Մատչելիության հղումներ

Գործազրկության խնդիրը երիտասարդների շրջանում


2011 թվականի տարեսկզբի համեմատ հանրապետությունում գործազրկության միջին ամսական մակարդակը հոկտեմբերին նվազել է 0,6 տոկոսով եւ կազմել 6,4 տոկոս: Սա` պաշտոնապես գրանցված գործազուրկների թվի համաձայն: Պատկերը միանշանակորեն կփոխվի, եթե հաշվի առնենք նաեւ չգրանցված գործազուրկների թիվը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, գործազրկության մակարդակը միջինից բարձր է հատկապես Սյունիքի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Տավուշի մարզերում ու Երեւանում:

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը նշում է, որ հաշվառված գործազուրկների մեջ երիտասարդների թիվը կազմում է մոտ 25 տոկոս:

Իսկ ինչպիսի՞ խնդիրների առաջ են կանգնում երիտասարդներն աշխատանք փնտերելիս ու որոնք են երիտասարդների դժգոհությունները: Այս հարեցրի պատասխանները «Մաքսլիբերթին» փորձեց ստանալ հենց երիտասարդներից:

«Եթե ուսանող ես, առհասարակ չես կարողանում աշխատանք գտնել, շատ եմ դիմել ու չեն կանչել հենց այն պատճառով, որ ուսանող եմ, կամ պետք է ծանոթ ունենաս, կամ կաշառք տաս: Հիմա շատ դժվար է, նոր ավարտածից աշխատանքային փորձ են պահանջում: Որակյալ մասնագետները բավականին ցածր են վարձատրվում, դրա համար էլ գնում են Հայաստանից: Սովորում ենք, բայց այստեղ աշխատելու հույս չկա. վաճառողուհու 9 ժամվա աշխատանքը վճարվում է 2000 դրամ, հետեւաբար քեզ գնահատված չես զգում, ես աստեղ աշխատել չեմ ուզում, ավարտեմ, գնալու եմ Արգենտինա: Հայաստանն այսօր սպասարկման ոլորտի է վերածվել, այսինքն երիտասարդը կարող է գտնել աշխատանք խանութներում, սպասարկման ոլորտում, իսկ մասնագիտական առումով շատ լուրջ խնդիր է», - նշում են երիտասարդները:

Սիմոնյանի խոսքով, այս տարեսկզբին կատարվել են օրենսդրական նոր փոփոխություններ, ներառվել է 2 նոր ծրագիր, որից մեկը վերաբերում է երիտասարդ գործազուրկներին:

«Ովքեր ունեն մասնագիտական կրթություն, բայց աշխատանքային փորձ տվյալ մասնագիտությամբ չունենալու պատճառով չեն կարողանում գտնել աշխատանք, մենք շուրջ երեք ամիս է նրանց համար իրականացնում ենք արտադրական պրակտիկա գործատուների մոտ, իրենց մասնագիտություններով: Երեք ամիս տեւողությամբ ծրագիր է, մենք փոխհատուցում ենք նրանց հետ կապված ծախսերը գործատուի մասով, ինչպես նաեւ պրակտիկանտին տալիս ենք նվազագույն աշխատավարձ երեք ամիսների ընթացքում», - նշում է Սիմոյանը:

Սիմոնյանի խոսքով, ոլորտը շտկելու կարեւոր խնդիրներից մեկը նաեւ մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրումն է, որը հնարավորություն կտա երիտասարդներին ընտրել աշխատաշուկային համապատասախան մասնագիտություն` հետագայում աշխատանք որոնելիս դժվարություններից խուսափելու համար: Հայեցակարգը գտնվում է քննարկման փուլում:

Պաշտոնյան ասաց, որ այսօր մարզերում էլ երիտասարդ գործազուրկների թիվը մոտ 25 տոկոս է կազմում եւ օրենքի մեջ փոփոխություններ կան, որոնք առնչվում են հենց մարզերի երիտասարդներին:

Սիմոնյանը նշում է. - «Գյուղական երիտասարդությունը, ովքեր հողի սեփականատեր կամ համասեփականատեր էին, նրանք ըստ օրենսդրության գործազուրկի կարգավիճակ չէին ստանում եւ չէին կարողանում ընդգրկվել զբաղվածության կարգավորման ծրագրերում: Այս փոփոխությունով մենք հնարավորություն տվեցինք գյուղական երիտասարդությանը, որպես աշխատանք փնտրող, ընդգրկվել մասնագիտական ուսուցման ծրագրերում: Իսկ մասնագիտական ուսուցման ծրագրով նպատակ ունենք բարելավելու գործազուրկների մասնագիտական կարողությունները` տալով նրանց նոր մասնագիտական հմտություններ, որով կապահովենք նրանց մրցունակությունը աշխատաշուկայում»:

Սիմոնյանը նշում է, որ իրենք վեց ամիսը մեկ այցելում են 2000- 2500 գործատուի` հասկանալու նրանց զարգացման միտումները, կանխատեսվող թափուր աշխատատեղերը, աշխատուժի պահանջարկը, հետո կազմում են առաջիկա մեկ տարվա ընթացքում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցուցակն ու դրանք հանձնում Կրթության եւ գիտության նախարարությանը:

please wait

No media source currently available

0:00 0:06:42 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG