Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը Վերաքննիչ վարչական դատարան է դիմել


Նախօրեին «Ա1+» հեռուստաընկերությունը դիմել է Վերաքննիչ վարչական դատարան` բողոքարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը, որով ամբողջությամբ մերժվեց հեռուստաընկերության հայցն ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ):

Հիշեցնենք` հեռուստաընկերությունը պահանջում է դատական կարգով անվավեր ճանաչել հանձնաժողովի անցած տարվա դեկտեմբերի 16-ի որոշումը, որով թվային հեռարձակման մրցույթում նույն հաճախականության համար պայքարում հաղթող ճանաչվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: «Ա1+»-ի փաստաբան Ալեքսանդր Սահակյանի գնահատմամբ` առաջին ատյանի դատարանի վճիռը խիստ սուբյեկտիվ է եւ հիմնված չէ օրենքի վրա:

«Դատարանը ասում է` ճիշտ է, որ «Մելտեքս»-ը մնացած մյուս 5 չափորոշիչները բավարարում է եւ ինչ-որ տեղ նաեւ գերակայում է «Արմնյուզ»-ի նկատմամբ, բայց հաշվի առնելով այն, որ նրա ներկայացրած ֆինանսական փաստաթղթերի մի մասն անհիմն են եւ կեղծ, չի կարող իրագործելի դարձնել այդ մրցութային փաթեթը: Սակայն ոչ մի տեղ հոդված չկա, որ ասի` ֆինանսը ավելի կարեւոր է, քան մյուս 5 չափորոշիչները», - ուրբաթ օրը կայացած ասուլիսում ասաց Սահակյանը:

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ հանձնաժողովի 6 անդամները մոտ մեկ տարի առաջ անցկացված մրցույթում 0 միավոր գնահատեցին «Ա1+»-ի հայտը` պատճառաբանելով, որ հեռուստաընկերությունը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Հանձնաժողովի միայն մեկ անդամ 2 միավոր գնահատեց «Ա1+»-ի մրցութային հայտը: «Ա1+»-ը վերաքննիչ բողոքում նաեւ «Արմնյուզ»-ի փաթեթում տեղ գտած խախտումներ է մատնացույց արել: Եվս մեկ հայց ընդդեմ ՀՌԱՀ-ի ներկայացրել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն` պահանջելով հանձնաժողովից տրամադրել թվային հեռարձակման մրցույթներին ներկայացված հայտերին կից փաստաթղթերը: Այս հայցը եւս մերժվել է: Կոմիտեի փաստաբան Օլգա Սաֆարյանի փոխանցմամբ, դատարանը վճռում կարծիք է հայտնել, եզրահանգումներ է արել փաստաթղթերի մասին` առանց դրանք տեսնելու: Մինչդեռ վարչական դատարանը, ըստ փաստաբանի, ի պաշտոնե պարտավոր էր պահանջել այդ փաստաթղթերը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ով նաեւ «Ժողովրդական հեռուստատեսության» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի անդամ է, տեղեկացրեց, որ կոմիտեն նույնպես դիմել է վերաքննիչ դատարան: Մելիքյանի խոսքով, որպես կանոն ՀՌԱՀ-ի դեմ բոլոր հայցերը մերժվում են, սակայն իրենք մտադիր են, սպառելով ներպետական դատական ատյաններ դիմելու հնավորությունը, դիմում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ե'վ ՀՌԱՀ-ի դեմ հայցերի պարագայում, ե'ւ առհասարակ վերջին ժամանակաշրջանի այդ հայցադիմումների առատությունը ընդդեմ լրատվամիջոցների, այս ամենում կան քաղաքական պատվեր կատարելու դրսեւորումներ», - ասաց Մելիքյանը:

Մի քանի ամսից կլրանա 10 տարին, ինչ «Ա1+»-ը եթերում չէ: Հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ասաց, թե հույսը չի կորցրել, որ մի օր կրկին իր ղեկավարած հեռուստաընկերության տարբերանշանը կտեսնի եթերում:

«Որովհետեւ մենք հակված ենք հավատալուն նրան, որ վերջի վերջո արդարություն գոյություն ունի, այս երկրում ի վերջո մենք չենք կորցրել դա: Բայց մյուս կողմից էլ սկսում ենք արդեն մտածել, որ միգուցե ոչ մի բան էլ չստացվի, հենց այդ պատճառով էլ մենք ուզում ենք պայքարը շարունակել, որ գոնե մեզ համար պարզենք` ինչ-որ բան փոխվե՞լ է այս երկրում, թե՞ ոչ», - ասաց Մովսեսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG