Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը չի հրաժարվել արտահերթ ընտրությունների հասնելու ծրագրերից


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով` «մեծ երեւակայություն» է պետք եզրակացնելու, որ Կոնգրեսը հրաժարվել է արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանություն ձեւավորելու ծրագրերից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցնելով, որ ՀԱԿ-ը խնդիր է հռչակել հրաժարական պարտադրել Սերժ Սարգսյանին` Զուրաբյանն ընդգծեց, որ իրենք նպատակ չունեն գործընթացը հետաձգել մինչեւ Ազգային ժողովի հերթական ընտրությունները:

Հրաժարականին հասնելու ուղիները, նրա խոսքով, արդեն նախանշված են. քաղաքական ճնշման ճանապարհը` համաժողովրդական ճնշման ալիքը հզորացնելով, եւ Սահմանադրությամբ նախատեսված իմփիչմենթի ընթացակարգը, որին հնարավոր է հասնել Ազգային ժողովի անհատ պատգամավորների հետ աշխատանքի արդյունքում:

«Քանի որ մենք խնդիրը չենք ուզում հետաձգել մինչեւ Ազգային ժողովի հերթական ընտրությունները, մենք խնդիրը այսօրվանից դնում ենք», - ասաց նա` հավելելով, որ պատգամավորները կարող են սկսել Սահմանադրության 57-րդ հոդվածով նախատեսված իմփիչմենթի գործընթացը: Ըստ այդմ` Ազգային ժողովը կարող է նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում կայացնել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` եթե կա Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացությունը:

Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող կոալիցիան կարող է սկսել նման գործընթաց, Զուրաբյանը արձագանքեց. - «Խոսքը գնում է ընդվզման ալիքի մասին: Այո, երբ Հայաստանում ստեղծվի համապատասխան քաղաքական մթնոլորտ, կոալիցիան վազելով է գալու քննարկելու այդ հարցը մեզ հետ: Մի մոռացեք, որ 88-ի շարժման ժամանակ էլ, թեեւ կոմունիստները ունեին բացարձակ մեծամասնություն պառլամենտում, բայց համապատասխան քաղաքական իրավիճակում Գերագույն խորհուրդը քվեարկեց հօգուտ այն որոշումների, որոնք պարտադրվում էին խորհրդարանից դուրս գտնվող Հայոց համազգային շարժման կողմից»:

Իսկ եթե ՀԱԿ-ին հիմա չհաջողվի ստանալ պատգամավորների աջակցությունն ու հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, ապա, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է նշել վերջին հանրահավաքում, Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որ առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով ի վիճակի լինի բարձրացնել Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը:

Եվ քանի որ նման ծանրակշիռ ներկայությունը հնարավոր է միայն օրինական ընտրությունների միջոցով, Տեր-Պետրոսյանը անհրաժեշտ է համարում այսօրվանից եւեթ լրջորեն զբաղվել առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման հարցերով:

Այս կապակցությամբ Զուրաբյանը ասաց. - «Մենք բոլոր քաղաքական ուժերին ներկայացրել ենք ծրագիր: Եթե իրենք պատրաստ են միանալ այդ ծրագրին` շատ լավ: Իսկ եթե պատրաստ չեն, դա էլ իր արդյունքը ունի, որովհետեւ այն քաղաքական ուժերը, որոնք չեն ցանկանում արդար ընտրությունների շուրջ համագործակցություն, իրականում իրենց դիմակն են պատռում եւ ցույց են տալիս, որ սպասարկում են ռեժիմի շահերը»:

Իշխող ՀՀԿ-ն, մինչդեռ, համոզված է, որ ՀԱԿ-ը գնում է հերթական խորհրդարանական ընտրությունների:

Կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կոնգրեսի հանրահավաքները «նախընտրական» բնորոշեց, իսկ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները` «քարոզչություն»:
please wait

No media source currently available

0:00 0:06:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG