Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 29-ի մամուլ


Երեւանյան մամուլը շարունակում է արձագանքել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին: «Չորրորդ ինքնիշխանությունն» այս համատեքստում կենտրոնանում է Հայաստանի օլիգարխիկ համակարգի վրա. - «Օլիգարխների դեմ պայքարը (ինչպես ամեն ինչ Հայաստանում) խիստ անձնավորված է, թեեւ բոլորն էլ հասկանում են, որ խնդիրն անձերը չեն: Ենթադրենք` Սամվել Ալեքսանյանը հրաժարվում է իր հարստությունից, ունեցվածքը բաժանում աղքատներին ու սկսում Սուրբ Սարգիս եկեղեցու այցելուների համար սաղմոսներ կարդան, իսկ նրա փոխարեն մեկ ուրիշն է վերցնում շաքարավազի ներկրման մենաշնորհը, դրանից ի՞նչ պիտի փոխվի: Ինչ-որ բան կփոխվի միայն այն դեպքում, երբ փոխվի պետական կառավարման համակարգը, այսինքն` իշխանությունները ստիպված չլինեն հենվել օլիգարխների եւ օլիգոպոլիաների վրա: Իսկ կոնկրետ այս իշխանությունների համար ներկայիս օլիգարխիկ համակարգը շատ հարմար է. նախ` իրենք կարծես թե ստվերում են, իսկ ժողովրդի սոցիալական դժգոհության ալիքն ուղղվում է օլիգարխների դեմ, երկրորդը` իրենք ընդամենը մի 10-12 հոգու միջոցով վերահսկում են ողջ տնտեսությունը, երրորդ` նույն այդ կառույցների միջոցով իրականացնում են ընտրակեղծիքները եւ այլն: Հասկանալի է, չէ՞, որ ցանկության դեպքում Սերժ Սարգսյանը (եւ ընդհանրապես ցանկացած իշխանություն) կարող է ընդամենը կես ժամում վերացնել մենաշնորհները: Չի անում, որովհետեւ ձեռնտու չէ, օլիգարխներն այն «կթու կովերն» են, որոնք պիտի գոհանան առատ կերով եւ փոխարենը ամեն օր կաթ տան, իսկ տոն օրերին (ընտրություններից ընտրություն) նաեւ միս», - գրում է թերթը:

«168 ժամ»-ը գրում է. - «Թեեւ «Բարգավաճ Հայաստանին» (ԲՀԿ) ուղղված համագործակցության առաջարկը Տեր-Պետրոսյանը ներկայացրեց միայն որպես «իր անձնական տեսակետ» եւ քաղաքագիտական միտք, սակայն հասկանալի է, որ խոսքը ոչ թե քաղաքական վերլուծաբանի, այլ ընդդիմադիր ուժի ղեկավարի մասին է, որը հաճախ իրեն ներկայացնում է որպես դոմինանտ ընդդիմադիր միավոր: ԲՀԿ-ի մասին խոսելիս Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այդ հարցում ՀԱԿ-ում կոնսենսուս չկա: Անցել է արդեն երեք օր, սակայն ՀԱԿ-ը ներկայացնող որեւէ ուժից որեւէ մեկնաբանություն այդ առթիվ չի հնչել: ՀԱԿ-ում խուսափում են անդրադառնալ դրան այնպես, ինչպես ԲՀԿ-ում կամ ՀՀԿ-ում: Այսինքն` եւս մեկ անգամ հաստատվում է վաղուց հայտնի այն իրողությունը, որ ՀԱԿ-ում ամեն ինչ որոշում է բացառապես Տեր-Պետրոսյանը, եւ նրա որոշումների մասին նույնիսկ ՀԱԿ-ի առանցքային ներկայացուցիչները տեղեկանում են միայն նրա հանրահավաքային ելույթից: Իսկ նման սկզբունքային հարցում անհամաձայնությունը արժեք կունենա միայն այն դեպքում, երբ դրանց հեղինակները համարձակվեն նաեւ հրապարակավ արտահայտվել այդ մասին»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Ե՞րբ կվերադառնա Գագիկ Ծառուկյանը Դուբայից, ուր մեկնել է իր ծննդյան տարեդարձը նշելու: Այս հարցն է դարձել ներքաղաքական գործընթացի կարեւոր թեման այս օրերին, այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացեց կամ սրեց Կոնգրես-ԲՀԿ համագործակցության թեման: Ըստ երեւույթին Ծառուկյանը բավական երկար ժամանակ կմնա Դուբայում, քանի որ վերադառնալու պարագայում նա ինչ-որ մի բան պետք է ասի Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների վերաբերյալ: Մինչդեռ Ծառուկյանի համար ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ ինչ էլ ասի, այդ ասածը կարող է բումերանգի նման հետ գալ ու հարվածել իրեն: Այդ իսկ պատճառով, որպեսզի բումերանգը հետ չգա, Գագիկ Ծառուկյանը հավանաբար կնախընտրի Դուբայից շուտ հետ չգալ»:

«Հայոց աշխարհ»-ը անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության շփման գծում հաճախակի դարձած միջադեպերին. - « Վերջին շրջանում վերստին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում։ Թեպետ, նկատի ունենալով ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների ինտենսիվությունը, հատկապես՝ դիպուկահար զինատեսակների գործադրմամբ, տեղին է խոսել ոչ թե լարվածության ավելացման, այլ շփման գոտում հարաբերական պատերազմի վիճակ ձեւավորելուն նպատակամետ գործողությունների մասին։ Գործողություններ, որոնք Հայաստանի եւ Արցախի զինված ուժերը ուղղակի չեն կարող անպատասխան թողնել եւ, իրավամբ, չեն էլ թողնում։ Նման պայմաններում իսկապես արդարացված է մեր զինված ուժերի եւ քաղաքական ղեկավարության որդեգրած մոտեցումը, որը հակիրճ արտացոլվում է «անհամաչափ պատասխան» բանաձեւով։ Եվ այդ պատասխանը վերջին օրերին իսկապես տրվեց հակառակորդին»։

«Առավոտ»-ի տեղեկություններով ավելի քան 10 օր առաջ Երկրապահ կամավորականների միության «Կենտրոն» տարածքային կազմակերպության ավելի քան 50 անդամներ դուրս են եկել ԵԿՄ-ից եւ հանձնել են իրենց վկայականները: Թերթը մանրամասնում է. - «ԵԿՄ-ում արցախյան ազատամարտի բովով անցած տասնյակ ազատամարտիկների հեռացման մասին տեղեկությունն ընդամենը ի գիտություն է ընդունվել, ու հիմա կառույցում «նոր կազմ» է հավաքվում, գրքույկներ են բաժանվել եւ ընտրվել է նոր նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Պատճառն, ըստ ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկներից մեկի, այն է, որ այդ կառույցի տղաների մեծ մասն ընդդիմադիր հայացքներ են ունեցել, ինչը դուր չի եկել գեներալ Մանվելին: Ասում են, կա եւս մի պատճառ՝ ֆինանսական, որի մասին, սակայն, կառույցի ոչ բոլոր ազատամարտիկներն են տեղյակ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG