Մատչելիության հղումներ

Ֆինանսական խախտումներ նախարարություններում եւ ՊԵԿ-ում


Ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչությունը 2011 թվականին իրականացրել է 100-ից ավելի ստուգումներ: Արդյունքում, տեսչության պետ Սոնա Ղարիբյանի խոսքով, հօգուտ բյուջեի վերականգնված եւ վերաձեւակերպված գումարը կազմել է 11.4 միլիարդ դրամ:

«Որից 9.1 միլիարդը իրենց ներկայացնում է դրամական միջոցներ, իսկ 2.3 միլիարդը պետական մասնակցությամբ կազմակերպությունների հաշվեկշիռներում ձեւակերպված չհիմնավորված, ուռճացված վնասների եւ չհաշվառված, թաքցված ապրանքանյութական պետական արժեքների գումարն է», - ասաց Ղարիբյանը:

Անցնող տարվա երկրորդ կիսամյակում ստուգվել են էկոնոմիկայի, բնապահպանության եւ սփյուռքի նախարարությունները, ինչպես նաեւ դրանց ենթակա կազմակերպությունները: Ստուգումներ են անցկացվել նաեւ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տարածքային մի քանի ստորաբաժանումներում:

«Եվ արձանագրվել են «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Պարզեցված հարկի մասին», «Հարկերի մասին» օրենքի 23, 25, 26, 27, 28 եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված պատժամիջոցների ոչ ճիշտ կիրառման խախտումներ, որոնք հիմնականում հետեւանք են եղել ՊԵԿ-ի հարկային մարմինների լիազորությունների ոչ պատշաճ մակարդակով իրականացմանը», - ասաց Ղարիբյանը:

Իր ասածը մանրամասնելով` Ղարիբյանն ասաց. - «Օրինակ, Գավառի հարկային տեսչությունում միայն թվով 14 հարկ վճարողների գծով մենք արձանագրել ենք մոտ 130 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր»:

Ֆինանսական վերահսկողության տեսչության պետի խոսքով` եղել են դեպքեր, երբ ՊԵԿ-ի տեսուչները նախատեսվածից ավելի գումարներ են գանձել հարկ վճարողից:

«Նույն Գավառի տեսչությունում 2 հարկ վճարողների գծով [երկուսից միասին] 809 հազար դրամ ավելի գումար էին գանձել տեսուչները: Այդ հարկ վճարողներից մեկն էլ Գավառի համալսարանն էր: Մենք առաջարկեցինք ՊԵԿ-ին պատժել տեսուչին, որովհետեւ նրա պատճառով է, որ հարկ վճարողը ավել է վճարել, իսկ նա չի նկատել», - ասաց Ղարիբյանը:

Ինչ վերաբերում է նախարարություններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում իրականացված ստուգումներին, ապա, պաշտոնյայի պարզաբանմամբ, արձանագրված հիմնական խախտումները հետեւյալն են. - «Պետական բյուջեում գումարների նախատեսման ժամանակ հաշվի չեն առնվել տարեսկզբի առկա պահեստավորված միջոցների եւ դեբիտորական պարտքերի մնացորդները, ինչպես նաեւ նախորդ տարիների փաստացի ծախսերը, եւ նախարարությունների կողմից նախատեսվել են պահանջվելիքից ավել գումարներ: Խախտվել են ծառայությունների եւ աշխատանքների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերի պայմանները, ժամկետները, առանց պատվիրատուի համաձայնության որոշ դեպքերում կատարվել են չնախատեսված աշխատանքներ: Տարբեր ծրագրերով իրականացված շինարարական աշխատանքների թույլ են տրվել հավելագրումներ»:

Նախարարություններում ու դրանց ենթակա կազմակերպություններում, ինչպես նաեւ ՊԵԿ-ում իրականացված ստուգումների պատկերը, ըստ Ֆինանսական վերահսկողության տեսչության պետի, հետեւյալն է. - «Էկոնոմիկայի նախարարությունում շուրջ 260 միլիոնի խախտումներ, թերություններ, անարդյունավետ, ոչ նպատակային ծախսեր, բնապահպանության նախարարությունում` 147 միլիոն դրամի, ՊԵԿ համակարգում ստուգել ենք Գավառի, Գորիսի հարկային տեսչությունները եւ Շիրակի մաքսային տուն: Շիրակն ու Գորիսը ամփոփման փուլում են, Գավառում 130 միլիոն 14 հարկ վճարողների գծով արձանագրել ենք պետական բյուջե գանձման ենթակա գումար»:

Սփյուռքի նախարարությունում ստուգումները դեռ ամփոփման փուլում են: Հարցին, թե կա՞ մի ոլորտ, որտեղ խախտումներ եւ ռիսկեր չկան, Ֆինանսական վերահսկողության տեսչության պետը պատասխանեց, որ այդպիսի ոլորտներ չկան:

please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG