Մատչելիության հղումներ

Ռուսական նախընտրական տեսահոլովակը` բանավեճի առարկա


Կադր YouTube-ում տեղադրված տեսահոլովակից
Կադր YouTube-ում տեղադրված տեսահոլովակից
Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններին պատրաստվող իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը բուռն վիճաբանությունների մեջ է իր հակառակորդների եւ իրավական ոլորտի մասնագետների հետ։

Օրերս YouTube-ում տեղադրված «Արի դա անենք միասին» վերնագրով նախընտրական գովազդային հոլովակը արդեն դիտել է ավելի քան 120 հազար մարդ։

Տեսահոլովակում պատկերված է ընտրատեղամաս, որտեղ հանդիպում են անծանոթ, բայց առաջին հայացքից իրար համակրող աղջիկ ու տղա։ Քվեախցիկ մտած աղջիկ ընտրողը տղային «հրավիրում է» այնտեղ, փակում է քվեախցիկի վարագույրը, իսկ հետո էկրանին հայտնվում է «Արի դա անենք միասին» կարգախոսը։ Հոլովակի հաջորդ պատկերը ներկայացնում է քվեախցիկից դուրս եկող երկուսի փայլատակող հայացքները։ Երկու «ընտրողները» քվեաթերթիկները միասին գցում են քվեատուփի մեջ եւ ընտրատեղամասային հանձնաժողովի հիացմունքի ուղեկցությամբ ձեռք ձեռքի տված հեռանում միասին։

Ընտրություններից երեք շաբաթ առաջ այս տեսահոլովակի քննարկումներում քաղաքական հարցերը խառնվում են բարոյախրատական դիտարկումներին։

«Որքան մոտենում է դեկտեմբերի 4-ը [Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների օրը]` կյանքը այնքան ուրախ է դառնում», - իր վերլուծական հոդվածում գրում է Նիկոլայ Տելեպնյովը։

Ռուսաստանյան մամուլում կան տեղեկություններ, որ տեսահոլովակի հեղինակը Ռուսաստանի Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտ Շլեգելն է։

«Եդինայա Ռոսիա»-ի նախընտրական շտաբի ներկայացուցիչները, մինչդեռ, ասում են, թե այդ տեսահոլովակի մասին նախապես չեն իմացել։

Խորհրդարանի ընտրությունների նախապատրաստության շրջանում արդեն շուրջ հազար ընտրախախտում արձանագրած` Ռուսաստանի ընտրությունների վերահսկման կենտրոնի փոխտնօրեն Գրիգորի Մելքոնյանցը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում ասաց. - «Նախ, Ռուսաստանի օրենսդրությամբ, եթե որեւէ կուսակցություն պատրաստում է գովազդային հոլովակ, պետք է նշի, որ դա արել է նախընտրական հիմնադրամի միջոցներով, բայց այս նախընտրական հոլովակի դեպքում նշում չկա»։

Նրա խոսքով` իրավապահները պետք է պարզեն, թե այդ տեսահոլովակը իսկապե՞ս «Եդինայա Ռոսիա»-ն է պատրաստել։ «Թեեւ չեմ կարծում, որ Ռուսաստանում որեւէ մեկը հենց այնպես այդքան գումար կծախսեր», - հավելեց Մելքոնյանցը։

Ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Եդինայա Ռոսիա»-ի մրցակիցները արդեն դիմել են գլխավոր դատախազություն եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG