Մատչելիության հղումներ

2012-2013-ը իրավապաշտպանների համար «դժվար» են լինելու


Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կոնֆերանսը Երեւանում: 6-ը ապրիլի, 2010 թ.
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կոնֆերանսը Երեւանում: 6-ը ապրիլի, 2010 թ.

Իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանի համոզմամբ, Հայաստանում գալիք երկու տարիները իրավապաշտպանների համար «դժվար ժամանակաշրջան են լինելու»` կապված խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման հետ:

«Ամեն դեպքում լարված է լինելու: Զուտ իրավապաշտպանների համար միանշանակ դժվար ժամանակաշրջան ենք ունենալու: Խախտումներն էլ շատ կլինեն ե’ւ իրավապաշտպանների նկատմամբ, ե’ւ լրագրողների նկատմամբ… Եթե չենք խոսում քաղաքագիտական վերլուծությունների մասին, այլ զուտ այդ տեսանկյունից, ակնհայտ է, որ մյուս տարին կլինի ավելի վատ, քան այս տարին, իսկ դրան հաջորդող տարին, երբ կլինեն նախագահական ընտրություններ, կլինի է’լ ավելի վատ, քան 2012-ում կամ 2011-ում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղար, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Կիրակոսյանն այսօր լրագրողներին էր ներկայացնում «Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիայի» 2011 թվականի տարեկան զեկույցը, որն ամփոփում է իրադրությունը տարբեր տարածաշրջանների 70 երկրներում 2010 թվականի հունվարից մինչեւ 2011 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում:

«Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիա»-ն Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի եւ Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպության համատեղ ծրագիրն է:

«2010 թվականին «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում ներկայացված փոփոխությունները մտահոգիչ են, քանի որ կարող են սահմանափակել միավորումների ազատության իրավունքը: Մինչդեռ 2011 թվականին ընդունված «Հավաքների մասին» օրենքն ավելի արդյունավետ է երաշխավորում հավաքների ազատությունը: 2010 թվականին խաղաղ հավաքները գործնականում սահմանափակված էին: Դրական զարգացում է այն, որ 2010 թվականին դադարեցվեցին 3 իրավապաշտպանների նկատմամբ դատական գործընթացները», - ասված է, մասնավորապես, փաստաթղթի` Հայաստանին վերաբերող հատվածում:

Արտակ Կիրակոսյանը Հայաստանում իրավապաշտպանների պաշտպանության ոլորտում դրական տեղաշարժերին վերաբերող հարցին ի պատասխան ասաց. - «Կարծում եմ, որ ամենահիմնական դրական տեղաշարժը այն է, որ իրավապաշտպանությունը այսօր չի ընկալվում զուտ պրոֆեսիոնալ իրավապաշտպան կազմակերպությունների գործ: Ընդհանուր տրամաբանությունը զեկույցի այն է, որ մարդիկ, ովքեր զբաղվում են ուրիշների իրավունքների պաշտպանությամբ, կարող են կոչվել իրավապաշտպան, ու իրենք պետք է պաշտպանված լինեն»:

Ամենամեծ նվաճումը Կիրակոսյանը համարում է այն, որ այսօր ունենք «մարդկանց մի ստվար զանգված, ովքեր զբաղվում են իրավապաշտպանությամբ, որը մենք տասը տարի առաջ չունեինք». - «Այսօր շատ երիտասարդներ անգամ կարիք չունեն «պրոֆեսիոնալ իրավապաշտպանների», քանի որ նրանք իրենց գործը առանց դրա էլ անում են: Այդ իմաստով, ես կարծում եմ, շատ էականորեն փոխվել է ընկալումը ե'ւ հասարակության մեջ, ե'ւ բոլորի կողմից իրավապաշտպանների նկատմամբ, ու դա շատ դրական տենդենց է: Այսինքն` այդ մարգինալիզացիան, որ տեղի է ունենում Ռուսաստանում եւ ուրիշ տեղերում, Հայաստանում չկա, որովհետեւ շատ-շատ մարդիկ են ներգրավված այդ պրոցեսի մեջ»:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, սակայն, գտնում է, որ իրավապաշտպանների պաշտպանվածության մասով նախորդ տարիների համեմատ դրական տեղաշարժ չկա:

«Դրական տեղաշարժ չի կարող լինել, քանի որ մարդու իրավունքները ոտնահարվում են, հետեւաբար իրավապաշտպանները աշխատում են եւ իրավապաշտպանները միշտ բերում են իշխանություններին անհանգստություն: Եվ եթե նրանք բերում են անհանգստություն, ուրեմն նրանք պաշտպանված էլ չեն, որովհետեւ մեր իշխանությունները կարող են անել ամեն ինչ իրավապաշտպանի հետ` սկսած հարձակումից, վերջացրած ինչ-որ քրեական գործ հարուցելով»:

Դանիելյանի համոզմամբ, թեեւ իրավապաշտպանների նկատմամբ բռնությունների դեպքեր չեն գրանցվել, այդուհանդերձ չի կարելի իրավիճակը դրական համարել:
please wait

No media source currently available

0:00 0:03:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG