Մատչելիության հղումներ

Խաչիկ Մանուկյանը հերքում է, թե ականատես է եղել կին գործարարի ծեծի տեսարանին


Իշխող կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց, թե երեկ երեկոյան «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում ականատես է եղել տեսարանին, թե ինչպես է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ծեծում կին գործարար Սիլվա Համբարձումյանին:

Համբարձումյանը միջադեպից հետո տված մի քանի հարցազրույցներում պնդել է, որ մարզպետի հարձակումները կանխել են հյուրանոց եկած երկու պատգամավորներ, որոնցից մեկը, իր խոսքով, Խաչիկ Մանուկյանն է եղել:

«Ես եկել եմ այնտեղ, այդ ամբողջը, ինչ որ պատմում էին, արդեն անցած է եղել… [Սիլվա Համբարձումյանը] նստած լացում էր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուկյանը` շարունակելով. - «Ես տեսել եմ` մի սեղանի վրա նստած էր այդ աղջիկը… Մյուսի մոտ նստած էին Սամվելը, Սուրիկը, մի քանի հոգի նստած էին»:

Մանուկյանի խոսքով, միջադեպի մասին իրեն պատմել է լրագրող Մենուա Հարությունյանը: Սուրիկ Խաչատրյանի հետ դրանից հետո ինքը չի զրուցել. - «Չէ, Սուրիկը արդեն դուրս եկավ այդ պահին»:

Խաչիկ Մանուկյանը քննադատում է երեւույթը. - «Շատ վատ երեւույթ է դա: Ահավոր վատ: Նախ հաշվի առնելով կին-տղամարդ հարաբերությունը, երկրորդը` հասարակական վայրում… Բոլոր հարցերը այսօր կարելի է լուծել դատարանում»:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի անդամ է Սուրիկ Խաչատրյանը, պատշոնապես չի արձագանքում կատարվածին:

Կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդհանուր գնահատականներ տվեց «ծեծ» երեւույթին, պաշտոնյայի վարքագծին: Ասաց նաեւ, որ ծանոթ է Խաչատրյանի հերքմանը. - «Հակված չեմ միանգամից գնահատականներ տալ, բայց ընդհանուր առմամբ, Հանրապետականի գնահատականը նման երեւույթների` չի կարող ե'ւ պետական չինովնիկ կամ հասարակության տեսանելի լինի, ե'ւ այնքան իրեն ազատ պահի, որ սովորական քաղաքացիների ազատ կյանքով ապրի: Նա պիտի կաշկանդված ապրի: Հենց այդ միտքը, որ կարող է վերագրումներ կատարվեն պետական չինովնիկների նկատմամբ, դա էլ եմ վտանգավոր համարում: Ուրեմն ինչ-որ մի բան կա, որ հասարակության կողմից չի ներվում»:

Հարցին` եթե միջադեպը իրոք տեղի է ունեցել, կարո՞ղ է դա մարզպետի պաշտոնանկության պատճառ դառնալ, Սահակյանը արձագանքեց. - «Դա, վերջին հաշվով, պետական չինովնիկի պաշտոն է, եւ կառավարությունը պիտի կարողանա գնահատականներ տալ»:

Կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը եւս քննադատում է ծեծը` ասելով, որ իրենց անվայել պահող պաշտոնյաներին պետք է խիստ նկատողություն տալ:

«Եթե դա իրականություն է, ուրեմն ինձ համար` որպես կին, դատապարտելի է նման մոտեցումը կնոջ նկատմամբ: Առաջին հերթին, որ ինքը պաշտոնյա է, պետք է թույլ չտա իրեն նման վերաբերմունք ցանկացած անձի նկատմամբ: Եվ երկրորդը` ես կարծում եմ, որ շատ ավելի բացասական է այդ երեւույթը, որ կնոջ նկատմամբ է եղել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե Խաչատրյանի մեղքը ապացուցվելու դեպքում ինչ պետք է հետեւի, Բիշարյանը արձագանքեց. - «Մեկ անձի կատարած քայլը չեմ կարծում, որ պետք է դառնա մի բաժակ ջրում փոթորիկ: Եվ ես կարծում եմ, քաղաքական ուժերը նույնպես հետեւություն կանեն` ինչպիսի վերաբերմունք ցույց տան իրենց քաղաքական ուժի ներկայացուցչին, որը նման բան է թույլ տալիս հրապարակայնորեն, բոլորի աչքի առջեւ»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ իշխանական պաշտոնյաների կատարածները չեն արժանանում իրավական գնահատականի, թեեւ, իր համոզմամբ, դրանում շահագրգռված պետք է լինի հենց իշխանությունը:

«Այսպիսի երեւույթները բացասական են անդրադառնում Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար, եւ նրանց առանց այդ էլ ոչ դրական վարկանիշը եւս մեկ անգամ ապացուցվում է: Սա ուղղակի շարունակական բնույթ կրող անպատժելիությունն է, որը եւս մեկ անգամ արտահայտվել է այդ դեպքում»:
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG