Մատչելիության հղումներ

Լոնդոնը հակադարձում է Թեհրանում իր դեսպանատան վրա հարձակմանը


Իրան - Բողոքի ակցիայի մասնակիցները այրում են բրիտանական դրոշը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց, 29-ը նոյեմբերի, 2011թ.
Իրան - Բողոքի ակցիայի մասնակիցները այրում են բրիտանական դրոշը Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց, 29-ը նոյեմբերի, 2011թ.
Վաղը լրանում է 48 ժամը, որ Մեծ Բրիտանիան տվել է իրանական դիվանագիտական կորպուսին` երկրի տարածքը լքելու համար: Մեծ Բրիտանիան այս կերպ պատասխանում է Թեհրանում իր դեսպանատան վրա կատարված հարձակմանը:

Մի խումբ երիտասարդներ երկու օր առաջ գրոհել էին Թեհրանում Միացյալ Թագավորության դեսպանատունը` կոտրելով ապակիները, այրելով բրիտանական դրոշը: Հարյուրավոր ցուցարարներ հարձակվել էին նաեւ դեսպանատան աշխատողների համար հատկացված բնակելի շենքերի վրա:

Դեսպանատան վրա հարձակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պաշտոնական Լոնդոնը որոշեց Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել` այդ երկրի միջուկային ծրագրի կապակցությամբ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը չորեքշաբթի օրը խորհրդարանում ելույթ ունենալով հայտարարել է. - «Ցուցարարների մեծ մասը «Բասիջ» կոչվող կազմակերպության ուսանողներից էին, սկզբից եւեթ հարկ է հստակ նշել, որ այս կազմակերպությունը ղեկավարվում է Իրանի իշխանությունների կողմից: Ցուցարարները կանոնակարգված հարձակվել են դեսպանատան աշխատակիցների բնակարանների եւ դեսպանի առանձնատան վրա, նրանք ջարդուփշուր են արել գույքը, գողացել են նրանց ունեցվածքը` ներառյալ անձնական իրեր, եւ հրդեհել են դեսպանատան գրասենյակը»:

Հեյգը շեշտել է, որ արդարացումներ կարելի է գտնել միշտ, սակայն անհնար է հավատալ, որ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել դեսպանատունը, կամ որ այդ գործողությունները կատարվել են առանց ռեժիմի որոշակի թույլտվության:

Չորեքշաբթի երեկոյան Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հերքել է այս մեղադրանքները։ Նա հայտարարել է, թե Թեհրանում բրիտանական դեսպանատան վրա հարձակումը եղել է ինքնաբուխ եւ անակնկալ, իսկ պատճառ է հանդիսացել մի քանի ցուցարարների զայրույթը Իրանի հանդեպ Մեծ Բրիտանիայի դիրքորոշման կապակցությամբ։ Սակայն շնորհիվ իրենց զգոնության եւ ձեռնարկված միջոցառումների` բրիտանական դեսպանատան աշխատակիցները չեն տուժել, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ մեղավորները կպատժվեն:

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Թեհրանում փակ է, քանի որ անձնակազմն արդեն տարհանվել է անվտանգության նկատառումներով: Մեկնաբանելով դեսպանատունը փակելու Լոնդոնի որոշումը` Մեհմանփարասթը այդ քայլը համարել է շտապողականություն:

Չնայած հնչեցրած կոշտ հայտարարություններին՝ Հեյգը իր ելույթում ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունները պաշտոնական Թեհրանի հետ ամբողջովին չեն խզում, որպեսզի կարողանան քննարկել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը:

Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակման փաստը արձագանք է գտել նաեւ եվրոպական այլ պետություններում: Նորվեգիան արդեն իսկ հայտարարել է, որ ժամանակավորապես փակում է իր դեսպանատունը Թեհրանում՝ անվտանգության նկատառումներով, սակայն անձնակազմը Իրանից դուրս չի բերում: Գերմանիան եւ Ֆրանսիան հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար: Իտալիայի արտգործնախարարությունը կանչել է երկրում Իրանի դեսպանին` ստանալու համար Թեհրանում իրենց դեսպանատան անվտանգության վերաբերյալ հիմնավոր երաշխիքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG