Մատչելիության հղումներ

Հայաստանը կփորձի ներդնել ուղեւորատոմսերի վաճառքի ինտերնետային համակարգ


«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունն այս տարի ամբողջությամբ կատարել է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունները։ Այսօրվա տարեկան ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը։

Նախարարի խոսքով, ՀԿԵ-ն կատարել է 13.4 միլիարդ դրամի ներդրումներ, որոնք հիմնականում ուղղվել են շարժակազմերի արագության բարձրացմանը, ենթակառուցվածքի անվտանգության ապահովմանը։

«Երեւի թե բոլորս միասին փաստենք, որ էական փոփոխություն կա երկաթգծում», - նշեց Մանուկ Վարդանյանը։ - «Մտածում ենք արդեն, որ 2012 թվականին փորձենք տոմսերը ձեռք բերել ինտերնետի միջոցով՝ համակցելով ինքնաթիռի եւ ավտոկայաններում ավտոբուսի տոմսերի ձեռք բերման խնդիրը»։

Նախարարը ընդհանուր առմամբ դրական է գնահատում երկաթգծի հետ կապված աշխատանքները։

Տրանսպորտային հանգույց՝ օդանավակայանում


Զվարթնոց օդանավակայանի նոր տերմինալը
Զվարթնոց օդանավակայանի նոր տերմինալը
Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի խոսքով, նախարարությունը մշակել է «Զվարթնոց» օդանավակայանի տրանսպորտային մեծ հանգույցի ծրագիրը։ Օդանավակայանի համար կառուցվելու է նոր ավտոճանապարհ։ Ճանապարհին, ըստ նախարարի, կգործեն նաեւ միկրոավտոբուսներ ու ավտոբուսներ։

«Կունենանք երկաթգիծ, որը մեզ համար կարեւոր կլինի ազատ առեւտրի գոտի հայտարարված տարածքի սպասարկման, օդանավակայանի սպասարկման, ինչպես նաեւ, բացի բեռնափոխադրումից, կծառայի ուղեւորափոխադրումների համար՝ մինչեւ մետրո հասցնելու», - նշեց նախարարը։

Մանուկ Վարդանյանի պարզաբանմամբ, ճանապարհը կառուցվելու է պետություն – մասնավոր համագործակցության շրջանակում։

«Բանակցությունները սկսել եմ արդեն ռուսական երկաթուղու եւ օդանավակայանի կոնցենսիոների հետ։ Կարծում եմ շատ արագ մենք ձեռնամուխ կլինենք լոգիստիկ կենտրոնի, երկաթգծի եւ ճանապարհի կառուցման աշխատանքներին», - հավելեց տրանսպորտի եւ կապի նախարարը։

Փոստային ծառայության կառավարման ձեւը կփոխվի


Ինչ վերաբերում է փոստային ծառայությանը, Մանուկ Վարդանյանը հիշեցրեց, որ նախկինում բազմիցս է հայտարարել, որ պետք է փոխվի կառավարման ձեւը։ Հիշեցնենք՝ «ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնված «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը։

«Չնայած արդեն 103 վերանորոգված փոստային բաժանմունք ունենք, նոր սարքավորումներ են տեղադրված, կապի արդիական միջոցներ կան, բայց մենք բոլորս գիտենք, որ հանրապետությունում ունենք 9 հարյուր բաժանմունք եւ ոչ բոլորս կարող ենք գոհ լինել։ Դրա համար, կառավարման ձեւը փոխելով, ուզում ենք, որպեսզի կամ կոնցենսիոներ կամ վարձակալ առաջանա՝ այդ թվում նույն ընկերության տեսքով», - այս առնչությամբ կառավարության ծրագրերը մանրամասնեց նախարարը։

Վեց ամսվա ընթացքում «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը կներկայացվի նոր պայմանագիր, եւ եթե ընկերությունը հրաժարվի կառավարման նոր ձեւից, ապա նախարարությունը մրցույթ կհայտարարի։

please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG