Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը եւ ՀՅԴ-ն կոչ են անում վերացնել մեծամասնական ընտրակարգը


«Ժառանգություն» եւ ՀՅ Դաշնակցություն ( ՀՅԴ) կուսակցությունները այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով վերացնել խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրակարգը։

Հայտարարությունում «Ժառանգություն»-ը եւ Դաշնակցությունը «ողջունում են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի վերջերս հայտարարած դիրքորոշումը` ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման եւ վերահսկման հարցում», եւ Ազգային ժողովի մեծամասնությանն առաջարկում են «Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի»։

Առաջարկվող փոփոխության հիմնական նպատակներն են, ըստ երկու կուսակցությունների, պատգամավորական բոլոր մանդատների համարժեքության եւ մրցակցային պայմանների հավասարության ապահովումը, ընտրական գործընթացի ու խորհրդարան մուտք գործող անձանց համար քաղաքական ուժերի պատասխանատվության մեծացումը, ընտրական գործընթացների վրա ոչ քաղաքական եւ ոչ ընտրական գործոնների ազդեցության նվազեցումը։

Հայտարարության հեղինակների կարծիքով, «համաձայնելով այս քայլին, իշխանությունները ցույց կտան իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը` նախընտրական շրջանում ընդդիմության հետ համատեղ երկրում ձեւավորելու ներհասարակական հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ»:

«Ժառանգություն»-ը եւ Դաշնակցությունը կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին` պաշտպանել այս նախաձեռնությունը:

Երկու կուսակցությունները նաեւ հիշեցնում են 2008-2011 թվականներին իրենց նախաձեռնած` Ընտրական օրենսգրքի բարեփոխմանն ուղղված քայլերը, կարեւորում «Հայաստանի ապագայի համար առաջիկա խորհրդարանական ընտրությունների բացառիկ նշանակությունը եւ դրանց արդյունքների հանդեպ հասարակության վստահության մեծացումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG