Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 15-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Կհաջողվի՞ արդյոք Սերժ Սարգսյանին հասնել նրան, որ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը համապետական ընտրություններին մասնակցի Հանրապետական կուսակցության հետ միասնական ցուցակով: Եթե հաջողվի՝ կնշանակի, որ Հայաստանի քաղաքական դաշտում մի կուսակցական սուբյեկտ դադարեց գոյություն ունենալ: Ինչպես «Օրինաց երկիր»-ն է այսօր դարձել ՀՀԿ պահանջների սպասարկուն, այդպես էլ Գագիկ Ծառուկյանն է վերածվելու ՀՀԿ-ին սպասարկող մի կառույցի: Շատերի համար միգուցե սա նորություն չթվա, եւ շատերը միգուցե ասեն, որ Ծառուկյանը միշտ էլ եղել է ՀՀԿ-ին կամ Սերժ Սարգսյանին սպասարկողը, սակայն դա, իհարկե, այդպես չէ, որովհետեւ Ծառուկյանն ակնհայտորեն դիմադրում է, ինչի վկայությունն այն է, որ համաձայնությունը բավական դժվարությամբ է կայանում: Ծառուկյանը շատ լավ գիտակցում է, որ իրեն արթուրբաղդասարյանացում է սպառնում»:

«Հայոց Աշխարհ»-ում կարդում ենք. - «ՀԱԿ քարոզիչները մինչեւ կեսօր «հակասություններ» ու «լարվածություն» են պեղում իշող կոալիցիայի կուսակցությունների, մասնավորապես ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, հետմիջօրեին «վերլուծում» ու ճոխացնում են «հակասությունները», դե, իսկ երեկոյան արդեն սկսում են փքուն դատողություններ անել «ինչ է սպասվում ԲՀԿ-ին, եթե...» թեմայով։ Եթե այդ վերլուծիչներին լսես, կարելի է կարծել, թե կոալիցիայի մեջ լինելը մի սարսափելի ու արատավոր, վատ բան է, ի լրումն՝ այս կամ այն ուժի ինքնուրույնության կորուստ։ Այս ամբողջ ժամանակահատվածում էլ կարծես ինքնուրույնության կորստի հարց կամ որպես ինքնուրույն ուժ նույնականացվելու խնդիր կոալիցիայի անդամ ուժերից որեւէ մեկը չի ունեցել եւ չունի էլ։ Ոչ մի խոսք այն մասին, որ նույն այդ կոալիցիան ձեւավորվել է ընտրությունների արդյունքում, քաղաքական ակտով, որը ոչ ոք չեղյալ չի հայտարարել»։

«168 ժամ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում եթե ՀՀԿ-ն նորից մեծամասնություն ձեռք բերի, կրկին ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին կհրավիր՞ի կոալիցիա կազմել: Թե՞ գործող կոալիցիայի փորձից ելնելով` այս անգամ կառավարությունը միայնակ կձեւավորի»: Պատասխան. - «Կարող էինք կոալիցիա չկազմել, եւ մի փոքր դժվարություններ ունենալ քաղաքական, օրենսդիր եւ գործադիր մարմիններում որեւէ խնդիր լուծելիս: Եթե իշխանությունը մեծ է, այդ խնդիրները հեշտ են լուծվում: Մենք չենք մտածել միայն մեր կուսակցության մասին եւ չենք հավաքել բոլոր պորտֆելները: Արդյունքում` բավականին նեղացած մարդիկ ունեինք, որոնք կարող էին նախարարի կամ այլ պաշտոնի լինել, բայց չեղան, որովհետեւ կոալիցիա եղավ: Մենք մեծ կուսակցություն ենք, պատրաստված գործիչներ ունենք, եւ, ի վերջո, այդ մարդիկ եկել են կուսակցություն` հարգելով մեր գաղափարախոսությունն ու ծրագիրը: Ի վերջո, գիշերներ չեն քնել, որ մենք լինենք մեծամասնություն: Նրանք իրավունք ունեն ասել, թե մենք ենք կառավարողը, եւ մեզ հասանելիք տեղերը դուք բաժանեցիք կոալիցիայի մեջ: Ճիշտ չէ, երբ քո կուսակցության անդամը գիշեր-ցերեկ աշխատում է, իսկ պորտֆելների մի մասը բաժին է հասնում այլ կուսակցությունների»:

«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Լիսկային պետք է արժանին մատուցել. փաստորեն, եթե պետք է, նա կարող է նաեւ զղջալ «մուշտի տալու» համար: Կարող էր չէ՞ դա չանել, ի վերջո, ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ էլ, թերեւս, վերջինն է լինելու: Բայց զղջալով` նա ծառայություն է մատուցել հատուկ քննչական ծառայության քննիչներին, որոնք, նաեւ դրանից կառչելով, հարուցված քրեական գործը կարճեցին: Հակառակ դեպքում` խեղճերը պետք է այլ հնարքներ գտնեին Լիսկային այդ թեթեւ գլխացավանքից ազատելու համար, որովհետեւ, ուղղակի, թե անուղղակի, իջեցված քաղաքական պատվերը, հրահանգը դա էր: Սա ո՛չ Սիլվա Համբարձումյանի, ո՛չ էլ հասարակության հաղթանակը չէր, այլ պետական ինստիտուտների, իրավապահ համակարգի հերթական պարտությունն էր զոռբայության, ամենաթողության, անպատժելիության եւ իշխանական կոնյունկտուրայի նկատմամբ: Սա պետության պարտությունն էր, առաջին հերթին, իր քաղաքացու առջեւ»:

«Առավոտ»-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը, ամփոփելով անցնող տարին` 2011 թվականը, ասել է, որ «ՀԱԿ-ը մի քանի ձեռքբերումներ ունեցավ». - «Մասնավորաբար, քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, Ազատության հրապարակը վերաազատագրվեց, ՀԱԿ-ը դարձավ համակարգային քաղաքական միավոր, ինչը չունեն «կոալիցիա ձեւավորած կրիմինալ, նոմենկլատուրային քաղաքական ուժերը»: Շարունակելով իր գնահատականները` Մակեյանը ասել է. - «ՀԱԿ-ի լրջագույն թերացումն այն է, որ ռեժիմը դեռեւս գործում է: Թերացումների առումով մենք նաեւ բարձրաձայնել ենք մեր տեսակետը երկխոսության եւ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասով, բայց հիմնականն այն է, որ մենք չենք կարողացել իշխանափոխություն իրագործել»:
please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG