Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հետընտրական կրքերը չեն հանդարտվում


Ոստիկանները Մոսկվայում բերման են ենթարկում ընդդիմադիր երիտասարդի, 6 դեկտեմբեր, 2011
Ոստիկանները Մոսկվայում բերման են ենթարկում ընդդիմադիր երիտասարդի, 6 դեկտեմբեր, 2011
Ռուսաստանում դեկտեմբերի 4-ի խորհրդարանի ընտրություններից հետո չդադարող բողոքի ակցիաները կասեցնելու նպատակով ոստիկանությունը ձերբակալել է մոտ 600 քաղաքացու, չնայած քաղաքային իշխանությունները չեն արգելել Մոսկվայի կենտրոնում արդեն երրորդ օրը շարունակվող հանրահավաքը:

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը դատապարտել է Մոսկվայում ընդդիմադիրների ձերբակալությունները:

«Խաղաղ ցուցարարներին ձերբակալելու փաստը կառավարության լավ նկարագրի մասին չի վկայում եւ դա ընդունված չէ ժողովրդավարական հասարակարգերում», - հայտարարել է Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հարգել ընտրություններից դժգոհ մարդկանց վերաբերմունքը: Նա չի բացառել ընդդիմադիր շարժմանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:

Իր հերթին «Յաբլոկո»-ի շարժման ղեկավարը ընդդիմադիրներին կոչ է արել հրաժարվել մանդատներից:

«Եթե համարում եք, որ ընտրակեղծիքներն այդքան շատ են, ապա վայր դրեք մանդատները եւ այդպիսով ստիպեք անցկացնել նոր ընտրություններ», - հայտարարել է Գրիգորի Յավլինսկին:

«Եդինայա Ռոսիա»-ի աջակիցների հանրահավաքը Մոսկվայի Պուշկինի հրապարակում, 7 դեկտեմբեր, 2011
«Եդինայա Ռոսիա»-ի աջակիցների հանրահավաքը Մոսկվայի Պուշկինի հրապարակում, 7 դեկտեմբեր, 2011
Ընդդիմության բողոքի ցույցերին զուգահեռ հազարավոր պատանիներ, կրթական հաստատություններից, շատ դեպքերում՝ 13-15 տարեկան անչափահասներ թմբկահարում են` «Եդինայա Ռոսիա»-ին աջակցող հայտարարությունների զուգորդմամբ:

Հակառակ կողմի բողոքի ահագնացող ալիքի գագաթնակետն, ըստ ընդդիմադիր գործիչների, կլինի դեկտեմբերի 10-ը: 3 օրից՝ շաբաթ օրը, Մոսկվայի Հեղափոխության հրապարակում նախատեսված է համառուսաստանյան ցույց:

«Առաջին անգամ եմ տեսնում այս տեսակ ամբոխ: Տասնյակ հազարավոր երիտասարդներ քաջություն են ունեցել դուրս գալ փողոց», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանն ասել է «Սոլիդարնոստ» շարժման ներկայացուցիչ Միխայել Շնայդերը:

Ընդդիմադիրները հայտարարում են, թե «պաշտոնյաները ոչ միայն վախեցել են, այլ խուճապի են մատնվել, որ զանգվածային բողոքի ակցիաներին են միանում նոր խմբեր. նրանք վախենում են թավշյա հեղափոխությունից»:

Լրագրողների ձերբակալություններ

Ռուսաստանում չմեղմացող բողոքի ալիքի հետեւանքով ձերբակալվում են լրագրողները:

«Ինձ թվում է՝ քաղաքական մարտերի փոշին խանգարում է իշխանությանը եւ ուժային կառույցներին, հիշել, որ լրագրողները կատարում են իրենց մասնագիտական պարտքը», - հայտարարել է Ռուսաստանի հասարակական պալատի Ազատ խոսքի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Պավել Գուսեւը:

Ռուսաստանի ժուռնալիստների միության հայտարարության մեջ նշված է. - «Մոսկվայում զանգվածային ձերբակալությունները եւ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ բռնությունները համարում ենք հանրության բերանը փակելու, վախեցնելու փորձ»:

Ոստիկանությունը ընտրակեղծիքների դեմ պայքարող քաղաքացիներին ձերբակալելով` նրանց ենթարկում է նախնական պատժի՝ 15-օրվա վարչական կալանքի: Ձերբակալվածների թվում են «Новая газета»-ի, «Коммерсант»-ի, «Forbes»-ի եւ մի շարք այլ լրատվամիջոցների աշխատակիցները:

Զրահատեխնիկա՝ Մոսկվայում

Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակին հարակից փողոցներում կան ոստիկանության ավտոբուսներ, հատուկ ջոկատայիններ եւ հատուկ տեխնիկա: Ռուսական կայքերը տեղեկատվություն են հրապարակում նաեւ զրահատեխնիկայի առկայության մասին:

Իրավիճակը հանդարտ չէ նաեւ Սանկտ Պետերբուրգում: Այնտեղ բողոքի ակցիա անցկացնելու մտադրություն ունեցող տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել: «Ֆրանս պրես»-ը հաղորդում է 50 ձերբակալվածի մասին: Բողոքի ակցիաներ են սկսվել նաեւ Կալինինգրադ քաղաքում:

Չնայած բորբոքվող կրքերին եւ հակակառավարական հայտարարություններին՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով` նախագահի առաջիկա ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի մարտի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG