Մատչելիության հղումներ

Կոնգրեսը չի բացառում մասնակցությունը հերթական ընտրություններին


ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօրվա հանրահավաքում աջակիցներին կոչ արեց «լրջորեն զբաղվել առաջիկա ընտրությունների օրինականության» հարցով։

«Անզեն աչքով իսկ նկատելի է, որ Հայաստանի ներքաղաքական պայքարը թեւակոխում է վճռական, այն է՝ նախընտրական փուլ։ Հայ ազգային կոնգրեսն, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզանից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման», - դիմելով Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած բազմամարդ հանրահավաքի մասնակիցներին՝ հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Կոնգրեսի առաջնորդը չբացառեց, որ հակառակ գործադրված բոլոր ջանքերին, առաջիկայում հնարավոր է եւ չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, քանի որ «քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ», ուստի այդ պարագայում, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Կոնգրեսը պետք է ձգտի Ազգային ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով, ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու Սերժ Սարգսյանի «պաշտոնանկության, կամ այլ կերպ ասած, իմփիչմենթի հարցը»:

«Անկախ, սակայն, իրադարձությունների անկանխատեսելի զարգացումից, քանի որ ասվեց, որ երկրի քաղաքական կյանքն արդեն թեւակոխել է նախընտրական փուլ, մենք պարտավոր ենք այսօրվանից եւեթ լրջորեն զբաղվել առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման մեխանիզմների կատարելագործման հարցով», - հավելեց ՀԱԿ-ի առաջնորդը՝ հիշեցնելով, որ դեռեւս իշխանության հետ սկսված երկխոսության շրջանակում Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունն առաջարկել էր այդ մեխանիզմներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների եւ այլ միջոցառումների մի ամբողջական փաթեթ՝ «առանց որոնց իրականացման պարզապես անիմաստ է խոսել երբեւէ Հայաստանում օրինական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին»:

Իր ելույթի զգալի մասը նվիրելով ՀԱԿ-ի առաջարկած օրենսդրական փոփոխություններին՝ Տեր-Պետրոսյանը հավաստիացրեց, որ Կոնգրեսի նպատակը «ոչ թե սոսկ իշխանության հասնելն է, այլ արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորումը» եւ պատրաստակամություն հայտնեց այդ պարագայում առաջինը շնորհավորել հաղթողին։

Հայտարարելով, որ ընդդիմադիր Կոնգրեսը իր երեքուկես տարվա պայքարում վստահ է եղել, որ «իշխանական մոնոլիտը վաղ թե ուշ ճաքեր է տալու», ՀԱԿ առաջնորդը դրա ակնհայտ արտահայտությունը համարեց պետական ապարատում եւ իշխող կոալիցիայի ներսում վերջերս ծագած լուրջ տարաձայնությունները:

«Խորացման պարագայում դրանք կարող են արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ ընդդիմադիր դաշտի ընդլայնման նոր հորիզոններ բացել: Իսկ որ այդ ճաքերը խորանալու են` բացարձակապես մի կասկածեք: Այս հրաժարականներին շատ շուտով հետեւելու են բազմաթիվ այլ պաշտոնանկություններ, խայտառակ պաշտոնանկություններ, բանը կարող է նույնիսկ հասնել տուրուդմփոցի, որովհետեւ արդեն սա խորտակվող իշխանություն է, իսկ խորտակվող իշխանության խնդիրը մեղավորներ փնտրելն է հենց իրենց ներսում »,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հավաստիացնելով, որ առաջիկա ամիսները Կոնգրեսը նվիրելու է «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսը ողջ ժողովրդի համոզումը դարձնելու խնդրին՝ օգտագործելով քարոզչական բոլոր հնարավորություններն ու քաղաքական պայքարի մնացյալ օրինական միջոցները, Լեւոն Տեր-Պետրոսյանը եզրափակեց - «Սերժ Սարգսյանի կառավարման յուրաքանչյուր օրը մեր երկիրը քայլ այլ քայլ մոտեցնում է անխուսափելի կործանման, ուրեմն` կամ Սերժ Սարգսյանը պիտի կործանվի, կամ` երկիրը, սա է, ուրիշ ընտրություն չկա: Մենք մտնում ենք քաղաքական պայքարի մի դինամիկ շրջան, որը մեր նպատակներին հասնելու նոր հնարավորություններ է ընձեռում։ Հայ ազգային կոնգրեսի խնդիրն է, արդ, ճշտորեն հաշվարկել իր քայլերը եւ առավելագույնս օգտվել այդ հնարավորություններից»:

Հանրահավաքում ելույթ ունեցան մի շարք այլ ընդդիմադիր գործիչներ։ Իր ելույթում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանի հեռացման համար մատնանշեց երկու ճանապարհ կամ գործընթաց. առաջինը` Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմամբ ժողովրդի ուղղակի ճնշումը ցույցերի, պիկետների «ահագնացող ալիքով», երկրորդ ճանապարհը` «Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացի հարուցումը Ազգային Ժողովում` անհատ պատգամավորների եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ համապատասխան աշխատանքով եւ ժողովրդական ճնշմամբ»: Զուրաբյանը չկոնկրետացրեց, թե ինչ նկատի ունի «անհատ պատգամավորների եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ համապատասխան աշխատանք» ասելով: Ի դեպ՝ Սահմանադրության 57-րդ հոդվածը սահմանում է, որ «Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան, այնուհետեւ սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Ազգային ժողովը կայացնում է նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:

ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը «ռեալություն» համարելով նախագահի հրաժարականի` ՀԱԿ-ի սկսած գործընթացը, դիմեց Հայաստանի բոլոր կոալիցիոն եւ ոչ կոալիցիոն ուժերին. - «Բոլոր քաղաքական ուժերը պարտավոր են կա՛մ աջակցել այս պրոցեսին, կա՛մ չաջակցել, բայց չարտահայտել իրենց կարծիքը չեն կարող: Տղամարդ եղեք եւ ասեք ձեր դիրքորոշումը` կամ կողմ եք հրաժարականին, կամ Սերժ Սարգսյանի հաճախորդն եք»:

Հանրահավաքն ավարտվեց երթով. ցուցարարները շարժվեցին Երեւանի կենտրոնական փողոցներով` հնչեցնելով նախագահի հրաժարականը պահանջող կոչեր:

ՀԱԿ հաջորդ հանրահավաքը կկայանա նոյեմբերի 25-ին, որի ժամանակ, ինչպես հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ավելի կորոշակիացվեն Կոնգրեսի գործողությունները:

please wait

No media source currently available

0:00 0:07:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG