Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 13-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Դատելով իշխանության վերջին ամիսների պահվածքից, ակնհայտ է մի բան` Սերժ Սարգսյանը կարծես թե միարժեք հասկացել է, որ եթե ուզում է ի վերջո տիրապետել Հայաստանի իշխանությանը, ապա պետք է գնա որակապես այլ քայլերի, այլապես ինքը դատապարտված է հավերժորեն լինել Ռոբերտ Քոչարյանի ստվերում: Պարզ է, որ այստեղ ամենեւին պետք չէ փնտրել Սերժ Սարգսյանի մարդասիրության, կամ ժողովրդավարասիրության բռնկման նշաններ կամ ապացույցներ: Այն ոճը, որ վերջին շրջանում որդեգրել է Սարգսյանը, պարզապես թելադրված է իշխանություն պահպանելու մղումով: Պարզապես նա լավ է հասկանում, որ ներկայումս անհնար է մահակով իշխանություն պահել, կամ հույս դնել առավելապես մահակի վրա: Կասկած չկա, որ եթե ասենք Սերժ Սարգսյանը նախագահ լիներ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, նա նույն ինտենսիվությամբ, ինչ եւ Քոչարյանը, կդիմեր մահակի օգնությանը»:

«168 ժամ»-ի թղթակցի հարցին` «Ձեր կարծիքով` առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին կհաջողվի՞ մեծամասնություն ունենալ ԱԺ-ում», ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է. - «Ես չեմ կարծում, ես համոզված եմ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է լինելու ԱԺ-ում»: «Նույնիսկ այն պարագայում, եթե ԲՀԿ-ն արձագանքի ՀԱԿ առաջնորդի կոչին ու համագործակցի՞ ՀԱԿ-ի հետ: Եվ, ի՞նչ եք կարծում` նման զարգացումների դեպքում ՀՀԿ-ն չի՞ տուժի» դիտարկմանը նա պատասխանել է. - «Մի բան հստակ կարող եմ ասել. Գագիկ Ծառուկյանը հնարավոր է միանա մյուս բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից: Դա իմ անձնական համոզմունքն է: Նախ` Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է, հետո` կոալիցիոն գործընկերն է, ես նրա հետ ամենօրյա շփում ունեմ, եւ նա այնքան խելացի մարդ է, այնքան է սիրում իր երկիրը, որ հաստատ չի միանա Լեւոն Տեր-Պետրոսյանին: Տեր-Պետրոսյանից իր համախոհներն են փախչում, Ծառուկյանը խելացի մարդ է, ինչո՞ւ պետք է գնա նրա հետեւից: Նա ցանկացած մարդու հետ կարող է ճանապարհ գնալ, բացի Տեր-Պետրոսյանից, իմ կարծիքով` չի գնա»:

«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «ՀՀԿ-ի հետ դաշինքով, միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելու դեպքում ԲՀԿ-ն փաստացի կմերժի իրեն ուղղված` ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին տերպետրոսյանական «քաղաքագիտական» առաջարկությունները։ Երբ որեւէ այլ քաղաքական ուժ սկսում է կողմնորոշվել իշխանության հետ իր հարաբերությունները կառուցելու հարցում, «արմատական ընդդիմության» թեւից դա սկսում են գնահատել «ավազակապետական ռեժիմին» սպասարկելու, ժողովրդի թշնամին լինելու իրենց կողմից շրջանառության մեջ դրված «կոնցեպցիայի» համատեքստում։ Բայց երբ իրենք են սկսում իշխանության մասը կազմող ուժերի հետ գործակցություն փնտրել, կամ երկխոսել հենց այդ իշխանության հետ, դրանք ոչ թե անսկզբունքայնության դրսեւորումներ են, այլ «real politik»-ի կարգի քաղաքագիտական վերլուծություններ։ Իսկ նման վերլուծություններ, ինչպես հայտնի է, կոնգրեսականներից բացի, ոչ ոք անել չի կարող։ Այդ իրավունքը միայն ու միայն ՀԱԿ-ինն է»։

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը, համեմատելով Հայաստանի եւ Ռուսաստանի ներքաղաքական զարգացումները, մասնավորապես, գրում է. - «Ե'վ Ռուսաստանում, ե'ւ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, որ դրանցից ամիսներ անց տեղի են ունենալու նախագահական ընտրությունները: Բայց Ռուսաստանում առայժմ չի երեւում, թե ով կարող է արժանի մրցակցություն ցույց տալ Պուտինին: Միրոնովը հաստատ լուրջ չէ, Ժիրինովսկուն նախագահի պաշտոնում չեն ցանկանում տեսնել անգամ նրա կողմնակիցները, իսկ կոմունիստ նախագահ ունենալու հեռանկարը սարսափեցնում է Ռուսաստանի բնակչության առնվազն երկու երրորդին: Իսկ Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է. այստեղ նախագահի շատ ավելի լուրջ եւ ծանրակշիռ թեկնածու կա, ինչն էապես փոխում է իրավիճակը»:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Առավոտ»-ի հետ զրույցում գնահատելով իր մեկամյա գործունեւությունը նախարարի պաշտոնում` ասել է, թե դատական իշխանության համակարգի խնդիրները շարունակում են մնալ ամենաբարդ խնդիրներից մեկը. - «Մեր հասարակության 82 տոկոսից ավելին անվստահություն ունի դատական իշխանության նկատմամբ, ինչը ես կրիտիկական եմ համարում: Այստեղ ե’ւ օբյեկտիվ, ե’ւ սուբյեկտիվ կողմ կա, եւ ամեն ինչ բարդել դատական իշխանության վրա` չի կարելի: Ունենք կայացման փուլում գտնվող փաստաբանական ծառայություն, որտեղ, ցավոք, կան մարդիկ, ովքեր իրենց պարտքն են համարում ամեն պարտված գործից հետո, անկախ այն հանգամանքից` իրենք ճիշտ էին, թե չէ. լրատվամիջոցներին փոխանցել, որ դատավորը մեղավոր էր, ինքը` ճիշտ, առնվազն իր վստահորդի մոտ արդարանալու համար»:
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG