում 725 հոգի է օգտվել շտապ օգնության ծառայությունից. այս թիվը Երեւանի «Շտապբուժօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «շատ մեծ» համարեց՝ նշելով, որ սովորաբար կանչերի թիվը մեկ օրվա ընթացքում չի անցնում 500-ից:

Թե որն է պատճառը` Ստեփանյանը դժվարացավ ստույգ նշել, բայց հակված էր ենթադրելու, որ պարզապես պոլիկլինիկաները սովորական ռեժիմով չեն աշխատում, եւ ողջ լարվածությունն ընկնում է շտապ օգնության ծառայության վրա։ Նա վկայակոչեց այն հանգամանքը, որ նախորդ օրն իրենց դիմած 725 քաղաքացիներից 104-ն են հոսպիտալացվել, մնացածը՝ շարքային դեպքեր են։

Գրանցված 725 կանչերից 31-ը կապված են եղել ալկոհոլի չարաշահման, 19-ը՝ սննդային թունավորումների, 2-ը՝ վթարների հետ։ Դեպքերի գերակշռող մասը կապված են եղել սրտանոթային հիվանդությունների կամ ընթացիկ քրոնիկ հիվանդությունների հետ:

2012 թվականի առաջին օրերին Հայաստանում ճանապարհատրանսպորտային 7 պատահար է գրանցվել՝ զոհեր չկան, 13 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։ Ամենախոշոր պատահարը արձանագրվել է հունվարի 1-ին՝ Գյումրի - Արեւիկ ավտոճանապարհին. իրար են բախվել «ՎԱԶ - 21051» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով երկու մեքենաների վարորդներն ու մեքենաներում գտնվող 5 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ բժիշկները տուժածների վիճակը գնահատում են ծանր եւ ծայրահեղ ծանր։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, անցյալ տարվա նույն օրերի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է: Անցյալ տարի Ամանորի առաջին օրերին 11 պատահար էր արձանագրված, մեկ զոհ կար, 25 վիրավոր։

Այս տարի Նոր տարվա նախօրեին Ոստիկանությունը զգուշացրել էր տոնական օրերին Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության մասին, եւ այդ ծառայությունը կշարունակվի մինչեւ հունվարի 9-ը:

Ոստիկանությունից հայտնեցին նաեւ, որ Նոր տարվա առաջին օրերին Հայաստանում ծանր հանցագործությունների դեպքեր չեն արձանագրվել։

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ այսօր Հայաստանի տարածքում բոլոր ճանապարհներն անցանելի են, այնպես որ՝ բնակչությունը մարզից մարզ տեղաշարժման որեւէ խնդիր չի ունենա:

Ինչ վերաբերում է այլ պատահարներին՝ այս օրերին քիչ չեն եղել հրդեհները. արդեն 20 դեպք արձանագրվել է, զոհեր չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG