Մատչելիության հղումներ

«Ատոմակայանի կառուցման գործընթացը սկսված է»


Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը այսօր հայտարարեց, թե նոր ատոմակայանի կառուցման գործընթացը սկսված է:

«Կառուցել` չի նշանակում քլունգը վերցնել… Դա ընդհանուր այդ ծրագրերի մեջ կազմում է մոտավորապես 30 տոկոսը: Եվ սկսել ենք անցած տարվանից», - ավարտվող տարին ամփոփող ասուլիսում հայտարարեց նախարարը` ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը, թե դեռ 2008 թվականին նախագահի Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «նոր ատոմակայանի շինարարությունը սկսվելու է առաջիկա ամիսներին»:

Նախարարը շարունակեց. - «Ինչ վերաբերում է նրան, թե երբ կհասնենք շինարարական փուլին… Մոտավորապես շինարարական փուլին կհասնենք 2013 թվականի կեսերին: Արդեն կհասնենք այն փուլին, որ այնտեղ կսկսվի զուտ քլունգի գործը»:

Արմեն Մովսիսյանը կրկին հայտարարեց, որ ատոմակայանի հին էներգաբլոկը կդադարի գործել այն ժամանակ, երբ շահագործման կհանձնվի նորը:

Ավարտվող տարեսկզբին հայտարարվել էր, որ 2011-ի առաջին եռամսյակում թողարկվելու է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ է արվել այդ ուղղությամբ, նախարարը պատասխանեց. - «Աշխատանքներն ավարտվել են: Սկսվել են փորձարկման աշխատանքները: Այս պահին փորձարկման աշխատանքները ընթանում են, եւ արդեն 5-րդ բլոկի կողմից մոտավորապես 20 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա է արտադրվել այս փորձարկման արդյունքում: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է փորձարկման աշխատանքներն ավարտել, եւ մյուս տարվանից կայանը պատրաստ կլինի արդեն շահագործման»:

Այս տարի նախատեսված էր նաեւ Իրան – Հայաստան նավթամթերքատար խողովակաշարի կառուցումը, բայց այն դեռեւս չի սկսվել: «Ոչ հայկական կողմի պատճառով ծրագրերը մի քիչ հետ են ընկել` կապված Իրանում տիրող իրավիճակների հետ», - պարզաբանեց Մովսիսյանը:

Նախարարի խոսքով` նույն ճակատագրին է արժանացել նաեւ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, որ պետք է մեկնարկեր այս տարվա ապրիլին:

Արմեն Մովսիսյանը ներկայացրեց 2012 թվականին նախատեսված ծրագրերը. - «Երկու ենթակայանների վերականգնման խնդիրը, որ պետք է եկող տարի հասցնենք ավարտին: Դա է Որոտան կասկադի վերանորոգման խնդիրը KFW բանկի միջոցով, որը պետք է հասցնենք ավարտին: Դա է նոր ծրագիրը, որը փորձում ենք Հայաստանում եւ Ղարաբաղում առկա սեփական ռեսուրսները մաքսիմալ օգտագործել: Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել են որոշակի ածխի պաշարներ: Եվ փորձում ենք Երեւանի հին ջերմային կայանը ձեւափոխել ջուր-ածխային վառելիքով աշխատացնելու համար»:

Ըստ նախարարի` դա կնպաստի Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը:

«Ի համեմատ գազի, բավականին նաեւ տնտեսական էֆեկտ կստեղծի համակարգում, որը հնարավորություն կտա նորից մեղմել էլեկտրաէներգիայի վրա էներգակիրների գների ազդեցությունը», - հավելեց նա:

Մովսիսյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջին Երեւանի ՋԷԿ-ի հին բլոկներով կտան քարածխի հիմքի վրա առաջին արտադրանքը. գործելու են 50 մեգավատտանոց 2 բլոկները, ինչի համար կպահանջվի օրական 2 հազար տոննա ածուխ:

Նախարարը անդրադարձավ նաեւ «Նաիրիտ»-ի ճակատագրին. - «Քաղաքական համաձայնությունը ձեռք է բերված: Ուղղակի մենք ունենք խնդիր «Նաիրիտ»-ի ամբողջ ճակատագիրը առաջիկա 20, 30, 40 տարվա համար պատկերացնելու: Եվ դրա համար համապատասխան մասնագետների ենք հրավիրել, որպեսզի համապատասխան ծրագիր ընտրենք, թե ինչ ծրագրով պետք է այդ ներդրումները կատարվեն, որպեսզի «Նաիրիտ»-ի արտադրանքը մրցունակ լինի առաջիկա 20-30 տարիներին շուկաներում»:

Ոլորտում այս տարի արձանագրվել են հետեւյալ ցուցանիշները. արտադրվել է 7.4 մլրդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներտիա, ինչը 14.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Շուրջ 20 տոկոսով աճել է նաեւ էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը` կազմելով 1.36 մլրդ կիլովատտ/ժամ:

Նախորդ տարվա համեմատությամբ 2011-ին 17.7 տոկոսով ավելի բնական գազ է ներկրվել (2077 մլն խորանարդ մետր):

Աճ է արձանագրվել նաեւ հանքարդյունաբերության ոլորտում. շուրջ 10 տոկոսով աճել է պղնձի խտանյութի արտադրությունը, 15 տոկոսով` մոլիբդենինը: Արտադրվել է 1266 կիլոգրամ ոսկի` 30 տոկոսով ավելի, քան 2010-ին:

please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG