Մատչելիության հղումներ

«Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ փոփոխություն չկա»


Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ որեւէ փոփոխություն չի արձանագրվել. համենայնդեպս, այդ են պնդում բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի վերլուծական հավելվածի փորձագետները։

Հանդեսը անցած շաբաթավերջին նոր զեկույց է հրապարակել աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վերաբերյալ, որտեղ Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցողների շարքում։ Այս երկրներում, ըստ «Էկոնոմիստ»-ի պարզաբանման, ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են էական խախտումներով, կոռուպցիան գրեթե համատարած է, օրենքի իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը` թույլ։ Նման ռեժիմներին բնորոշ են նաեւ լրագրողների նկատմամբ հալածանքները, դատական համակարգը անկախ չէ:

Ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ, այդ թվում` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում։ Ըստ այդմ, այս տարվա զեկույցում Հայաստանը այս հինգ չափորոշիչներով ստացել է նույն գնահատականները, ինչ նախորդ` 2010 թվականին. 10-բալլանոց համակարգով, մասնավորապես, կրկին միջինից ցածր` 3 ու մի փոքր ավելի միավոր են ստացել Հայաստանի կառավարման արդյունավետությունն ու քաղաքական մշակույթը, ամենաբարձրը գնահատվել է քաղաքացիական ազատությունների ոլորտը՝ գրեթե 6 միավոր։

Ի տարբերություն Հայաստանի, որն այս տարի որեւէ տեղաշարժ չի արձանագրել, ԱՊՀ-ի մի շարք պետություններում, այդ թվում` Ռուսաստանում ու Ադրբեջանում, հետընթաց է նկատվել։ Ռուսաստանը, որը անցած տարի դասվել էր Հայաստանի հետ նույն` հիբրիդային ռեժիմ ունեցող երկրների թվում, այժմ հայտնվել է ավտորիտարների կողքին, Ադրբեջանում հետընթաց է ապրել մամուլի ազատությունը։

Ընդհանուր առմամբ, 2011 թվականը «Էկոնոմիստ»-ը բնութագրել է որպես «աննախադեպ փոթորկումների տարի»` արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխությունների պատճառով, եւ փաստել, որ այդ ալիքը կարող է տարածվել նաեւ աշխարհի մյուս հատվածներում։ Դրան, ըստ վերլուծաբանների, կարող են նպաստել մի քանի գործոններ, այդ թվում` ընտրությունների կեղծումը, շարունակական բնույթ կրող կոռուպցիան, ինչպես նաեւ ավտորիտար վարչակազմի կողմից իր իշխանությունը երկարաձգելու կամ ժառանգորդին փոխանցելու փորձը։

«Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայումս ԱՊՀ-ի ավտորիտար վարչակազմ ունեցող երկրներում քաղաքական ազատությունների ավելի մեծ ծարավ կա, եւ որ Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցած զարգացումները դեռ կարող են իրենց ազդեցությունն ունենալ այս տարածաշրջանի վրա», - փաստում է «Էկոնոմիստ»-ի վերջին զեկույցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG