Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը ուղերձով կդիմի խորհրդարանին


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ուղերձ է հղում Դաշնության խորհրդին, Մոսկվա, 30-ը նոյեմբերի, 2010թ.
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ուղերձ է հղում Դաշնության խորհրդին, Մոսկվա, 30-ը նոյեմբերի, 2010թ.
Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր նախագահության ընթացքում չորրորդ եւ վերջին անգամ ուղերձով կդիմի Դաշնային խորհրդին:

Նախագահ Մեդվեդեւի առաջին ուղերձը օրենսդիրներին ներկայացվել է 2008 թվականի նոյեմբերի 5-ին։ Դրանում առաջարկվեց ավելացնել նախագահի եւ խորհրդարանի լիազորությունների ժամկետը` նախագահ ընտրել 6, իսկ խորհրդարան` 5 տարով: Այդ փոփոխություններն արդեն գործողության մեջ են։

ՄԵդվեդեւի երկրորդ ուղերձը նվիրված էր արդիականացման, երրորդը` ժողովրդագրական եւ երեխաների խնդիրներին:

Թե ինչ է ասելու այս անգամ Դմիտրի Մեդվեդեւը` դեռ հայտնի չէ, սակայն Ռուսաստանի նախագահը ընդհանուր գծերով ներկայացրել է ուղերձի բնույթը, ասելով, թե անհրաժեշտ է ամփոփել արդյունքները եւ նախանշել ապագայի հեռանկարները, խոսել այն մասին, թե ինչպես պետք է արդիականացնել երկիրը, տնտեսությունը, հասարակությունը եւ Ռուսաստանի քաղաքական համակարգը:

Չորեքշաբթի օրը Դաշնության խորհրդի ստորին պալատի` Պետդումայի նորընտիր խոսնակ Սերգեյ Նարիշկինը եւս իր ելույթում խոսել է այդ մասին:

«Վաղը Դաշնային խորհրդին իր ամենամյա ուղերձում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կառաջարկի մի շարք կոնկրետ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն քաղաքական համակարգի հետագա կատարելագործմանը։ Պետական դումայի խնդիրն է դրանք ուշադրությամբ հասկանալ, քննարկել եւ համաձայնության դեպքում ապահովել դրա օրենսդրական կողմը», - ասել է Նարիշկինը։

Ինքը Դմիտրի Մեդվեդեւը պարզաբանել է` նոր խորհրդարանի հետ աշխատելու են առաջիկա 5 տարիների ընթացքում, եւ անհրաժեշտ է, որ սկզբից եւեթ կապ հաստատվի, մանավանդ որ իրենք ծրագրում են շարունակել աշխատանքը:

Մեդվեդեւը ուղերձով դիմում է խորհրդարանին բավական ուշագրավ հանգամանքներում` այն հնչելու է դեկտեմբերի 10-ին կազմակերպված բազմամարդ հանրահավաքի եւ դեկտեմբերի 24-ին ծրագրվող բողոքի հուժկու ակցիայի միջեւ։ Նախագահին ցուցարարները ընտրությունների արդյունքների հետ կապված պահանջներ էին ներկայացրել, եւ Մեդվեդեւը հայտարարել էր, թե իշխող կուսակցությունը հաշվի կառնի դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG