Մատչելիության հղումներ

Այս շաբաթ «Մարտի 1»-ի գործով զեկույց կհրապարակվի


Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանը (ձ) եւ նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանը (ձ) եւ նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը
Նախաքննական մարմինը այս շաբաթ կհրապարակի հատուկ զեկույց, որում մանրամասն ներկայացվելու են 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման ուղղությամբ շուրջ 4 տարի ընթացող աշխատանքներն ու «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի արձանագրած արդյունքները:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 5-ի լիագումար նիստում ընդունված 1837 բանաձեւում ամրագրվել էր մինչեւ այս տարեվերջ «հանրությանը հասանելի զեկույց հրապարակելու անհրաժեշտությունը»: ԵԽԽՎ-ն պահանջել էր, որպեսզի նույնիսկ 10 հոգու մահվան համար անհատական պատասխանատվության հարցը լուծելու հնարավորություն չունենալու պարագայում պատճառները լիարժեքորեն բացատրվեն քննչական մարմնի վերջնական կամ առնվազն միջանկյալ զեկույցում: Առաջիկա օրերին հրապարակվելիք զեկույցը վերջնական չի լինելու, քանի որ, ինչպես «Մարտի 1»-ի քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը այսօր հայտարարեց, նախաքննությունը չի ավարտվել կամ դադարել:

«Նույն տեմպով նախաքննությունը շարունակվում է», - ասաց Հարությունյանը:

Թեեւ 10 հոգու մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ որեւէ առաջխաղացում չկա, սակայն, ըստ Վահագն Հարությունյանի, «Մարտի 1-ի» գործի քննությունը դեռ տեւական ժամանակ չի կասեցվի: «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նորանշանակ ղեկավար Վաղինակ Ջանազյանն էլ այսօր հավաստիացրեց, որ ջանասիրաբար աշխատելու է դեպքերի բացահայտման ուղղությամբ:

«Յուրաքանչյուր քննիչի պարտքն է, ցանկությունը եւ երազանքը, որ իր վարույթում չբացահայտված հանցագործության դեպքեր չլինեն: Մեր քննչական խմբի աշխատանքները ինտենսիվ շարունակություն են ունենալու, մինչեւ որ հասնենք մեր բոլորի ուզած արդյունքին, այսինքն դեպքերի բացահայտմանը», - ասաց Ջանազյանը:

«Մարտի 1»-ի գործով հարցաքննությունները շարունակվում են, վերջին ամիսներին մոտ 500 նոր վկաներ են հարցաքննվել: Ի դեպ հարցաքննված ամենաբարձր պաշտոնյաները փոխոստիկանապետերն են, ովքեր մարտի 1-ին անմիջականորեն ղեկավարել են օպերատիվ հետախուզական եւ, Վահագն Հարությունյանի բնորոշմամբ, «զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված» միջոցառումները: Համենայնդեպս, քննչական խմբի նախկին ղեկավարը չնշեց այլ պաշտոնյաների անուններ եւ անպատասխան թողեց «Ազատություն» ռադիոկայանի այն հարցը, թե արդյո՞ք Հայաստանի երկրորդ եւ առաջին նախագահները այդպես էլ չհարցաքննվեցին:

Մահվան տասը դեպքերից յոթի գործով դեռ կասկածյալներ էլ չկան: Մյուս երեքի` «Չերյոմուխա-7» հատուկ միջոցների կիրառումից զոհվածների գործով մեղադրվող չորս ոստիկաններն էլ դեռ ազատության մեջ են, քանի որ նախաքննական մարմնի համար անհնար է նույնականացնել, թե ում գործադրած հատուկ միջոցից կոնկրետ ով է զոհվել: «Մարտի 1»-ի գործի քննությունը վերահսկող դատախազ Կորյուն Փիլոյանը այսօր զարմացած արձագանքեց, թե ի՞նչ անեն, հո չորսին էլ չեն դատելո՞ւ:

«Երեք զոհերին, որոնք «Չերյոմուխաների» արդյունքում են զոհվել, չորս ոստիկաններ են կրակել, այսինքն եթե ամեն մեկը մեկին է սպանել, գոնե մեկն անմեղ է, ավելին` կարո՞ղ էր մեկը, չէ՞, երեքին կրակել, ի՞նչ անենք, դնենք, չորսը մարդու դատենք, ասենք` ոնց էլ լինի, մեղավորը դրանց մեջ կլինի», - ասաց Փիլոյանը:

Հիշեցնենք` «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարը Վահագն Հարությունյանիը անցած ամիս նշանակվեց ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետի պաշտոնում: Նրա պաշտոնեական առաջխաղացումը մարտի 1-ի զոհերի հարազատներն ու նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները որակեցին «իշխանությունների կողմից պարգեւատրում մարտի 1-ի բացահայտումը տապալելու համար»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է արձագանքում նշված գնահատականներին, Հարությունյանը հրաժարվեց պատասխանել: Նրա փոխարեն պատասխանպատասխանելով` դատախազ Կորյուն Փիլոյանը ընդգծեց, որ քննչական խմբում երիտասարդ մարդիկ են աշխատում, հո՞ ամբողջ կյանքում նույն տեղում չեն դոփելու:

«Դատապարտե'նք ցմահ նույն տեղում մնալու, քանի որ վարույթում ունեցել է կոնկրետ գործ, որը ցանկացած փուլում կարող է շարունակվել, կարծում եմ` բնավ ճիշտ չի լինի: Երբեք չի կարելի մոռանալ այն ամբողջ կատարված դրականը, աշխատանքների ծավալը, չքնած գիշերները, և տեսնել միայն չբացահայտված մասը: Ինչո՞ւ եք մոռանում, որ ի վերջո մի ամբողջ հսկայածավալ աշխատանք կատարվեց եւ հանցագործություններ բացահայտվեցին», - ասաց Փիլոյանը:

Մահվան հանգամանքների չբացահայտման համար Փիլոյանը առավելապես մեղադրեց դեպքերին ականատես քաղաքացիներին, որոնք չեն հայտնում իրենց տեղեկությունները:

«Յուրաքանչյուր անձ գնացել է իր հարազատի, իր մտերիմի հետ: Լա՞վ, այդ հարազատներից, ծանոթներից, մտերիմներից ոչ ոք այդ պահին զոհի կողքը չեղա՞վ, չտեսա՞վ այդ պահը, որ կարողանար մեզ ինչ-որ փոքր նշույլ տալ` աշխատելու, բացահայտելու: Պարոն Հարությունյանը չլիներ քննչական խմբի ղեկավարը, ես լինեի կամ ձեզնից յուրաքանչյուրը, լինելու էր նույն իրավիճակը: Դա օբյեկտիվ վիճակ է, ոչ թե կոնկրետ անձի սուբյեկտիվ ցանցկություն», - ասաց Փիլոյանը:

Մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների հարազատները վրդովված են այս հայտարարություններից: Նրանք «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հանդիպում են պահանջում քննչական խմբի նոր ղեկավարի հետ:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG