Մատչելիության հղումներ

Կամավորական փորձը` որպես աշխատափորձի դիտարկում


Երիտասարդ դերասան Արմեն Սարգսյանը մեկ ամսով մեկնել էր Նորվեգիա կամավորական աշխատանքի: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նա ասաց, որ այնտեղ գրեթե մասնագիտական աշխատանք էր կատարում:

Երիտասարդ դերասան Արմեն Սարգսյանը մեկ ամսով մեկնել էր Նորվեգիա կամավորական աշխատանքի: «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նա ասաց, որ գրեթե մասնագիտական աշխատանք էր կատարում` կամավորության սկզբունքով օգնում էր Նորվեգիայի թատրոններից մեկի նոր ներկայացման բեմադրմանը:

Արմենն ասում է` որպես ոլորտի մարդ դա իրեն հետաքրքիր էր. մեկ ամիս աշխատեց, ներկայացումը կայացավ, ինքն էլ վերադարձավ Հայաստան: Խոսելով մեկ ամսվա իր ձեռբերումներից` երիտասարդ դերասանը նշեց. - «Առաջինը շփվել եմ շուրջ 15 երկրների ներկայացուցիչների հետ, տեսել նրանց նիստ ու կացը: Քննում ես ինքդ քեզ, հասկանում ես քո մարդկային արժեքը: Ազգերի այդ խառնուրդի մեջ դու ես: Երկրորդը` մասնագիտությանդ մեջ զգում ես քո ունեցածը: Նայում ես` ինչում ես ուժեղ, ինչում` թույլ: Ուժերիս ներածին չափով վերցրել եմ փորձի մի ահռելի մաս ու բերել Հայաստան»:

Արմենը նշում է, որ վերադարձել է մասնագիտական մեծ պաշարով, աշխատում է որպես դերասան, հիմա էլ փորձում է տեսածն ու սովորածը կիրառել Հայաստանում: Միեւնույն ժամանակ նշում է, որ, այնուամենայնիվ, կամավորական այդ աշխատանքը` որպես աշխատանքային փորձ ներկայացնելով, գործ գտնել միեւնույն է չէր ստացվի:

«Մեր երկիրը մի քիչ «կտցրած» երկիր ա այն առումով, որ ով ուզում ես լինես քո մասնագիտությամբ, եթե գտնվել ես երկրից դուրս, ապա քեզ ուրիշ աչքերով են նայում ու կարեւոր չի, թե այնտեղ դու ինչ ես արել, ընդունում են. «Օ, դու դրսում սովորած ես արդեն»: Իսկ ինչ վերաբերում է կամավորությանը, ապա ոչ, ինչքան որ ես եմ նկատում, դիմացիններին դա չի էլ հետաքրքրում», - ասում է Արմենը:

Իսկ Աստղիկը կամավորական աշխատանքներին մասնակցել է ոչ մեկ անգամ ու ոչ միայն արտասահմանում: Աշխատել է հատուկ տիպի դպրոցում, հետո կամավորության սկզբունքով աշխատել մեկ այլ կազմակերպությունում. կամավորներով վերանորոգում էին աղքատ ընտանիքների բնակարանները: Աստղիկը լեզվաբան մանկավարժ է ու աշխատում է իր մասնագիտությամբ: Անդրադառնալով կամավորական աշխատանքների հանդեպ հայ գործատուների վերաբերմունքին` Աստղիկը հիշեց իր հետ պատահածը:

«Երբ ուզում էի ինձ ինչ-որ ձեւով ռեալիզացնել կամավորական աշխատանքում, մի մանկատան դուռը թակեցի, ինձ ասացին` ո՞ւր եք ուզում հետո գնալ այս թղթով: Ես ապշեցի, մտածում էին ի՞նչ թուղթ պետք է վերցնեմ, որ հետո ինչ-որ տեղ օգտագործեմ ի նպաստ ինձ: Ասացի, որ նույնիսկ մտադրություն չունեի ձեզնից թուղթ վերցնելու եւ ինչ որ տեղ ներկացնելու», - պատմում է Աստղիկը:

«Երիտասարդությունը շարժման մեջ» Եվրամիության երիտասարդական ծրագրի Հայաստանի ինֆորմացիոն ներկայացուցիչ Անահիտ Մինասյանը նշում է, որ կամավորությունը այսօր Հայաստանում որեւէ իրավական հիմքեր չունի, սակայն ավելի զարգացած երկրներում կամավորությանը մեծ տեղ է տրվում:

«Երիտասարդական ակումբների դաշնության» նախագահ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ երիտասարդներին կամավորական աշխատանքները տալիս են հնարավորություն ոչ ֆորմալ միջոցով հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու. այդ ուսուցման համար որեւէ մեկը վկայագիր չի ստանում, սակայն ձեռք է բերում այնքան գիտելիքներ ու տեղեկատվություն, որ չի կարող ձեռք բերել ֆորմալ կրթական համակարգում:

Մխիթարյանի կարծիքով` Հայաստանում կա անհրաժեշտություն այս խնդիրն օրենքով կարգավորելու:

«Տարիներ առաջ մեր մշակած նախագիծը, որը չընդունվեց Ազգային ժողովում, հավանության է արժանացել Երիտասարդական խորհրդարանի կողմից եւ մտել է Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկման: Եթե ընդունվի, սա կտա հնարավորություն, որ կամավորը խրախուսվի իր աշխատանքի համար եւ դա գնահատվի գործատուի կողմից համապատասխան վկայագրով կամ փաստաթղթով: Իսկ հիմա մեր օրենսդրությունը ցանկացած փոխհատուցում համարում է օրենքի խախտում: Այս փոքրիկ թերությունը որ շտկվի, հաստատ կմեծանա երիտասարդների թիվը, ովքեր ցանկություն կհայտնեն հասարակական ոլորտում ակտիվություն դրսեւորել, հմտություններ ձեռք բերել, սեփական տեսակետները ներկայացնել: Սա նաեւ օգտակար կլինի պետության համար», - կարծում է Մխիթարյանը:
please wait

No media source currently available

0:00 0:06:59 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG