Մատչելիության հղումներ

Ամփոփվել են «Տարվա լավագույն գիրք» մրցանակաբաշխության արդյունքները


Հայաստանի գրողների միությունը ամփոփել է «Տարվա լավագույն գիրք» մրցանակաբաշխության արդյունքները:

«Այս տարի իսկապես որ դաշտը շատ խայտաբղետ էր եւ գրական արտադրանքը` ստավարածավալ: Եվ նախագահությանը դժվար խնդիր էր առաջադրված` կատարել ճիշտ ընտրություն: Կարեւոր է մրցանակի ոչ միայն նյութական կողմը, այլ նաեւ` բարոյական, որովհետեւ բոլոր անվանակարգերը կրում են մեր դասականների անունները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:

Պոեզիայի անվանակարգում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը շնորհվել է Խաչիկ Մանուկյանին` «Այն աշխարհը չի» ժողովածուի համար:

Արձակի անվանակարգում լավագույնն է ճանաչվել եւ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին է արժանացել Աշոտ Ավետիսյանի «Մենավոր աստղը» վեպը:

«Վեպը նվիրված է Վահան Տերյանին: Այսինքն` կենսագրական է», - ներկայացրեց Անանյանը:

Հրապարակախոսության անվանակարգում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը շնորհվել է հրապարակախոս, արձակագիր Մարգո Ղուկասյանին` «Անվերնագիր. 1915 թվական» գրքի համար, որը, Լեւոն Անանյանի բնորոշմամբ` «մի գերդաստանի ճակատագրով արծարծում եւ հանրության ուշադրությունն է ներկայացնում Ցեղասպանության թեման»:

Դրամատուրգիայի անվանակարգում Լեւոն Շանթի անվան մրցանակին այս տարի արժանացել է Կարինե Խոդիկյանը` «Իմ դասականները» մոնոդրամաների ժողովածուի համար:

Գրաքննադատ Սուրեն Աբրահամյանին շնորհվել է Նիկոլ Աղբալյանի անունը կրող մրցանակը` «Տեքստ եւ բնագիր» ժողովածուի համար:

Իսկ մանկական գրականության անվանակարգում Վախթանգ Անանյանի անվան մրցանակին արժանացել է Հրաչյա Մաթեւոսյանի «Հացը հացարարին» գիրքը:

Յուրաքանչյուր մրցանակաբաշխություն ծնում է դժգոհություններ, բայց, ինչպես ասում է Լեւոն Անանյանը, հարկավոր է «մի քիչ համբերատարություն ունենալ». - «Չլցվենք ատելությամբ միմյանց հանդեպ: Եվ հատկապես չժխտենք գրչընկերների արժանիքները, որովհետեւ ուրիշներին ժխտելու մեջ չէ գրողների ինքնակայացման հնարավորությունը»:

«Մրցանակաբաշխությունը յուրատեսակ շուկա է: Յուրաքանչյուրը փորձում է իր գիրքը, իր արտադրանքը քարոզել, եւ ես պիտի ուզենամ, որ այս մրցանակային օրենսդրի դերը Գրողների միությունից աստիճանաբար անցնի մեր հրատարակչություններին»:

Արդեն 6-րդ անգամ իր մրցանակներն է շնորհել նաեւ երիտասարդական «Գրեթերթ»-ը: Այստեղ հրատարակված գրողները փակ քվեարկությամբ իրենք են որոշում, թե ով է լավագույնը:

«Գրեթերթի» խմբագիրը` Արքմենիկ Նիկողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրեց այս տարվա մրցանակակիրներին. - «Պոեզիայի անվանակարգում հաղթել է Էդուարդ Հարենցը` բանաստեղծական շարքի համար: Արձակի անվանակարգում հաղթող է ճանաչվել Հրաչյա Սարիբեկյանը` «Ապորիա» պատմվածքի համար: Թարգմանության մրցանակը շահել է կրկին Էդուարդ Հարենցը` արաբերենից կատարած թարգմանությունների համար: Գրաքննադատության մրցանակը` Գոհարիկ Աճեմյանը` «Թոնդրակի երկրորդ նավարկությունը» գրքին նվիրված գրախոսականի համար: Եվ հրապարակախոսության եւ էսսեի անվանակարգում հաղթող է ճանաչվել Աշոտ Գաբրիելյանը` «Գնացեք ու գիրք կարդացեք» հոդվածի համար:

please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG