Մատչելիության հղումներ

Հանրապետականը «նարկոմաններ եւ ալկոհոլիկներ չի ընդունում իր շարքերը»


Հանրապետականի խոսնակն հայտարարում է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը «վհուկների որսով» չի զբաղվում:

Հիշեցնենք, կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշ ներկայացուցիչների եւ համակիների նկատմամբ սկսված քրեական հետապնդումների ֆոնին օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց «նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալել եւ վհուկների որս չսկսել»:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
«Համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունը այնքան քաղաքական կամք ունի, որ երբեք չի իրականացնում վհուկների որս: Հայաստանի քաղաքական իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի Սահմանադրության պահանջը, այն է` իշխանությունների տարանջատման սկզբունքը գործի եւ դատական իշխանության խնդիրը, իրավապահ համակարգի խնդիրը, դա բացառապես իրավապահների խնդիրն է, եւ չեմ կարծում, որ այստեղ պետք է տալ քաղաքական գնահատական», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք` այս շաբաթ խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ձերբակալվեց ԲՀԿ-ի Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարը: Ավելի վաղ կրկին թմրանյութերի գործերով կալանավորվել էին ԲՀԿ-ի հետ առնչություն ունեցող եւս երկու անձինք: Անդրադառնալով այս դեպքերին` ԲՀԿ-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 30-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «վերջին շրջանում այնքան շատ եղան նման դեպքեր, որ արդեն իրեն ստիպում է խոսել ոչ թե պատահականությունների, այլ օրինաչափության մասին»:

Այս առնչությամբ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. - «Եթե կա հանցագործ, անկախ նրանից` իշխանություն է, թե ընդդիմություն, այս կամ այն կուսակցության ներկայացուցիչ է, խնամի է, թե փեսա է` դա քաղաքական կատեգորիաներ չեն: Օրենք է խախտել` պետք է պատժվի»:

Հանրապետականի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը եւս հայտարարեց, որ կոալիցիոն երկու գործընկերների մեջ որեւէ խնդիր չկա եւ թմրանյութերի շրջանառության հիմնավորմամբ` ԲՀԿ-ի ներկայացուցիչների ձերբակալությունները քաղաքական հիմք չունեն:

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյան
«Որեւէ քաղաքական հետապնդում ԲՀԿ-ի նկատմամբ չկա», - ասաց Զոհրաբյանը:

ՀՀԿ-ի փոխնախագահը հավելեց, թե «Բարգավաճ Հայաստանը» իր անդամների արարքների հետ ի՞նչ կապ ունի` «կուսակցական կառույցներում չկան նարկոդիսպանսերներ, որ ընդունելուց ստուգեն, տեսնեն դուք խմած եք, թե չէ, կամ նարկոտիկ օգտագործում եք, թե չէ»:

Զոհրաբյանի խոսքով, ընթացքում, երբ որ պարզվում է, որ այս կամ այն անձնավորությունը թմրամոլ է, նա չեզոքացվում է:

Հարցին, թե իսկ Հանրապետական կուսակցությունում նման դեպքեր լինո՞ւմ են, որեւէ Հանրապետականի նարկոբիզնեսի համար ձերբակալե՞լ են, Զոհրաբյանը պատասխանեց. - «Դա տեղի է ունենում ներքին կարգով. եթե այդ անձնավորությունն իսկապես այդ մարդն է, տեղական կառույցները հեռացնում են, որովհետեւ մենք նարկոմաններ եւ ալկոհոլիկներ չենք ընդունում մեր կուսակցություն»:

please wait

No media source currently available

0:00 0:05:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG