Մատչելիության հղումներ

Վրաստանը գրեթե կրկնապատկում է իր զորախումբը Աֆղանստանում


Աֆղանստան մեկնող 750 վրաց զինվորականների ճանապարհման հանդիսավոր արարողությունը Թբիլիսիին մերձակա «Վազիանի» ռազմակայանում, 7-ը ապրիլի, 2010թ.
Աֆղանստան մեկնող 750 վրաց զինվորականների ճանապարհման հանդիսավոր արարողությունը Թբիլիսիին մերձակա «Վազիանի» ռազմակայանում, 7-ը ապրիլի, 2010թ.
Վրացական զորախմբի թվաքանակն Աֆղանստանում առաջիկա շաբաթներին գրեթե կրկնապատկվելու է` 900-ից հասնելով 1600-ի:

Եվս մեկ հետեւակային գումարտակ Աֆղանստան ուղարկելու առաջարկով վրացական խորհրդարանին դիմել էր նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Երեքշաբթի երեկոյան վրացի պատգամավորներն այս նախաձեռնությանը կողմ քվեարկեցին միաձայն:

Վրացական զորախումբը կդառնա Աֆղանստանում ծավալված գործողություններին մասնակցող, սակայն ՆԱՏՕ-ին չանդամակցող պետությունների զորախմբերի թվում ամենամեծը:

«Վերջին մի քանի ամիսները եկան վկայելու, որ այս առաքելությունը շատ հաջողված է բոլոր առումներով, այդ թվում` քաղաքական տեսանկյունից: Մենք դա տեսանք անցած ամիս, երբ Թբիլիսի էր ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Այդ հաջողված լինելու ապացույցն են նաեւ մեր բարեկամ պետությունների ղեկավարների հնչեցրած հայտարարությունները, որոնցում բարձր է գնահատվում Վրաստանի հավատարմությունն այս առաքելությանը», - քվեարկության ավարտին նշել է խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Գեորգի Թարգամաձեն:

Աֆղանստանում ծառայող վրացական զորախումբը բաժանված է երկու մասի: Վրացական մի վաշտը` 175 զինծառայող, տեղակայված է ֆրանսիական պատասխանատվության գոտում` մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու: Վրացական ուժերի հիմնական մասը, սակայն, կենտրոնացած է հարավային Հիլմենդ գավառում` Մուսա Քալա քաղաքի մոտ: Ամերիկյան հրամանատարության վկայությամբ` վրաց զինվորականների հիմնական գործը այստեղ դեպի հյուսիս տանող ուղիների նկատմամբ վերահսկողություն սահմանելն է։

«Մուսա Քալայի մերձակայքում վրացիները մեզ աջակցում են` հյուսիսից ուժեղացնելով ճնշումը եւ թշնամուն ի վերջո շրջապատման մեջ գցելով: Այդպիսով «Թալիբան»-ի ջոկատները աքցանի մեջ են հայտնվում` մի կողմից ամերիկացի ծովային հետեւակայիններն են, մյուս կողմից` վրացիները», - նշել է Հիլմենդում տեղակայված կոալիցիոն ուժերի հրամանատարներից մեկը` ամերիկյան բանակի գնդապետ Էրիկ Սմիթը:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում են ծառայում նաեւ 100-ից ավելի հայ զինվորականներ: Նրանք, ի տարբերություն վրաց զինծառայողների, տեղակայված են երկրի հյուսիսում` գերմանացի զինվորականների հետ համատեղ իրականացնելով Կունդուզ քաղաքի օդանավակայանի վերահսկողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG