Մատչելիության հղումներ

Էրեբունու ոստիկանապետը ազատվել է աշխատանքից


Էրեբունու ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Էրեբունու նոր ոստիկանապետ է նշանակվել մինչ այժմ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը գլխավորած Գագիկ Գաբրիելյանը: Այլ պաշտոնում Էրեբունու արդեն նախկին ոստիկանապետի նշանակման մասին տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ Գրիգոր Գրիգորյանը ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Էրեբունու ոստիկանապետի պաշտոնանկությունը առնչություն ունի նրա ենթակա, Էրեբունու փոխոստիկանապետ Միհրան Քեշիշյանի դեպքի հետ: Կաշառառության մեջ կասկածվող Քեշիշյանը վերջին օրերին փախուստի մեջ է, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

«Տեղակալի հետ կապված դեպքը որ տեղի է ունեցել, միանշանակ պետք է արդյունքում լիներ նաեւ սա: Ամեն մի ղեկավար պատասխանատու է իր անձնակազմի համար», - ասաց Ներսես Նազարյանը:

Հիշեցնենք` Էրեբունու ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Քեշիշյանը կասկածվում է 13 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ` միջնորդների միջոցով մի քաղաքացու քրեական պատասխանատվությունից ազատելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, բայց ինչպես տեղեկացրեց Ներսես Նազարյանը, Էրեբունու փոխոստիկանապետի գտնվելու վայրը դեռ անհայտ է:

«Ինձ թվում է ինքը խելամիտ կլինի եւ կգա, կներկայանա, եթե` ոչ, կգտնեն միանշանակ, չի կարող փախուստի մեջ մնալ», - ասաց Նազարյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ Էրեբունու պաշտոնանկ արված ոստիկանապետը առայժմ Միհրան Քեշիշյանի գործով չի անցնում: Հարցին, թե մի՞թե նա անտեղյակ է եղել կատարվածից եւ չի առնչվել այդ գործին, լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը եւ այդ հարցերի պատասխանը այդ մարմինը միայն կարող է տալ: Աշոտ Ահարոնյանը նաեւ տեղեկացրեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Միհրան Քեշիշյանը եւս ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից:

Մամուլում այսօր նաեւ լուրեր էին շրջանառվում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնանկության մասին: Նազարյանը հերքեց այդ լուրերը:

«Ես իմ տեղում աշխատում եմ ավելի լավ, բարձր տրամադրությամբ, նախարարը ինձ ասել է, որ պիտի ավելի լավ եւ երկար աշխատենք միասին», - ասաց Նազարյանը:

Փոխվել է նաեւ Երեւանի Նոր Նորք համայնքի ոստիկանապետը: Մուշեղ Օհանյանը, ով Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ներկայումս կալանավորված Մարգար Օհանյանի եղբայրն է, այս պաշտոնից ազատվել եւ նշանակվել է Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ:

Ինչ վերաբերվում է Մեծամորի բաժնի պաշտոնանկ արված պետ Մարատ Պողոսյանին, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան աշխատանքից հեռացրել է Մեծամորի ոստիկանության շենքի մուտքի վրա ծածանվող դրոշի մաշված եւ պատառոտված լինելու պատճառով: «Հայաստանի պետական դրոշի մասին» օրենքի 7-րդ կետը սահմանում է, որ դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված: Ուստի «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով Մարատ Պողոսյանն աշխատանքից ազատվել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու եւ պետական խորհրդանիշ հանդիսացող դրոշի տեսքը չպահպանելու հիմնավորմամբ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բամբասանք եւ ասեկոսեներ որակեց մամուլի այն պնդումները, թե նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «կադրային ջարդ» է սկսել: Նա հայտարարեց, որ համակարգում ընթացող կադրային փոփոխությունները ինքնանպատակ չեն, ուղղված են աշխատանքի կատարելագործմանը, իսկ նման ասեկոսեներն ու գնահատականները խոչընդոտում են իրենց աշխատանքին եւ ազդում անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

«Դա անձնակազմին որոշակի լարված վիճակում է պահում: Որ անընդհատ պաշտոնանկությունների մասին ենք խոսում, այնպիսի տպավորություն է, որ բոլորին հանեց գործից: Չէ', ոստիկանության պետը իր հանդիպումներում բազմիցս նշել էր, որ պրոֆեսիոնալ կադրեր չեն տուժի, կլինեն փոփոխություններ, փոխատեղություններ, նշանակումներ, բայց ընդհանուր առմամբ դա գլոբալ բնույթ չի կրում եւ միայն արվում է աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար», - ասաց Ահարոնյանը:

Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նորմալ համարեց համակարգում կադրային փոփոխությունները` միաժամանակ համոզմունք հայտնելով , որ դա չէ այսօր ոստիկանության թիվ մեկ խնդիրը:

«Ոստիկանության ամենամեծ խնդիրն ու դժբախտությունը խիստ քաղաքականացված լինելն է, եւ նոր ոստիկանապետը պետք է առաջին հերթին այդ երեւույթից ձերբազատվի: Այսօր քաղաքական ընդդիմության օպոնենտը ոստիկանությունն է դարձել եւ ոչ թե քաղաքական ուժեր», - ասաց Աբրահամյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG