Մատչելիության հղումներ

Սյունիքում դադարեցվել է Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող ծրագիրը


Մարզի Խոտ գյուղում մարզային իշխանությունների միջամտությամբ դադարեցվել է ծրագրի շրջանակում անասնագոմի կառուցումը: Խոտի գյուղապետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց դա:

«Քաղաքաշինության նախարարությունը մեզ նամակ է ուղարկել, որ դադարեցրեք` մինչու հարցը կպարզվի», - ասաց Մարտիրոս Գրիգորյանը` շարունակելով. - «Ես նամակ ունեմ Քաղաքաշինության նախարարության տեսչության պետից»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ, Հայաստանի քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Սևադա Հայրապետյանն ասաց, որ անասնագոմի շինարարությունը դադարեցվել է կառավարության «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու որոշմամբ: Մարզի մի շարք գյուղեր, նրա խոսքով, մտել են «Տաթեւ» կենտրոնի տարածքի մեջ:

«Հիմնական կառույցները պետք է համաձայնեցվեն Քաղաքաշինության նախարարության եւ համայնքների ղեկավարների հետ: Տվյալ դեպքում Քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված չի եղել», - փոխանցեց Հայրապետյանը:

Պաշտոնյայի խոսքով, տարածքում պետք է լինեն այնպիսի կառույցներ, որոնք կօգնեն զարգացնել զբոսաշրջությունը, եւ գոմը, բնականաբար, այդ կառույցների թվում չէ:
«Հողաշինարարը կամ մարզի քաղաքաշինության վարչությունը իրավունք չի ունեցել տվյալ տեղում գոմ տեղադրելու», - ասաց նա` հավելելով, որ շինարարության թույլտվություն տալով կարգը խախտել է նաեւ համայնքի ղեկավարը:

Հարցին, թե արդյոք նախարարությունը Շվեյցարիայի կառավարությունից որեւէ փաստաթուղթ ստացել է, պաշտոնյան արձագանքեց. - «Ոչ: Ճիշտն ասած, կարելի էր այդ գոմը նույն համայնքի տարածքում տեղադրել` բացառելով տեսանելիությունը եւ ճանապարհին մոտ լինելը»:

Սեւադա Հայրապետյանը բացառեց, որ գոմի շինարարությունը նույն տեղում վերսկսվի:

Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ծրագիրը դադարեցվել է մարզային իշխանությունների միջամտության արդյունքում, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատնից արձագանքեցին, որ այս պահին ոչ «այո», ոչ էլ «ոչ» ասել չեն կարող, եւ խոստացան հարցին պատասխանել 10 օրից:

Մեկնաբանություններից ձեռնպահ մնաց նաեւ Ռազմավարական զարգացման գործակալության նախագահ Մկրտիչ Այվազյանը` ասելով, որ տեղեկատվություն տարածելու իրավունքը պատկանում է Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման եւ համագործակցության գործակալությանը:

Մեր տեղեկություններով, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը այդ կապակցությամբ նամակով դիմել է Սյունիքի մարզպետին, ինչի մասին տեղյակ է պահվել նաեւ Հայաստանի արտգործնախարարությանը:

Արտգործնախարարությունից նամակով պարզաբանումներ խնդրեցինք նաեւ մենք, սակայն մինչեւ այս պահը որեւէ պատասխան չկա:

Սյունիքում իրականացվող ծրագրի դադարեցման փաստն ուսումնասիրվում է նաեւ Տարածքային կառավարման նախարարությունում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին նախարարությունից:
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG