Մատչելիության հղումներ

Մեծամորի ատոմակայանը չի վնասվել Թուրքիայի երկրաշարժից


Հայաստանի կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության պետական կարգավորման կոմիտեն հերքում է երկրաշարժի արդյունքում Մեծամորի ատոմակայանից արտահոսքի մասին տեղերությունները:

Նման տեղեկատվություն տարածել էր թուրքական «Զաման» թերթը` հղում անելով Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությանը: Մասնավորապես, «Զաման»-ը գրում է, որ ստացված տեղեկատվության համաձայն` նախօրեին Արեւելյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը։ Թերթը նաեւ գրում է, որ չնայած ռադիացիայի արտահոսքը այնքան էլ մեծ չէ. սակայն այն հասել է Թուրքիայի սահմանին գտնվող ռադիացիայի չափման կայաններին: Ըստ «Զաման»-ի¸ նախնական արդյունքներով ռադիացիայի աստիճանը թույլատրելի նորմայից շատ քիչ է բարձր, եւ առայժմ այն մարդուն եւ միջավայրին սպառնալիք չի ներկայացնում:

Մինչդեռ ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, Միջուկային անվտանգության պետական կարգավորման կոմիտեն եւ Հայաստանի ատոմական էլեկտրակայանը հայտարարում են, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ հայկական ատոմակայանի արտադրական տարածքում ցնցումը եղել է ընդամենը 3 բալ, որը «ՀԱԷԿ-ին որեւէ վնասվածք պատճառել չէր կարող»:

«Ինչպես մինչեւ երկրաշարժը, այնպես էլ երկրաշարժից հետո հայկական ատոմակայանի անվտանգությունը գտնվում է միջազգային չափանիշներով եւ կանոններով սահմանված մակարդակի վրա, եւ որեւէ արտահոսքի մասին խոսք անգամ լինել չի կարող», - փոխանցում է կոմիտեն:

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից Մեծամորի ատոմակայանի վնասվելու մասին տեղեկությունները հերքեց նաեւ
Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը` ասելով, որ նման բան չկա, եւ «3-4 բալը ատոմակայանի վրա ազդել չէր կարող»:

Ատոմակայանի վնասվելու մասին տեղեկությունները անհիմն համարեց նաեւ Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն պետ Հրաչյա Պետրոսյանը: Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա թուրքական մամուլի տեղեկությունները որակեց «անհիմն եւ սուտ»:

«Որեւէ վտանգ լինել չի կարող, քանի որ էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը եղել 9-10 բալ, բայց Հայաստանի տարածքում ուժգնությունը եղել է 3-5 բալ: Ատոմակայանի հեռավորությունը երկրաշարժի էպիկենտրոնից մոտ 160 կմ է: Ոչ միայն ատոմակայանում, այլ նաեւ Հայաստանի տարածքում որեւէ բնակավայրում որեւէ շենք եւ շինություն չի վնասվել: Նույնիսկ եթե ընդունենք, որ ատոմակայանի տարածքում ուժգնությունը հասել է 9 բալի, չնայած այդպես չէ, այնտեղ եղել է 3-4 բալ, միեւնույն է` ատոմակայանը հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար, եւ նման տեղեկատվությունը բացարձակ անհիմն է եւ սխալ», - ասաց Պետրոսյանը:

Նշենք, որ կիրակի Թուրքիայում տեղի ունեցած 7 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժի ալիքը հասել էր նաեւ Հայաստան: Ըստ Սեյսմիկ ծառայության` Հայաստանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է մինչեւ 5 բալ: Երկրաշարժից հետո գրանցվեցին նաեւ հետցնցումներ. Երեւանի տարբեր թաղամասերում խուճապային իրավիճակ էր, մարդիկ անգամ լքել էին բնակարանները: Խուճապն էլ ավելի էր մեծացրել ինֆորմացիայի պակասը: Ուշագրավ է, որ երկրաշարժի մասին առաջին տեղեկատվությունը հայտնվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որտեղ մարդիկ միմյանց խորհուրդ էին տալիս ինչ անել, որտեղ առավել անվտանգ պատսպարվել եւ այլն:

Այսօր Երեւանի փողոցներում անցկացրած հարցումների ժամանակ երեւանցիները նշում էին, որ երկրաշարժը առավել շատ զգացել էին բազմահարկերում: Շատերը ցնցման ժամանակ չեն էլ հասկացել, թե ինչ է կատարվում:

Երեկվա երկրաշարժից հետո հետցնցումները շարունակվել են նաեւ անցած գիշեր եւ այսօր առավոտյան, ինչը հաստատեց նաեւ Հայաստանի Սեյսմիկ ծառայության տնօրենը` նշելով, որ դրանք ավելի քիչ ուժգնություն են ունեցել, քան հիմնական երկրաշարժը:
Հարցին, թե կա՞ վտանգ, որ նորից ուժեղ ցնցում լինի, Հրաչյա Պետրոսյանը պատասխանեց. - «Բացառել այդ վտանգը ոչ ոք չի կարող, քանի որ մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որը սեյսմակտիվ է: Քանի որ արդեն եղել է ուժեղ ցնցում, մենք կարծում ենք, որ մեկ այլ ուժեղ ցնցումի հավանականությունը բավականին փոքր է»:

please wait

No media source currently available

0:00 0:06:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG