Մատչելիության հղումներ

Բուհերի ուսանողական խորհուրդներն իրենց ուսանողների կողքին են


Այսօր ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ուսանողության թեմայով քննարկմանը ներկա էին Երեւանի պետական համալսարանի, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ Փ. Թերլեմեզյանի գեղարվեստի պետական ուսումնարանի ուսանողական խորհուրդների նախագահներ Ցոլակ Ակոպյանը, Հասմիկ Ափյանը, Սեւակ Խաչատրյանն ու Ֆլորա Ադամյանը:

ԵՊՀ-ի ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանի խոսքերով` այսօր ուսանողությունը շատ լուրջ խնդիրներ ունի` կապված սոցիալական հարցերի հետ: Ուսխորհրդի առաջին նպատակը ուսանողի կողքին լինելն է, ոչ միայն սոցիալական, նաեւ անձնական խնդիրների լուծման ժամանակ:

«Ինձ համար առաջին նպատակը ուսանողի կողքին լինելն է, ցանկացած հարցում: Ցավոք սրտի, այսօր ուսանողը լուրջ խնդիրներ ունի: Այդ ամենը պետք է իրագործվի մեխանիզմների, գործիքների միջոցով, որոնք օրենքն է տալիս», - ասաց նա:

ԵՊԼՀ-ի ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը նշում է, որ ուսանողական խորհրդի սենյակը միշտ պետք է բաց լինի ուսանողների համար, իսկ իրենք իրենց հերթին փորձում են հաշվի առնել ուսանողների դրական, օգտակար առաջարկները` ուսանողության տարիները անմոռանալի դարձնելու նպատակով.

«Անում ենք ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր խնդիր ստանա լուծում, նաեւ հնարավորություն ենք տալիս յուրաքանչյուր ուսանողի իր ցանկացած դրական նախաձեռնությունը իրականություն դարձնել», - ասում է Հասմիկը:

ՀՊՏՀ-ի ուսանողական խորհուրդն էլ փորձում է հնարավորինս ակտիվ աջակցել տաղանդավոր ուսանողներին` վերջիններիս համար կազմակեպելով տարբեր միջոցառումներ ու ցուցահանդեսներ:

«Տարիներ առաջ մենք ունեինք ուսանողներ, որոնք լավ լուսանկարում էին, մենք ուղղակի կազմակերպեցինք նրանց համար ուսանողական ցուցահանես. դա եղավ նրանց համար հարթակ, որ շարունակեն մասնագիտանալ»,- նշում է ՀՊՏՀ-ի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը:

Ֆլորա Ադամյանի խոսքերով, Թերլեմեզյանի գեղարվեստի պետական ուսումնարանի ուսխորհուրդը հոգում է ուսանողի սոցիալական հարցերը, նաեւ փորձում է այնպես անել, որ հետագայում ուսանողը ուսումը կարողանա շարունակել ուրիշ բարձրագույն հաստատություններում:

please wait

No media source currently available

0:00 0:07:08 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG