Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ում չեն հաստատում նախագահի՝ նոյեմբերի սկզբին Վրաստան կատարելիք այցը


«Իմ ունեցած տեղեկություններով, նոյեմբերի առաջին կեսին հանրապետության նախագահի օտարերկրյա այց նախատեսված չէ», - այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցին՝ արդյոք ուղեկցելո՞ւ է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախագահ Սերժ Սարգսյանին նոյեմբերի սկզբին Վրաստան կատարելիք այցի ժամանակ:

Հայաստանի նախագահի՝ նոյեմբերի սկզբին Վրաստան կատարելիք եռօրյա այցի մասին հոկտեմբերի 18-ին հայտարարել էր Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջղալաձեն։ Հայկական կողմը այդ տեղեկատվությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատել։

Ներկայացնելով առաջիկայում Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային օրակարգը՝ Տիգրան Բալայանը հայտնել է, որ նախարարը հոկտեմբերի 23-25-ը կուղեկցի Սերժ Սարգսյանին Ռուսաստան կատարելիք պետական այցելության ընթացքում, հոկտեմբերի 26-ին Երեւանում կբացի Հայաստան - Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 7-րդ լիագումար նիստը, նույն օրը կմասնակցի Երեւանում կայանալիք ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի բացմանը եւ կընդունի Փարիզի քաղաքապետին, հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում կստորագրի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը», հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կլինի Բեռլինում, իսկ հոկտեմբերի 29-ին Փարիզում ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG