Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ընդդիմադիրը ազատ է արձակվել


Ադրբեջան - Երիտասարդ ակտիվիստ Բախտիար Հաջիեւը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում, սեպտեմբեր, 2010թ.
Ադրբեջան - Երիտասարդ ակտիվիստ Բախտիար Հաջիեւը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում, սեպտեմբեր, 2010թ.
Բաքվի դատարանը հինգշաբթի օրը ազատ է արձակել լրագրող Բախտիար Հաջիեւին։

Հարվարդի համալսարանի շրջանավարտ, 29-ամյա Հաջիեւը ձերբակալվել էր մարտի 4-ին՝ կապված հակակառավարական ցույցերի հետ։ Նա մեղադրվում էր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։

Թեեւ իրեն ներկայացված մեղադրանքը չէր ընդունել` Հաջիեւը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, եւ հիմա ազատության մեջ է, քանի որ կրել է պատժի մեկ երրորդը։

Նրա պաշտպանական թիմի ներկայացուցիչ Ինթիքամ Ալիեւը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում բողոքել է փաստից, որ դատարանը վճիռը կայացրել է դռնփակ նիստում եւ ոչ թե հրապարակավ։

Հաջիեւը ամիսներ առաջ ասել է, որ չի հավատում Ադրբեջանի դատական համակարգի արդարադատությանը, քանի որ այն իրականացնում է գործադիր իշխանության պատվերները։

Ադրբեջանցի ընդդիմադիրները պնդում են, որ Հաջիեւին ձերբակալել են, քանի որ նա ֆեյսբուքյան խմբի անդամ էր եւ մարտի 11-ին հայտարարել էր Ադրբեջանում «Ազգային մեծ օր» հակակառավարական ակցիա անցկացնելու մասին:

Ինչ վերաբերում է զինծառայությունից խուսափելու մեղադրանքին, ապա ավելի վաղ Հաջիեւի մայրը դիմել էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ տեղեկացնելով Ադրբեջանում տիրող ապօրինությունների մասին։ Նա նշել էր, որ որդուն ձերբակալել էին 2010 թվականի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանի ընտրական գործընթացներից հետո, երբ նա սոցիալական ցանցում քննադատել էր գործող իշխանություններին։

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարել էր, թե ուշադիր հետեւել է երիտասարդ ակտիվիստ Բախտիար Հաջիեւի գործի ընթացքին, եւ նշել էր, թե Հաջիեւի ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից անմիջապես հետո, երբ նա փորձել է ադրբեջանական իշխանությունների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպել: Դա նշանակում է, որ կառավարության պաշտոնական ներկայացուցիչները դատական համակարգի միջոցով պատժում են այլ կարծիք ունեցողներին:

Երեկ ազատ արձակված Հաջիեւը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ դիմելու է Եվրոպական դատարան՝ փորձելով վերականգնել Ադրբեջանի իշխանության գործողությունների հետեւանքով խախտված իր իրավունքները։

Երկուշաբթի օրը` դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում ազատ էր արձակվել մեկ այլ բանտարկյալ` Սավալանլիին, որը, ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների պնդմամբ, բանտում էր հայտնվել իր քաղաքական հայացքների համար։

Այս դեպքում նրան ազատություն էր շնորհվել նախագահ Ալիեւի հայտարարած համաներման շնորհիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG