Մատչելիության հղումներ

«Տարոն Մարգարյանը կարող է լուծել մայրաքաղաքի առջեւ ծառացած խնդիրները»


Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարար Տարոն Մարգարյան
Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարար Տարոն Մարգարյան
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի որոշմամբ, նոյեմբերի 4-ին կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։

Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, նիստի օրակարգում Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամկետը սահմանելու մասին հարցն է:

Հիշեցնենք` երկուշաբթի երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստի ժամանակ կուսակցության եւ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմանզանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գործադիր մարմինը որոշումը կայացրել է միաձայն: Շարմազանովի խոսքով` Տարոն Մարգարյանը մեծ հեղինակություն է վայելում Երեւանի բնակիչների շրջանում, ժամանակին եղել է լավագույն թաղապետերից մեկը:

«Վերջին շրջանում նա իրեն արդարացրել է որպես քաղաքապետի առաջին տեղակալ, նաեւ ցույց տվեց, որ իր կերպարը համապատասխանում է պետական պաշտոնյայի այն չափանիշին, որի մասին մեր նախկին համագումարի ժամանակ խոսեց նախագահ Սարգսյանը, եւ ես կարծում եմ եւ համոզված եմ, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի մեր գործընկերների հետ միասին կարող է լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր մայրաքաղաքի առջեւ», - ասաց Շարմազանովը:

Նախկին քաղաքապետից դժգոհում էին մասնավորապես ապամոնտաժված եւ ապահմոտնաժման վտանգի տակ հայտնված կրպակատերերը: Թե ինչ է սպասվում այս հարցում, Շարմազանովն ասաց. - «Երբ նոր քաղաքապետի ընտրությունը լինի, նոր քաղաքապետը իր գործընկերների հետ միասին կներկայացնի այն առաջնահերթությունները, որոնք կան: Ես ընդամենը կարող եմ կուսակցական առումով ասել, որ կուսակցությունը գոհ է եղել նաեւ պարոն Կարեն Կարապետյանի աշխատանքից»:

Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ նոր քաղաքապետը իր բոլոր, այդ թվում` կոալիցիոն գործընկերների հետ կանի հնարավորը Երեւանի խնդիրներին դրական լուծում տալու համար:

Երեւանի ավագանիում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Երեւանի քաղաքապետի սեփական թեկնածուն առաջադրելու կամ չառաջադրելու հարցը դեռեւս պետք է քննարկվի ինչպես կուսակցության, այնպես էլ ավագանիում խմբակցության նիստում: Հարցին, թե չի բացառո՞ւմ, որ ԲՀԿ-ն քաղաքապետի պաշտոնի համար առաջադրի իր սեփական թեկնածուին, Գուրգեն Գասպարյանը պատասխանեց. - «Մենք նախորդ անգամ չենք ունեցել մեր թեկնածուն, իմ անձնական կարծիքով, ինձ չի թվում, որ հիմա էլ կունենանք, ուղղակի ես չեմ էլ կարող բացառել: Ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ կարող եմ բացառել: Դա քաղաքական որոշում է, որը պետք է կուսակցությունը կայացնի»:

Տարոն Մարգարյանի թեկնածության եւ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում նրա հետ համագործակցության վերաբերյալ Գասպարյանն ասաց, թե Մարգարյանի հետ արդեն բավականաչափ համագործակցել են ու նրա գործունեությունը միայն դրական են գնահատում: Կրպակների ապամոնտաժման շարունակման հավանականության անդրադառնալով` Գասպարյանն ասաց. - «Նախկին քաղաքապետի գործառույթների ժամանակ էլ մենք պաշտոնապես հայտարարել ենք, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ինչ դիրքորոշում է ունեցել կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Մեր խմբակցության անդամների հետ գրեթե 200 կրպակատերերի հետ ենք հանդիպել, պրոբլեմը հասկացել ենք, իրենցից դիմում-բողոք ենք ստացել` ի դեպ արդարացի: Մենք կրպակատերերի, ընդհանրապես մանր եւ միջին բիզնեսին կողմնակից ենք, ուղդակի էլ ով էլ լինի քաղաքապետը, եթե նման դիրքորոշում կունենա, մեր խոսքը նորից կասենք»:

Տարոն Մարգարյանը համարվում է նոր քաղաքապետի ամենահավանական թեկնածուն: Օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որոնց ժամանակ թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին, տվյալ դեպքում` մեծամասնություն կազմող Հանրապետականին:

please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG