Մատչելիության հղումներ

Ձիու հետ շփումը դրական ազդեցություն ունի


Թինան սովորում է 12-րդ դասարանում: 5 տարի առաջ որոշեց, որ ազատ օրերից մեկը տրամադրելու է ձիով զբոսանքին: Եկավ ձիարշավարան, ընտրեց իրեն դուր եկած նժույգն ու փորձեց հեծնել: Առաջին անգամ մի կերպ բարձրացավ, նստեց, բայց թամբի հետեւը:

Հետո որոշեց, որ լրջորեն է զբաղվելու ձիասպորտով: Նույնիսկ սկսնակների` D կարգի մրցումներին շահեց առաջին, երկրորդ մրցանակները: Հայրն էլ դստերը նվիրեց Ախլտկենյան ցեղատեսակի նժույգ` բերված Վրաստանից: Թինան էլ անունը կնքեց Միռվարի` ձիու հոր եւ մոր անունների միավորումից:

Այսօր Թինան ձիասպորտով չի զբաղվում ժամանակի սղության պատճառով. պարապում է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը ընդունվելու համար եւ ստիպված ձիասպորտով զբաղվելը վերածվել է հոբիի:

«Փորձում եմ ամեն օր գալ, թեկուզ նրան զբոսանքի տանելու համար: Մաքրում եմ: Հետո ամեն անգամ, երբ իրան աշխատացնում եմ, վազեցնում եմ ու հրահանգները կատարում ա, անպայման պարգեւատրում եմ շաքարով կամ խնձորով», - ասում է Թինան:

Թինան պատմում է, որ կան բաներ, որ Միռվարիին դուր չեն գալիս, ու նա դա պահվածքով միանգամից արտահայտում է: Ասում է` իր ձին խառնվածքով է, բայց եւ շատ բարի:

«Երբ իրա հետ կոպիտ ես, նեղանում ա ու չի թողնում, որ սիրես: Ինչքան էլ որ չափսերով մեծ են, բայց շատ նուրբ են ու վախկոտ: Հետո հավատարիմ ա, որ ընկնում եմ վրայից, կանգնում ա կողքս, մինչեւ բարձրանամ: Հաճախ էլ ուղղակի պարապմունքներն ու զբոսանքը վերածվում են խաղի, որովհետեւ այդպես որոշել է իմ նժույգը: Հրահանգներս չի կատարում, տրճիկ ա տալիս ու սկսում ա լկստվել, արդյունքում վրայից ընկնում եմ», - պատմում էր Թինան:

Մարզիչ Վաչիկ Մնացականյանն արդեն 30 տարի զբաղվում է ձիասպորտով: Մնացականյանը ձիու բնավորությունը նմանեցնում է երեխայի բնավորությանը: Ասում է, որ ձիերը պահանջում են նուրբ վարվելաձեւ ու եթե ձին հարվածում է, ուրեմն պատճառներ ունի:

Մարզիչը նշում է, որ ձիուն կառավարելու լավագույն տարբերակը ձիու հետ ընկերանալն է:

«Եթե ձին քացի ա տալիս, դա իրա վախն ա, տարածքում ինչ-որ բան նկատել ա կամ մարդն իրան նեղություն ա տալիս, ցավ ա պատճառում, դրա համար էլ չի թողնում, որ նստի: Ձիու նկատմամաբ պետք ա միշտ բարի լինել, եթե նրան սիրեցիր, ինքը քեզ սիրեց, քո համար ամեն ինչ կանի», - ասաց Մնացականյանը:

Թինան ձիուն համարում է իր լավագույն ընկերը ու խոստովանում է, որ հիմա ավելի շատ է ձգտում այցելել նրան, քանի որ դասերից, առօրյա վազքից ու աղմուկից կտրվելու եւ հոգեպես հանգստանալու լավագույն միջոցն իր համար Միռվարիի հետ շփվելն է:

Աշխարհում գոյություն ունի հիպոթերապիա հասկացողությունը, այսինքն` թերապիա ձիերի միջոցով: Հասմիկ Հովհաննիսյանն արդեն մի քանի տարի է թողել է լրագրողի իր մասնագիտությունն ու զբաղվում է հիպոթերապիայով: Երեք երիտասարդ ընկերներով ուսումնասիրել են ոլորտը, համաշխարհային փորձը եւ կարեւորելով հասարակության կյանքում թերապիայի այս տարբերակը` Հայաստանում հիմնել են Հիպոթերապիայի եւ ձիասպորտի ասոցիացիա: Հասմիկը նշում է, որ բոլոր կենդանիներն էլ էներգետիկ ազդեցություն ունեն մարդու վրա, սակայն ամենաուժեղը ձիերինն ու դելֆիններինն է:

Անընդհատ աղմուկ, սթրեսներ, վազք. սա քաղաքում ապրող մարդկանց կենսակերպն է, նշում է Հասմիկն ու ավելացնում, որ նյարդերը հանգստացնելու համար հիպոթերապիան շատ կարեւոր է հատկապես քաղաքում ապրողների համար:

«Ձին էմոցոնալ եւ հոգեբանական առումով հանգստացնում է նյարդային համակարգը, սնուցում է ուղեղը, արյան շրջանառությունն է լավացնում: Էմոցոնալ ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն հենց էմոցոնալ շփմամբ ու էներգետիկ դաշտով, այլեւ ֆիզիկական ազդեցությամբ, որն ունի ձին մարդու վրա: Այսինքն ինչպես է լինում, որ առավոտյան գնում ես վազելու կամ տրինաժորների վրա, կամ թենիս խաղալիս էներգիա, ադրենալին ես ստանում: Ձին դա տալիս է հարյուրապատիկ ավելի, որովհետեւ ձիու վրա աշխատում են բոլոր մկանները, ձիու վրա ադրենալինի զգացողությունը բոլորովին ուրիշ է», - ասում է Հասմիկը:

please wait

No media source currently available

0:00 0:06:11 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG