Մատչելիության հղումներ

Ջոն Հեֆերնը հուսով է, որ դրական զարգացումները Հայաստանում կշարունակվեն


Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, 17-ը հոկտեմբերի, 2011թ.
Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, 17-ը հոկտեմբերի, 2011թ.
«Հուսով ենք, ու նաեւ միասին աշխատում ենք այն ուղղությամբ, որ 2012 եւ 2013 թվականերին Հայաստանում կայանալիք ընտրությունները դառնան երբեւէ եղածների մեջ լավագույններն ու ամբողջությամբ համապատասխանեն միջազգային չափանիշներին», - երկուշաբթի երեկոյան լրագրողների համար կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը:

ԱՄՆ-ի դեսպանն իր գոհունակությունը հայտնեց այն կապակցությամբ, որ նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրն իսկ հանդիպում է ունեցել իր հետ, որի ընթացքում Հեֆերնը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի ղեկավարին:

«Մենք շատ լավ հանդիպում ունեցանք, իսկ քիչ ավելի վաղ ես մեկ ուրիշ լավ հանդիպում էի ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ», - ասաց Միացյալ Նահանգների դեսպանը` հավելելով, որ իր հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ - ամերիկյան գործընկերության խորացման հեռանկարները երեք հիմնական ուղղություններով. դրանք են` տարածաշրջանային համագործակցությունն ու ինտեգրումը, առեւտրային երկկողմ հարաբերությունների ու ներդրումների միջոցով տնտեսական համագործակցության խորացումը, համատեղ աշխատանքը հայաստանյան առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։

Հեֆերնը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկա օրերին ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանելու Հայաստան: Երեքշաբթի օրն իսկ Հայաստանում կլինի սպառազինությունների վերահսկման հարցերով պատասխանատու փոխպետքարտուղար Ռոզ Գոտմելերը, իսկ մեկ օր անց երկկողմ խորհրդակցություններին մասնակցելու նպատակով Երեւան կայցելի Պետքարտուղարության թիվ երկու պաշտոնյան` պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսը:

Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ իր առաջին հանդիպմանը Ջոն Հեֆերնը պատասխանեց նաեւ մի քանի հարցերի: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` «ինչպե՞ս կգնահատեիք ղարաբաղյան գործընթացի ներկա փուլը», նորանշանակ դեսպանը, վերահաստատելով ԱՄՆ-ի դիրքորոշումը, պատասխանեց, որ այդ խնդրի կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների շարունակման մեջ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակում:

«Այս հարցով արդեն եղել են եւ առաջիկայում էլ սպասվում են նոր հանդիպումներ», - ասաց դեսպանը` ընդգծելով, որ դրանց ընթացքում շարունակելու են աջակցել Մինսկի գործընթացին։

Ի պատասխան Հայաստանի ներքաղաքական իրադրությանն առնչվող մի հարցի` դեսպան Հեֆերնը նշեց, թե Երեւանում Միացյալ Նահանգների նախորդ դեսպանից` Մարի Յովանովիչից տեղեկացել է, որ վերջին 6 ամիսների ընթացքում այս առումով երկրում կարեւոր առաջընթաց է արձանագրվել։ Նա հույս հայտնեց, որ գալիք ընտրություններին ընդառաջ` դրական զարգացումները կշարունակվեն:

«Միացյալ Նահանգները պատրաստ է ամենայն կերպ աջակցել այդ ճանապարհին», - հավելեց Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը։

Պատասխանելով տնտեսական համագործակցությանն առնչվող մի հարցի` ԱՄՆ-ի դեսպանը նշեց, որ Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ իր զրույցներում բավական երկար քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները:

«Մենք համաձայնեցինք, որ երկու կառավարությունները անելիք ունեն լավագույն բիզնես միջավայր ստեղծելու ճանապարհին: Առեւտրի եւ ներդրումների ոլորտում առանցքային է երկու երկրներում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ սերտորեն աշխատելու անհրաժեշտությունը` վերջիններիս համար ներդրումներ կատարելը հնարավոր դարձնելու նպատակով», - ասաց Հեֆերնը:

Նշենք, որ Ջոն Հեֆերնը մինչեւ վերջերս ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության փոխղեկավարն էր, իսկ մինչ այդ նա եղել է Ջակարտայում ԱՄՆ դեսպանության փոխղեկավար եւ քաղաքական հարցերով փոխպետքարտուղարի գործադիր օգնական:

please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG