Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն փաստաթուղթ կհրապարակի 2008-ի մարտի 1-ի գործի քննության վերաբերյալ


Հատուկ քննչական ծառայության մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան
Հատուկ քննչական ծառայության մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյան
Չորեքշաբթի Հատուկ քննչական ծառայության մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը փաստաթուղթ կհրապարակի 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների գործի քննության վերաբերյալ: Նա հավելեց, որ անհրաժեշտության դեպքում դա կարող է լինել մինչեւ տարեվերջ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերի 5-ի լիագումար նիստում ընդունված 1837 բանաձեւում Վեհաժողովը, իր մտահոգությունը արտահայտելով «2008-ի մարտիմեկյան իրադարձություններում 10 հոգու մահվան հանգամանքների քննության գործընթացում արդյունքների բացակայության առնչությամբ», միաժամանակ ամրագրել էր, որ «10 հոգու մահվան համար անհատական պատասխանատվության հարցը լուծելու հնարավորություն չունենալու պարագայում պատճառները պետք է լիարժեքորեն բացատրվեն քննչական մարմնի զեկույցում», եւ որ «վերջնական կամ առնվազն միջանկյալ այդ զեկույցը անհրաժեշտ է հրապարակել մինչեւ 2011-ի վերջը»:

Արձագանքելով այս դրույթին` Վահագն Հարությունյանը նշեց. - «Զեկույցը քաղաքական մարմնի կողմից արվող ինչ-որ բան է: Նախաքննական մարմինը կարող է ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքի, ընթացքի, պատճառների եւ այլնի մասին, որը պարբերաբար արվել է: Այսինքն, եթե առանձին զեկույցը էլ կազմվի որոշակի փաստաթղթի ձեւով, այնտեղ նոր բան` որպես այդպիսին չի էլ կարող լինել, որովհետեւ այս գործի քննությունը, ըստ էության, առավել քան հրապարակային է կատարվել: Չկա մի բան, որ առայսօր չի հրապարակվել կամ պահվել է, եւ ենթական է նոր հրապարակման»:

Հարցին, թե կհրապարակվի միջանկյա՞լ, թե՞ վերջնական փաստաթուղթ, Վահագն Հարությունյանը պատասխանեց, որ «վերջնական» կամ «միջանկյալ» կարող են լինել քաղաքական մարմնի հրապարակած փաստաթղթերը: Նրա խոսքով` քրեական գործի նախաքննությունը որեւէ փաստաթղթի հրապարակմամբ չի կարող դադարել, կասեցվել կամ ավարտվել եւ դա նախաքննության ընթացքի վրա որեւէ կերպ չի կարող ազդել:

«Այս գործը կմնա այնքան, մինչեւ ոչ միայն սպանությունների հանգամանքների, այլ առհասարակ այդ օրերին տեղի ունեցած բոլոր հանցագործությունների դեպքերի բացահայտումը: Էջ քաղաքական գործիչը կարող է փակել, նախաքննությունը դադարում է, սկսվում է կամ ընթանում է Քրեական դատավարության սահմանված կարգով», - ասաց Հարությունյանը:

Մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման նախկին փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ-ն այս փաստաթղթով Հայաստանի իշխանություններին «ազատ շնչելու» հնարավորություն տվեց:

«Ես կարծում եմ, որ դա ամենահրեշավոր աջակցությունն էր եվրակառույցների կողմից մարտիմեկյան սաբոտաժին, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում: Սա խոսում է այն մասին, որ իրենք արդեն պատրաստ են ընդունել ցանկացած փաստաթուղթ, ցանկացած հիմնավորմամբ, ավելին` նրանք պատրաստ են ընդունել փաստաթուղթ, որի մեջ ոչինչ գրված չէ, դատարկ թուղթ: Դա հիմք կընդունեն, եւ կասեն իշխանությունները ամեն ինչ արեցին, բայց այդպես էլ չհաջողվեց որեւէ բացահայտման հասնելու», - ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է. - «Չգիտեմ` արդյունքում ո՞վ, ի՞նչ շահեց, բայց Հայաստանն ու ժողովուրդը պարտվեցին»: Նրա խոսքով` հանրությանն այսօր այլ ելք չի մնում, քան Ազատության հրապարակում հանրային դատ իրականացնելն ու վկաներին հրապարակավ հարցաքննելն ու վճիռներ կայացնելը: Դա, ըստ Քոչարյանի, աննախադեպ երեւույթ կլինի, բայց «այլընտրանք չկա»:

«Դա կոչվում է բնական իրավունքից օգտվելու հնարավորություն, եւ մեր ժողովուրդը այդ իրավունքից ուզի թե չուզի պետք է օգտվի, որովհետեւ, ըստ էության, իշխանությունները ցույց տվեցին, որ նրանք որեւէ ցանկություն չունեն օրենք կիրառելու, մեղավորներին ի հայտ բերելու եւ պատժելու առումով», - ասաց նախկին փաստահավաք խմբի անդամը եւ հավելեց. - «Եթե բոլոր դռները փակ են, ժողովրդին մնում է ինքն իր ձեռքի տակ ունեցած փաստերը հնչեցնի եւ իրականացնի իր դատը: Հանրային դատի արդյունքում հնչեցված մեղադրականները եւ դատավճիռները պետք է լինեն նույն կերպ, պետք է զեկույցի ձեւով ուղարկել եվրակառույցներին, թող մտածեն, թե իրենք ինչով են զբաղված են եղել եւ ինչ հրեշավոր գործընթացի մեջ իրենք նույնպես ներքաշվեցին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG