Մատչելիության հղումներ

Վարդան Բոստանջյանը «դժվար է պատկերացնում» ԲՀԿ - ՀԱԿ համագործակցությունը


«Բարգավաճ Հայաստան»-ից Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, արխիվային լուսանկար
«Բարգավաճ Հայաստան»-ից Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակում, արխիվային լուսանկար
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ) Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքելով Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) - ԲՀԿ համագործակցության նպատակահարմարության մասին Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, ասաց, թե դժվար է պատկերացնում այդ համագործակցությունը։

Չնայած ՀԱԿ-ի նոյեմբերի 25-ի հանրահավաքի իր ելույթում Տեր-Պետրոսյանը նաեւ հատուկ ընդգծեց, որ «սա ոչ թե «Բարգավաճ Հայաստան»-ին ուղղված համագործակցության առաջարկ է, այլ ընդամենը քաղաքագիտական վերլուծություն կամ խորհելու նյութ», այնուհանդերձ, Վարդան Բոստանջյանը այդ հայտարարություններում առաջարկի տարրեր տեսնում է։

«Առաջարկի, այդպես, երեւույթ կարելի է սա դիտարկել։ Բայց, ամեն դեպքում, այդ առաջարկով պայմանավորված գործընթացներ, երեւույթներ ես դժվար եմ հիմա պատկերացնում, որովհետեւ մենք տվյալ պարագայում գտնվում ենք կոալիցիոն համագործակցության մեջ, եւ, որքան հասկանում եմ, մեր առաջիկա ընտրությունների եւ ընդհանրապես` երկրի զարգացման հետ կապված խնդիրների առումով, կարծես թե, մենք չունենք պրոբլեմներ։ Եվ ես դժվար եմ պատկերացնում, թե այդ համագործակցությունը ինչի կբերի», - նշեց Բոստանջյանը։

Նա հաստատեց ՀԱԿ-ի առաջնորդի այն հայտարարությունը, որ որեւիցե քննարկում ԲՀԿ-ի հետ չի եղել. - «Իհարկե հաստատում եմ։ Ընդհանրապես, այդ առումով որեւէ խոսակցություն, որեւէ բան տեղի չի ունեցել մեր կուսակցությունում, եւ չեմ կարծում, որ ես կուսակցության այն ներկայացուցիչն եմ, որ տեղյակ չէ այդ երեւույթին։ Պարզապես չի եղել նման բան»։

Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտարարեց, որ ՀԱԿ-ը պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել ԲՀԿ-ի հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները այն պարագայում, եթե «Բարգավաճ Հայաստան»-ը անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել օրինական ընտրությունների համար։

Հարցին, թե կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հեռանկարը որքանո՞վ է իրատեսական համարում, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. - «Այդ առումով էլ բացարձակապես խոսակցություններ չի եղել, ու չկա»։

ՀԱԿ-ի առաջնորդը նաեւ «նվաստացում» եւ կամ «ինքնաոչնչացման ճանապարհ» համարեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու` «Բարգավաճ Հայաստան»-ի հնարավոր քայլը:

Վարդան Բոստանջյանը ասաց, որ «այդպիսի խնդիր եւս մինչեւ անգամ մակերեսային ձեւով չի քննարկվել կոալիցիոն երեք կուսակցությունների կողմից»։ «Բոլոր դեպքերում, ես հասկանում եմ, որ կոալիցիոն գործընկերները առանձին են գնալու ընտրություններին», - նշեց պատգամավորը։

Իսկ «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում ԲՀԿ-ի հետ համագործակցելու ՀԱԿ-ի պատրաստակամությունը, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ուժեղ կուսակցություն է, եւ քաղաքական ցանկացած ուժ կարող է նրա հետ համագործակցելու ցանկություն ունենալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG