Մատչելիության հղումներ

Ուսանողներն իրենց բիզնես նախագծերը միայն թղթի վրա են պատկերացնում եւ կառուցում


Մրցույթին աշխատանքներ էին ներկայացրել Հայաստանի բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների շուրջ 40 ուսանողներ, սակայն նրանցից ընտրվել էին միայն 7-ը: 1-3 տեղերը զբաղեցնողներն արժանացան դրամական պարգեւների:

«Յուրաքանչյուր տարի ուսումն ավարտում են հազարավոր տնտեսագետներ, սակայն այսօր աշխատաշուկայում կա ժամանակին համահունչ, նորարար, ստեղծագործ մտքով շրջանավարտների պահանջ», - ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Մրցույթի ժյուրին կազմված էր ՀՀ կրթության եւ գիտության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների, Կենտրոնական բանկի եւ Պետական եկամուտների կոմիտեի մեկական ներկայացուցիչներից:

Առաջին տեղին արժանացած Խաչիկ Բոստանջյանը իր նախագծում առաջարկել էր զարգացել թեթեւ արդյունաբերությունը, մասնավորապես, գորգագործությունը. - «Առաջարկել եմ միջազգային շուկա դուրս գալ: Եվրոպայում հիմնականում վաճառվում են իրանական եւ արաբական գորգերը, մենք էլ մեր գորգերով կարող ենք ներկայանալ: Սակայն այս ամենը իրագործելու համար անհրաժեշտ է շատ լուրջ աջակցություն, կապեր արտասահմանյան կազմակերպությունների հետ»:

Գավառի պետական համալսարանի ուսանող Էդուարդ Ղազարյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, թեեւ տեսականորեն պատկերացնում է, թե ինչ կարելի է անել տնտեսությունը զարգացնելու, սեփական գործն ունենալու համար, սակայն գիտակցում է, որ մեր երկրում շարքային երիտասարդի համար բիզնես սկսելու համար պայմանները նպաստավոր չեն:

«Նպաստավոր պայմաններ այսօր չկան: Մեր երկիրը կարծես բաժանված լինի երկու մասի` Երեւան եւ մարզեր: Ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում, իսկ մարզերում բիզնես ունենալը, տնտեսության զարգացմանը նպաստելը շատ դժվար է», - նշեց Էդուարդը:
XS
SM
MD
LG