Մատչելիության հղումներ

Ուիլյամ Բըրնս. «Մենք ընդհանուր նպատակներ ունենք տարածաշրջանում»


ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնս
ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնս
Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսը հինգշաբթի Երեւանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ վերահաստատում է ԱՄՆ-ի հանձնառությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ղարաբաղյան հակամարտության կողմերին տեւական եւ խաղաղ լուծմանն աջակցելու հարցում:

«Մենք բարձր ենք գնահատում նաեւ Հայաստանի հանձնառությունը` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք պաշտպանում ենք նաեւ հայ-թուրքական արձանագրությունները եւ հույս ունենք, որ դրանք կվավերացվեն երկու երկրների կողմից», - ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարը:

Բըրնսը հայտարարեց, թե պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում սա իր առաջին այցերից մեկն է, ինչը բնութագրում է նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղարի եւ Միացյալ Նահանգների ողջ կառավարության վերաբերմունքը Հայաստանի հետ հարաբերությունների եւ առաջիկայում դրանց խորացման հարցում:

«Մենք ընդհանուր նպատակներ ունենք տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների խորացման ոլորտներում», - ասաց առաջին փոխպետքարտուղար Բըրնսը` հույս հայտնելով, որ գալիք ժամանակաշրջանում երկու երկրների հարաբերությունները ծաղկում կապրեն:

Պետքարտուղարի տեղակալը տեղեկացրեց, որ նախօրեին արդյունավետ եւ հետաքրքիր հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Իսկ այսօր, ես հանդիպում ունեցա նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության գործի նվիրյալ առաջնորդների հետ», - ասաց Ուիլյամ Բըրնսը:

Պետքարտուղարի առաջին տեղակալը նշեց, որ իր հանդիպումների ընթացքում քննարկել է տնտեսական գործընկերության, անվտանգության ու կայունության, ինչպես նաեւ բաց եւ համակողմանի քաղաքական գործընթացների ամրապնդման հնարավորությունները:

Բըրնսը նշեց, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում նաեւ Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղարար ուժերի կազմում` Կոսովոյում եւ Աֆղանստանում:

«Մենք մեծապես գնահատում ենք հայկական ստորաբաժանման թվակազմի ավելացումը Աֆղանստանում», - հատուկ ընդգծեց փոխպետքարտուղար Բըրնսը:

Անդրադառնալով տնտեսությանն առնչվող հարցերին` Բըրնսը նշեց. - «Փաստ է, որ կոռուպցիան խոչընդոտում է տնտեսությանն զարգացմանը: Մենք շարունակում ենք հանձնառու մնալ Հայաստանի հետ այս ոլորտում աշխատելու եւ բարեփոխումներին նպաստելու հարցում: Մասնավորապես, մենք Հայաստանին քաջալերում ենք բիզնես միջավայրը բարելավելու հարցում, ինչը կհանգեցնի մեր երկրների միջեւ առեւտրի եւ ներդրումների ծավալների մեծացմանը»:

Բըրնսը ասաց, որ իր հայաստանյան հանդիպումների ընթացքում քննարկել է նաեւ Հայաստանի առաջիկա ընտրությունների հետ կապված հարցեր:

«Մենք քննարկեցինք առաջիկայում ազատ եւ արդարացի ընտրությունների ապահովման հետ կապված հարցեր: Սա չի վերաբերում միայն քվեարկության օրը տեղի ունենալիք իրադարձություններին, այլ վերաբերում է այն ամենին, ինչը տեղի է ունենալու ժողովրդավարական գործընթացների լայն համատեքստում», - ասաց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը:

Ուիլյամ Բըրնս. «Մենք ընդհանուր նպատակներ ունենք»
please wait

No media source currently available

0:00 0:06:24 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG