Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 3-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ի թղթակիցը Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին հարցնում է. - «Մամուլում համառորեն շրջանառվում եւ առանց մեկնաբանության է մնում ՀՀԿ - ԲՀԿ հակամարտության թեման: Թմրամիջոցներ պահելու համար օրերս իրականացված ձերբակալություններն իրո՞ք այդ հակամարտության արտահայտությունն են»: Պատասխան. - «Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ ոստիկանության բնականոն գործունեությունը որոշ լրատվամիջոցների կողմից քաղաքականացվեց ու միտումնավորությամբ ներկայացվեց այն բանից հետո, երբ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդը հայտնեց ԲՀԿ-ի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը: Իրականում տեղի ունեցած ձերբակալությունները որեւէ քաղաքական ենթատեքստ չունեն, քանի որ քրեական հանցանք կատարելու մեղադրանքով ձերբակալված անձինք կարող են լինել ե՛ւ անկուսակցական, ե՛ւ ցանկացած կուսակցության անդամ: Չի բացառվում, որ նախկինում կամ վաղը նույն մեղադրանքով ձերբակալվեն անձինք, ովքեր կլինեն Հանրապետականի կամ մեկ այլ կուսակցության անդամ»:

«168 ժամ»-ը զրուցել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Որքա՞ն հեռու կարող են գնալ այս [«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ծավալվող] իրադարձությունները»։ Պատասխան. - «Ես կարծում եմ, որ եթե ՀՀԿ-ն իսկապես կորցրել է իրողությունները ճիշտ գնահատելու ունակությունը եւ շարունակի այդ ճնշումները, դրա հետեւանքը կարող է լինել այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար չափազանց ցանկալի սցենարը կիրականանա։ ՀԱԿ-ի համար ցանկալի է, որպեսզի խորհրդարանական ընտրություններին իր հիմնական մրցակիցներ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առճակատում լինի։ ՀԱԿ-ի համար չափազանց նպաստավոր կլինի, եթե անհաղթահարելի հակասություններ առաջանան ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, այդ դեպքում, բնականաբար, երրորդը կշահի։ Ես քննադատաբար եմ վերաբերվում Սերժ Սարգսյանի ներքաղաքական մոտեցումներին մի շարք հարցերում, բայց, այնուամենայնիվ, հեռու եմ այն մտքից, որ նա տառապում է քաղաքական կարճատեսությամբ։ Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կգնա առճատկատման ճանապարհով եւ, ըստ էության, իր քաղաքականությունը կկառուցի այն սցենարի շրջանակներում, որը ցանկալի է Լեւոն Տեր-Պետրոսյանին»։

Անդրադառնալով նույն հարցին` «Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Մենք այժմ կփորձենք ուշադրություն հրավիրել մեկ ուրիշ հանգամանքի վրա, որը, մեր կարծիքով, այս ամբողջ պատմության ընթացքում անտեսվել է անարդարացիորեն, չի կարեւորվել թյուրիմացաբար։ Խոսքն այն մասին է, որ երբ Հայաստանում քննարկվում է պետության ճակատագրի համար կարեւոր զարգացումների համատեքստում ԲՀԿ պահվածքը, այդ կուսակցության ղեկավարը Դուբայում ՀՀ մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաների հետ զվարճանում է իր ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Այսինքն` իրականում սրանով է Ծառուկյանը տվել հենց առաջին իսկ պատասխանն այս ողջ քննարկումների ընթացքում։ Այսինքն` այս մարդը զվարճանքների մարդ է, որը կարեւորագույն քաղաքական պահին Հայաստանից հեռու զվարճանում է իր ծննդյան կապակցությամբ։ Ծառուկյանն ամենեւին եզակի չէ Հայաստանի օլիգարխիական համակարգում։ Պարզապես նրա բախտը չբերեց, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրա անունը տվեց նոյեմբերի 25-ի հանրահավաքում, որովհետեւ նրանից առաջ էլ բախտը չէր բերել, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն էր ընտրել Սերժ Սարգսյանի դեմ պայքարի ներիշխանական հիմնական գործիք»։

«Երկիր»-ը գրում է. - «Այս գումարման Ազգային ժողովի գործունեությանը մնացել է ընդամենը մեկ նստաշրջան եւ ակնհայտ է, որ անգամ մեծագույն ցանկության դեպքում ո՛չ Նիկոյանը, ո՛չ էլ Շարմազանովը այդ ընթացքում ոչինչ չեն կարող փոխել, չեն կարող ազդել խորհրդարանի գործունեության արդյունավետության վրա։ Նիկոյան - Շարմազանով զույգի պաշտոնավարումը պարզապես ԱԺ-ն առանց նախագահի չթողնելու պարզագույն խնդիրն է լուծելու։ Ո՛չ Նիկոյանը, ո՛չ էլ Շարմազանովը բացարձակապես չեն համապատասխանում անկախ օրենսդիր մարմնի ղեկավարների մասին պատկերացումներին։ Հովիկ Աբրահամյանը եւս չէր համապատասխանում, բայց ունեցած ազդեցությամբ եւ ամբիցիաներով կարողացել էր թեկուզ չնչին չափով ինքնուրույնություն ձեռք բերել, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց նրա պաշտոնանկությանը։ Նիկոյանն այդ հեղինակությունն ու ազդեցությունը չունի եւ դա պարզորոշ կերպով արտահայտվեց, երբ օրեր առաջ չէր կարողանում անգամ հանրապետական պատգամավորներին դահլիճ հրավիրել` քվեարկությունը բարեհաջող կազմակերպելու համար։ Նրան պարզապես հասկացնում են, որ չեն ուզում ենթարկվել մի մարդու, ով դրա իրավունքը պարզապես չի վաստակել իր գործունեությամբ։ Նիկոյանը, մարտի մեկի ողբերգական դեպքերի բացահայտման նպատակով ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը լինելուց բացի, ոչնչով աչքի չի ընկել»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Կիրակի օրը կայանալիք ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքներն, իհարկե, կանխատեսելի են` չնայած, այդ երկրի հեղինակավոր սոցիոլոգիական հարցումների համաձայն, «Միացյալ Ռուսաստանի» հաղթանակն այնքան էլ փայլուն չի լինելու։ Այն, որ թե Ռուսաստանում եւ թե Հայաստանում ուժերն իրականում քաղաքական չեն, որ նրանք առաջնորդվում են բացարձակապես ոչ քաղաքական, այլ խմբակային, կլանային էթիկայով, ապացուցեցին թեկուզ վերջին իրադարձությունները։ Բացահայտ կրիմինալ հակումներ ունեցող Սյունիքի մարզպետին «պլստացրեցին» պատասխանատվությունից, իսկ այս շաբաթ խորհրդարանում Շմայսի հայհոյանքներից հետո ոչ մի հանրապետականի լեզուն չպտտվեց գոնե կեսբերան դատապարտել պատգամավորի վարքը։ Ճիշտ հակառակը` բոլոր զինակիցներն արդարացրին իրենց «քաղցր աղբորը»։ Վերջերս ՀԱԿ-ը նոր ռազմավարություն է առաջ քաշել. միավորվել բանդիտների մի մասի հետ` բանդիտների մյուս մասին տապալելու համար։ Իրոք որ, քաղաքականությունն այն տեղը չէ, որտեղ պետք է գործել սպիտակ ձեռնոցներով։ Սակայն դա պարզապես սխալ հաշվարկ է` իշխանությունը իր բանդիտներին ոչ մեկի չի տա»։


please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG