Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այցելել է Թբիլիսի


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսին, 9 նոյեմբեր, 2011
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսին, 9 նոյեմբեր, 2011
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների դեսպանները երկօրյա այցով ժամանել են Վրաստան: Թբիլիսիում անցկացվում է ՆԱՏՕ-Վրաստան խորհրդի նիստը:

Անցած շաբաթ Ռասմուսենը ասել էր, որ այս այցը «շատ նշանակալից իրադարձություն է, որն ընդգծում է հատուկ համագործակցությունը Վրաստանի եւ Դաշինքի միջեւ»:

Սա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի երկրորդ այցելությունն է Վրաստան: Հյուսիսատլանտյան դաշինքի դեսպանները Թբիլիսի էին այցելել 3 տարի առաջ` 2008 թվականին, երբ ստեղծվեց Վրաստան-ՆԱՏՕ խորհուրդը:

Այս խորհուրդը երկու կողմերի համագործակցության հիմնական կառույցն է, որի միջոցով իրականացվում են ՆԱՏՕ-Վրաստան անհատական համագործակցության գործողությունները, ամենամյա ծրագրերը, ընթացող բարեփոխումները: Խորհրդի այսօրվա նիստը նախագահում էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Նիստի օրակարգում համագործակցության ծրագրերի իրականացնումն է, ժողովրդավարական, սոցիալ-տնտեսական բարեփոխումները, անվտանգության խնդիրները, ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հեռանկարները:

Նոյեմբերի 10-ին նախատեսված են հանդիպումներ Վրաստանի խորհրդարանի նախագահի եւ պատգամավորների, արտաքին գործերի նախարարի, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը ելույթ է ունենալու Թբիլիսիի պետական համալսարանում, ինչպես նաեւ հանդիպելու է Աֆղանստանի գործողություններին մասնակցած վրացի զինծառայողներին:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պատվիրակությանը նոյեմբերի 10-ին հանդիպելու է Բաթումի քաղաքում: Նա առանձին հանդիպումներ է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ դեսպանների հետ: Պատվիրակությունը հինգշաբթի երեկոյան Բաթումիից վերադառնալու է Բրյուսել:

Վրացի վերլուծաբանները նշում են, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարները վերջին շրջանում նորից աշխուժորեն քննարկվում են: Քննարկումների աշխուժացման պատճառներից նախ նշվում է այս այցելությունը, ՆԱՏՕ-Վրաստան խորհրդի նիստը, առաջիկայում Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովը, որի հետ Վրաստանը հույսեր է կապում ( որոշ վերլուծաբանների կարծիքով՝ անհիմն հույսեր): Փորձագետները նշում են նաեւ քաղաքականության մեջ մտած մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի գործոնը, որն իր ասուլիսում ասել էր, թե մոտ ապագայում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը հնարավոր չէ:

Որոշ վելուծաբանների կարծիքով, եթե Իվանիշվիլին իշխանության գա, ապա կհետեւի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի քայլերին` չի մերժի Եվրամիությանը ինտեգրվելը, բայց կմերժի ՆԱՏՕ-ին միանալը, ինչը կարվի Ռուսաստանին հանգստացնելու համար:

Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը դեմ է
ՆԱՏՕ-ի ընդարձակմանը նախկին Խորհրդային Միության տարածքում: ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դուռը բաց է, բայց անդամակցել ցանկացող երկրները պետք է ամբողջովին համապատասխանեն դաշինքի չափանիշներին:

Վրացի փորձագետները նշում են` ՆԱՏՕ-ն ասում է դուռ բաց է, բայց ներս չի հրավիրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG