Մատչելիության հղումներ

Թուրքիան փորձում է կասեցնել Մեծ Եղեռնին առնչվող օրինագիծը Ֆրանսիայում


Ֆրանսիայի խորհրդարանը
Ֆրանսիայի խորհրդարանը
Պաշտոնական Անկարան գործի է դրել դիվանագիտական ողջ ապարատը՝ Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը կասեցնելու համար։

Այսօր Փարիզ են ժամանել մի խումբ թուրք պատգամավորներ՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլկան Բոզկիրի գլխավորությամբ, որոնք ակտիվ քննարկումներ են ունենում իրենց ֆրանսիացի գործընկերների հետ, վաղն էլ կհանդիպեն Ֆրանսիայի արտգործնախարարի ու Ազգային ժողովի նախագահի հետ։ Ուղերձը մեկն է՝ Թուրքիան պատրաստ է գնալ ցանկացած քայլի՝ այդ թվում վերանայել դիվանագիտական ու տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, եթե այդ երկրի խորհրդարանն ընդունի Մեծ Եղեռնի վերաբերյալ օրինագիծը։

Հիշեցնենք՝ նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցության կողմից ներկայացված փաստաթուղթը 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք է սահմանում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության փաստը ժխտողների համար։

«Եթե այս նախագիծը հավանության արժանանա, Անկարան անմիջապես Փարիզից ետ կկանչի իր դեսպանին»,– «Ֆրանսպրեսին» ասել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան խոսնակ Էնգին Սոլաքօղլուն։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ավելի հեռուն է գնացել եւ սպառնացել Փարիզին համարժեք պատասխան տալ. - «Թուրքիան պատրաստ է ընդունել իր պատմությունը եւ բացել արխիվները պատմաբանների կողմից համատեղ ուսումնասիրության համար, սակայն եթե ամեն ինչ պետք է որոշվի «դոգմաների» հիման վրա, ապա մենք էլ կսկսենք խոսել ֆրանսիական գաղութատիրության ու ֆրանսիացիների կողմից Ալժիրում իրականացված հանցագործությունների մասին», - հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն։

Ավելի վաղ նույն բովանդակությամբ հայտարարություն էր արել վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

«Ֆրանսիան նախ թող իր սեփական՝ կեղտոտ ու արյունալի պատմությունն ուսումնասիրի», - ասել էր էրդողանը՝ ընդգծելով․ - «Եթե Ֆրանսիայի Ազգային Ժողովը հետաքրքրվում է պատմությամբ, ապա թող նախ եւ առաջ լույս սփռի այն իրադարձությունների վրա, որ տեղի են ունեցել Աֆրիկայում, Ռուանդայում ու Ալժիրում։ Թող ուսումնասիրի՝ քանի մարդ են սպանել ֆրանսիացի զինվորները եւ ինչ միջոցներ են օգտագործել»։

Անկարայի պաշտոնական դիրքորոշումն ընդգծելու համար Էրդողանը անցած շաբաթ նաեւ հատուկ նամակ ուղարկեց Ֆրանսիայի նախագահին եւ զգուշացրեց, որ օրինագծի ընդունումից հետո երկկողմ հարաբերությունները վտանգի տակ են հայտնվելու, պատասխանատվությունն էլ ընկնելու է Ֆրանսիայի ուսերին։

Պաշտոնյաներից բացի ֆրանսիացիներին սպառնում են նաեւ թուրք գործարարները։

«Եթե օրինագիծն ընդունվի, Թուրքիայում աշխատող շուրջ 960 ֆրանսիական ընկերությունները վտանգի տակ կհայտնվեն։ Իհարկե, մեր առեւտրային պալատը չի կարող նրանց վերաբերյալ որեւէ սահմանափակում մտցնել, սակայն թուրք հասարակությունը շատ զգայուն է այսօրինակ հարցերի նկատմամբ եւ կարող է ուղղակի բոյկոտել ֆրանսիական արտադրանքը»,– հայտարարել է Թուրքիայի Առեւտրի պալատի ու ապրանքահումքային բորսաների միության ղեկավար Ռիֆատ Հիսարչիկլիօղլուն։

Չնայած թուրքական կողմից հնչող սպառնալիքներին ու շարունակական լոբբիստական աշխատանքներին թե՛ թուրքական, թե՛ ֆրանսիական լրատվամիջոցները խիստ հավանական են համարում օրինագծի ընդունումը։ Միեւնույն ժամանակ փաստում են, որ քայլը կատարվում է Ֆրանսիայում հաջորդ տարի նախատեսված նախագահական ընտրություններից առաջ, որտեղ Նիկոլա Սարկոզին կրկին փորձում է ստանալ մեծաքանակ հայ համայնքի աջակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG