Մատչելիության հղումներ

Empiray-ը նոր ձայնասկավառակ է թողարկել


Ռոք երաժշտության սիրահարները նոյեմբերի 3-ին Սունդուկյանի անվան թատրոնում կարող են ներկա գտնվել հայկական լավագույն ռոք խմբերից մեկի` Empiray-ի նոր ձայնասկավառակի շնորհանդեսին:

Նախորդ շնորհանդեսների նման այս մեկը եւս կանցկացվի համերգի ձեւով, որի ընթացքում կհնչեն նոր ձայնասկավառակի բոլոր ստեղծագործությունները:

Empiray-ը հիմնադրվել է 1994 թվականին Սարգիս Մանուկյանի եւ Կարեն Արզումանյանի կողմից: Սակայն ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էր խմբի հիմնադիր եւ վոկալիստ Սարգիս Մանուկյանը, խումբը ձայնասկավառակներ սկսեց թողարկել միայն այն ժամանակ, երբ 2007-ին լուծվեց սեփական ստուդիայի հարցը, թեեւ մինչ այդ տասնյակ ձայնագրություններ էին ունեցել տարբեր ստուդիաներում:

Խմբի երգերի երաժշտությունն ու տեքստը գրում են Empiray-ի անդամները` Կարեն Արզումանյանը եւ Գիսանե Պալյանը:

«Նոր ձայնասկավառակը իր մեջ ներառում է 11 ստեղծագործություն, որից երկուսը գործիքային են, 9-ը` վոկալով: Կոնցեպտուալ առումով մի փոքր տարբերվում է նախորդ երկու ձայնասկավառակներից: Առանց բացասական կամ դրական նշանակություն տալու կոմպրոմիս բառին, ասեմ, որ այս ձայնասկավառակում կոմպրոմիսը մի քիչ ավելի քիչ է: Խոսքս հայաստանյան երաժշտական միջավայրի հետ կոմպրոմիսի մասին է: Այն կոմպրոմիսները, որ կային առաջին երկու ձայնասկավառակում, այստեղ մինիմումի են հասցված», - ասաց Սարգիս Մանուկյանը:

Հայկական երաժշտական միջավայրին անդրադառնալով` Մանուկյանն ասում է. - «Ցավոք, մեր երաժշտական միջավայրը ուղիղ համեմատական է մեր երկրի, մեր հասարակական վիճակի հետ: Չէր կարող մեր երաժշտությունը լինել շատ զարգացած, կամ եթերում հնչող երաժշտությունը շատ լավը, բայց տնտեսությունը լիներ սարսափելի վիճակում»:

«Բայց Հայաստանում կա լավ երաժշտություն սիրողներ, լավ երաժշտություն ստեղծող զանգված, որոնք մի օրգանիզմի նման իրար հետ աշխատում են, մենք մեր հանդիսատեսի էներգիայից գոնե տարին մի քանի անգամ դահլճներում զգում ենք, որ այդ հանդիսատեսին ուրիշ դահլիճներում չենք տեսնի», - շարունակում է խմբի վոկալիստը:

Ձայնասկավառակում տեղ է գտել հասարակությանը հուզող թեմաներից մեկի` արտագաղթի մասին երգ:

«Կարծում եմ` ամենամեծ վտանգը, որ այսօր սպառնում է մեր պետականությանը, մեր երկրին, չեմ ուզում ուրիշ ավելի էժան բառեր օգտագործել, որովհետեւ պետականությունն ու հայրենիքը ոչ մի կերպ չեն զուգահեռվում... քաղաքականություն, իշխանություն, ընդդիմություն.. այդ բառերի հետ հայրենիքը հավերժական գաղափար է, պետականությունը այդ հայրենիքում ապրող ժողովրդի գիտակցության արդյունք պիտի լինի: Մեր պետականությանը սպառնացող ամենամեծ վտանգը այսօր [արտագաղթն է], ինչքան էլ մենք փորձենք մեզ հույս տալ, որ սարսափելի չափերի չի հասնում, որովհետեւ կարծում եմ, այդպիսի մարդ չկա, որ ամեն օր չլսի, որ ինչ-որ մեկը գնաց երկրից», - ցավով նշում է Մանուկյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG