Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն առայժմ պաշտոնապես չի արձագանքում Տեր-Պետրոսյանի հայտարարություններին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կուսակցությունը չի կարող պաշտոնապես արձագանքել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, քանի դեռ Գագիկ Ծառուկյանը Հայաստանից բացակայում է:

ԲՀԿ ղեկավարը անցած շաբաթավերջին հանգստի է մեկնել Դուբայ: Խաչիկ Գալստյանը չասաց, թե Ծառուկյանը երբ կվերադառնա:

Չնայած պաշտոնական արձագանքի բացակայությանը, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող պատգամավորները տարակուսանք են հայտնում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության նպատակահարմարության մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների առնչությամբ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դժվար է պատկերացնում այդ համագործակցությունը: Չնայած Տեր-Պետրոսյանը հատուկ հայտարարեց, որ «սա ոչ թե «Բարգավաճ Հայաստանին» ուղղված համագործակցության առաջարկ է, այլ ընդամենը քաղաքագիտական վերլուծություն կամ խորհելու նյութ», այնուհանդերձ Վարդան Բոստանջյանը այդ հայտարարություններում «առաջարկի տարրեր» տեսնում է:

«Ամեն դեպքում այդ առաջարկով պայմանավորված գործընթացներ, երեւույթներ ես դժվար եմ հիմա պատկերացնում, որովհետեւ մենք գտնվում ենք կոալիցիոն համագործակցության մեջ, եւ մեր առաջիկա ընտրությունների եւ ընդհանրապես` երկրի զարգացման հետ կապված խնդիրների առումով կարծես թե չունենք պրոբլեմներ եւ դժվար եմ պատկերացնում, թե այդ համագործակցությունը ինչի կբերի», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Բոստանջյանը: Նա նաեւ հաստատեց Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերն այն մասին, որ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ համագործակցության վերաբերյալ որեւէ հանդիպում կամ քննարկում չի եղել:

Տեր Պետրոսյանը, հիշեցնենք, հանրահավաքում հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել ԲՀԿ-ի հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները այն պարագայում, եթե «Բարգավաճ Հայաստանն» անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել օրինական ընտրությունների համար: Վարդան Բոստանջյանը հակադարձեց, որ իրենց կուսակցությունը անկեղծ է իր բոլոր գործողություններում, իսկ ինչ վերաբերում է կոալիցիայից դուրս գալուն. - «Այդ առումով էլ բացարձակապես խոսակցություններ չեն եղել»:

«Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելու` ՀԱԿ-ի պատրաստակամությունը Վարդան Բոստանջյանը պայմանավորում է նրանով, որ ԲՀԿ-ն ուժեղ կուսակցություն է եւ քաղաքական ցանկացած ուժ կարող է նրա հետ համագործակցելու ցանկություն ունենալ:

Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ հանրահավաքում ասվածը ոչ թե Կոնգրեսի պաշտոնական դիրքորոշումն է, այլ Կոնգրեսի առաջնորդի կարծիքը: Զուրաբյանը, միաժամանակ, հայտարարեց, թե երկխոսությունից հրաժարվելով` «ռեժիմը» ՀԱԿ-ին այլ ելք չի թողել, քան համաժողովրդական ընդվզմամբ հասնել նրա քայքայմանը, հրաժարականին:

«Բնականաբար, այդ պայքարում պետք է օգտագործվեն բոլոր հնարավորությունները, եւ եթե ռեժիմի դաշնակիցներին մենք կարողանում ենք պոկել, դա պետք է համարել համաժողովրդական շարժման հաղթանակ», - նշեց Զուրաբյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` իսկ եթե չհաջողվի «պոկել», դա կհամարվի՞ Կոնգրեսի պարտություն, ՀԱԿ համակարգողն արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ այս քաղաքականության մեջ մենք անպարտելի ենք: Եթե «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է մնալ ռեժիմի կցորդը, դա նրան հեղինակազրկում է, եւ դա նույնպես շատ լավ ընթացք է շարժման համար, որովհետեւ այդ դեպքում այլեւս հնարավոր չի լինի փորձեր կատարել ռեժիմի կողմից պառակտել ընդդիմադիր ընտրազանգվածը, ձայներ փախցնել «Բարգավաճ Հայաստանի» միջոցով»:

Քաղաքական գործիչների եւ ուժերի արձագանքը


Հայաստանի նախկին արտգործնախարար, ամիսներ առաջ ընդդիմադիր կոնգրեսից հեռացած Ալեքսանդր Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հայտարարեց, որ «ոչ միայն իր, այլեւ մի շարք քաղբանտարկյալների համար նույնիսկ վիրավորական է» Կոնգրեսի այսօրվա կեցվածքը:

«Դժվար է պատկերացնել, որ կարելի է ավազակապետության հենասյան հետ քանդել ավազակապետությունը: Սա իրոք մերժելի մոտեցում է», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը` հավելելով, թե խոսքը գնում է մի կուսակցության մասին, որը մասնակցել է 2008 թվականի ընտրակեղծիքներին, չի խորշել որեւէ ապօրինությունից, քվեարկել է հատուկ դրության հաստատման եւ գործընկեր պատգամավորներին կալանքի ենթարկելու օգտին, ԵԽԽՎ-ում պայքարել է «Հայաստանի իրականությունը» ներկայացնող բանաձերի դեմ, հերքել է քաղբանտարկյալների առկայությունը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցնելով կոալիցիայի հետ Կոնգրեսի ձախողված երկխոսությունը, հայտարարեց, որ Կոնգրեսի գերխնդիրը այսօր իշխանության գալն է:

«Կարծում եմ արդեն պետք է օրինաչափություն նկատած լինեք Տեր-Պետրոսյանի մոտ, որ որպես սկզբունք ինքը որդեգրել է` իշխանության գալ իշխանության ներսի ուժերի օժանդակությամբ, մի դեպքում միայն Սերժ Սարգսյանի, մի դեպքում` ընդդեմ Սերժ Սարգսյանի` «Բարգավաճ Հայաստանով», վաղը կարող է մեկ ուրիշի հետ: Խնդիրը դրված է` ամեն գնով գալ իշխանության», - ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ինչ վերաբերում է իշխող Հանրապետական կուսակցության արձագանքին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդի կոչերը որակելով «քաղաքական ֆարս», ձեռնպահ մնաց այլ մեկնաբանություններից: Նա միայն փոխանցեց, որ Հանրապետականը «Բարգավաճ Հայաստանի» եւ Տեր-Պետրոսյանի գործերին չի միջամտում:

please wait

No media source currently available

0:00 0:06:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG