Մատչելիության հղումներ

Հայաստանում գիտնականները ուշադրության կարիք ունեն


Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում 5 օր շարունակ արտասահմանից հրավիրված մասնագետները երիտասարդ հայ կենսաբանների համար դասախոսություններ են անցկացրել:

Սեմինարի մասնակիցներից Ռոքսաննա Զախարյանի խոսքերով, իր համար ամենամատչելի եւ կարեւոր թեման իմունային համակարգի հետ կապված դասախոսությունն է եղել:

Հովսեփյան Տիգրանը նշեց, որ սեմինարի ընթացքում այնպիսի հարցեր են քննարկվել, որոնց նա այնքան էլ հնարավորություն չի ունեցել առնչվել իր պրակտիկայի ընթացքում:

Հայ երիտասարդ կենսաբանների համար դասախոսություններ կարդալու համար Հայաստան եկած սփյուռքահայ մասնագետներից մեկը կենսաբան Հայկ Էսկանդարյանն էր: Նա ապրում եւ աշխատում է Փարիզում: Հետազոտում է մարդու օրգանիզմի համար վնասակար բակտերիաները:

«5-օրյա սեմինարը մասնակիցներին տեսական գիտելիքներ է տվել: Եղել են դասախոսություններ եւ հոդվածների քննարկումներ: Ծրագրում ենք կազմակերպել նաեւ պրակտիկ պարապմունքներ», - նշեց Հայկը:

Հիմնական խնդիրները սարքավորումներն ու նյութերն են, որոնք Հայաստանում չեն սինթեզվում` արտադրվում են արտասահմանում:

«Հետազոտությունների համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերման հարցը մասամբ լուծվում է սեմինարների ժամանակ հաստատված համագործակցությունների եւ կապերի ժամանակ», - նշում է Ռոքսաննան:

Երիտասարդ կենսաբաններից Արսեն Առաքելյանը նշում է, որ հայ գիտնականին պակասում է ուշադրությունը եւ աջակից կառույցներն ու կազմակերպությունները:

«Գիտական հայտնագործությունը եւ նորարարությունը արդյունք դարձնելու համար երկար ընթացք է պետք անցնել», - նշում է Արսենը եւ հավելում, որ գիտնականը չի կարող իր հայտնագործության ներկայացմամբ եւ PR-ով զբաղվել: «ՊետՔ է ստեղծել մի օղակ, որը կապ կհանդիսանա գիտնականի եւ գործարարի միջեւ»:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, Աննա Բոյաջյանը գիտնականների ամենամեծ խնդիրը գիտահետազոտական ինստիտուտների եւ բուհերի նյութատեխնիկական բազայի բացակայությունն է համարում:

«Էկոլոգիական փոփոխությունները եւ մի շարք այլ գործոններ պատճառ են հանդիսացել հիվանդությունների նոր դրեւորման», - նշում է Աննա Բոյաջյանը եւ հավելում, որ դրանք ի նպաստ մարդուն օգտագործելու համար գիտնականները պետք է փորձեր անցկացնելու հնարավորություն ունենան:

Ուղիղ հղում
XS
SM
MD
LG